Լճագորտ. ՀՀ Կենդանական աշխարհը
Լճագորտ (լատ.՝ Rana ridibunda), գորտերի ընտանիքի անպոչ երկկենցաղ։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում է Rana կամ Pelophylax ցեղերին կամ ենթացեղերին։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 1, 1-17 սմ է։ Գլխի դիմային հատվածը բավականին սուր է։ Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր, մշտապես խոնավ։ Ունի լավ զարգացած թմբկաթաղանթ։ Հետևի վերջույթների լողաթաղանթները լավ են զարգացած։ Ներքին կրնկային թմբիկը բարձր է և կլոր։ Մեջքային մակերեսը մոխրագույնից-դեղնականաչավուն կամ կանաչ է, սովորաբար՝ ավելի մուգ (տարբեր երանգների, չափերի ու դասավորության) խալերով։ Մեջքի երկարությամբ հաճախ անցնում է բաց գույնի զոլ։ Քունքային մուգ գիծը բացակայում է։
Մարմնի ստորին մակերեսը սպիտակավուն կամ դեղնավուն է, հաճախ՝ բազմաթիվ մուգ բծերով։ Արուները տարբերվում են բերանի անկյուններին տեղադրված սպիտակավուն ձայնապարկերի առկայությամբ, որոնց միջոցով արձակում են բարձր կռկռոց։ Շերեփուկը խոշոր է, մարմինը վերևից՝ տանձանման, գորշամոխրագույն։ Մեջքային լողաթաղանթը լավ է զարգացած, կոր է՝ առանց նախշի։
Տարածվածությունը Հայասատանում
Հայաստանում տարածված է բոլոր մարզերում։ Հանդիպում է կանգուն և հոսող ջրավազանների ափամերձ գոտում, չոր ու շոգ նախալեռներից մինչև ցուրտ ու խոնավ լեռնային տարածքները։
Սննդառություն
Սնվում է մանր որդերով, փափկամարմիններով, հոդվածոտանիներով, երբեմն նաև մանր ողնաշարավորներով, շերեփուկները՝ դետրիտով, ջրիմուռներով, բարձրակարգ բույսերով, նաև ջրային կենդանիներով ու նրանց դիակներով։ Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբը՝ ջրավազանի հատակին՝ տիղմի մեջ թաղվելով։
Բազմացում և զարգացում
Զուգավորումն ու ձվադրումը տեղի են ունենում գարնանից ամառ՝ կախված միջավայրի ջերմաստիճանից։ էգը դնում է 3, 9-11, 5 հազար գորտնկիթ՝ գնդաձև կույտերի տեսքով, լավ լուսավորված վայրերում՝ 40-150 սմ խորության վրա։ Շերեփուկը ծնվում է 3-18 օր հետո։ Կերպարանափոխությունը տեղի է ունենում 50-95 օրականում։ Շերեփուկները կարող են ձմեռել։ Սեռահասուն է դառնում կյանքի 4 տարում։ Հաճախ խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակով, միսը՝ որպես սնունդ։