Կռնչան բադ. ՀՀ Կենդանական աշխարհը

Կռնչան բադ, (լատ.՝ Anas platyrhynchos), բադերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին տեսք
Մարմնի երկարությունը 50-65 սմ է, թևերի բացվածքը՝ 81-98 սմ, կենդանի զանգվածը՝ 0,8-2 կգ արուի գլուխը կանաչ է, վզին կա սպիտակ օղակ, կուրծքը շիկակարմրավուն–դարչնագույն է, մեջքը՝ մոխրագույն։ Էգի մարմինը դարչնագույն է՝ սև խայտերով ու զոլերով կապտամանուշակագույն փետրահայելիով (դրանով տարբերվում է այլ բադերից), որն ակնառու է թռիչքի պահին։ Կտուցը տարբեր չափերի նարնջագույն ու սև հատվածներով է։ Բադերից ամենատարածվածն է, հաճախ՝ ընտանեցված։ Բնակվում է ջրային տարածքների հարևանությամբ տարբեր կենսամիջավայրերում։ Սնվում է ջրային բույսերով, անողնաշարավորներով, ձկներով, երկկենցաղներով։

Բնադրում
Հարսանեկան խաղերը՝ մարտի 1-ին կեսից մայիսի վերջը։ Բները կառուցում են մարտի վերջից մայիս։ Բույնը փոսիկ է (տրամագիծը՝ 26-33 սմ) կամ հարթակ՝ խոտերից, եղեգից ու աղվափետուրներից։ Բնադրում է գետնին։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի սկզբից մինչև հունիս։ Դնում է 57 մմ տրամագծով, մոխրավուն-կանաչ 7-13 ձու։ Թխսակալում է էգը՝ 26 օր։ Նորելուկ ձագերը բնից հեռանում են 12-16 ժանց։

Բնակություն
Կռնչան բադերը մեծ երամներ չեն կազմում, հաճախ հանդիպում են զույգերով կամ փոքր խմբերով (5-20 թռչուն)։ Վերջին տասնամյակների ընթացքում կռնչան բադերի թվաքանակը խիստ տատանվում է՝ կապված ՀՀ ջրաճահճային մակերեսների որակական փոփոխությունների (Գիլլի լճի չորացման, Սևանի մակարդակի տատանման, Արարատյան դաշտի արհեստական լճակների ծավալների կրճատման, բուսականության բացակայության, կենցաղային թափոններով աղտոտվածության) հետ։ Արարատյան դաշտում 1984-1894 թվականին թվաքանակը 1 միավոր տարածքի վրա կազմել է 0,6-0,002 թռչուն, Սևանի ավազանում 1965-1974 թվականի աշնանը և ձմռանը գրանցվել է 100-3800 թռչուն։ Սիրողական, մարզական և որսորդական թռչուն է՝ շատերի կողմից ճանաչված։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում