Ճայ. ՀՀ Կենդանական աշխարհը

Անտառային կաչաղակ կամ ճայ (լատ.՝ Garrulus glandarius), ագռավների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք
Թևի վերին մեծ ծածկափետուրները երկնագույն են, սև շերտերով, առաջին կարգի թափահարող փետուրները՝ սև։ Մարմնի երկարությունը 34-35 սմ է, թևերի բացվածքը՝ 52-58 սմ, քաշը՝ 160 գ։ Ճակատը սպիտակավուն է, գագաթը՝ սև, մարմինը՝ բաց մոխրաշիկավուն, պոչը՝ սպիտակ։ Մարմինը խամրած վարդագույն է, գոտկատեղն ու ներքնապոչը՝ սպիտակ։ Գագաթը, բեղաշերտը, թափահարողները և պոչը՝ սև։ Թևերը կարճ են, կլորավուն, երկրորդայինները՝ սև՝ սպիտակ շերտով, թևավերևը՝ կապույտ ու սև զոլավոր հատվածով։ Սպիտակ գոտկատեղն ու թևի կապտավուն հատվածները հատկապես նկատելի են թռիչքի պահին։ Սովորաբար թաքնվում է ծառերի ու թփուտների սաղարթում։ Աղմկոտ է, ձայնը՝ կոպիտ, բարձր, ընդօրինակում է այլ թռչունների ձայները։ Թռչում է թևերի խոր ու անհավասար թափահարումներով։ Ընդունակ է տրամաբանական որոշ գործողությունների։ Ձմռանը կազմում է փոքր երամներ։ Բնակվում է սաղարթավոր անտառներում, ծառածածկ գետահովիտներում։

Սննդառություն
Սնվում է անողնաշարավորներով, մանր ողնաշարավորներով, պտուղներով։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի ընթացքում։ Էգի ընտրությունը կատարվում է արուների ոչ թեժ կռիվներում։

Բազմացում և զարգացում
Բույնը գավաթաձև է՝ բարակ ճյուղերից՝ ծառերի խիտ սաղարթում, կառուցում են էգն ու արուն։ Ձվերը լրիվ քանակով հայտնվում են ապրիլի վերջին, կրկնակի բնադրման դեպքում՝ հունիսի ընթացքում։ Դնում է 31 մմ տրամագծով, կապույտ՝ բաց դեղնադարչնագույն պտերով 3-6 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 16-17 օր։ Ձագերը հայտնվում են մայիսի 2-րդ կեսից, թռիչքին տիրապետողները բնից հեռանում են հունիսի 1-ին կեսից։ Երիտասարդներն ընտանեկան խմբից բաժանվում են հուլիս-օգոստոսին։ Կրկնակի բնադրման դեպքում բնից նոր դուրս եկած ձագեր են հայտնվում օգոստոսի սկզբին։ Թևի կապույտի և կոպիտ ագռավային ձայների շնորհիվ լավ ճանաչելի է դաշտային պայմաններում։

Տարածվածություն
Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայի հյուսիս–արևմուտքում, Ռուսաստանում, Ուկրաինայում՝ հիմնականում Ղրիմի, ինչպես նաև Կովկասյան անտառներում։

Հայաստանի Հանրապետության անտառներում և այգիներում հանդիպում է կովկասյան ճայը։ Սնվում է միջատներով ու թրթուրներով, հատապտուղներով, սերմերով, անտառներում՝ հիմնականում կաղինով, որը ձմռան համար թաղում է հողում և այդպիսով նպաստում կաղնու տարածմանը։

Վնասակար է. ոչնչացնում է այլ տեսակների (օրինակ՝ Խոսրովի անտառ արգելոցում՝ սև ցինի, փոքր շահնարծվի և ճուռակի) ձագերն ու ձվերը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում