Սև մանգաղաթև. ՀՀ Կենդանական աշխարհը

Սև մանգաղաթև (Apus apus), մանգաղաթևների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Արտաքին կառուցվածք
Մարմինը երկարությունը 16-17 սմ է, թևերի բացվածքը՝ 42-48 սմ, կենդանի զանգվածը՝ 90-110 գ, փոքրամարմին է, բարեկազմ ու սրածայր թևերով։ Ընդհանուր գունավորումը սևավուն-դարչնագույն է, գագաթն ու կոկորդը՝ սպիտակավուն, փորը՝ մուգ։ Թափահարող փետուրներն ավելի բաց գույնի են։

Կենսակերպ
Կյանքն առավելապես անցկացնում է օդում, թևերի ոչ խորը և արագ թափահարումներն ուղեկցվում են հաճախակի կրկնվող երկարատև սահասավառնումներով։ Երամներն ականջ ծակող սուր ճիչերով թռչում են ժայռերի կամ բարձրահարկ շենքերի երկայնքով։ Բնակվում է ուղղաբերձ ժայռերում, գետաձորերում, քաղաքներում։

Սննդառություն
Սնվում է թռչող անողնաշարավորներով։

Բնադրում
Գարնանային վերադարձը (բարենպաստ պայմանների դեպքում)՝ մարտի 28-30-ին (կարող է ձգձգվել 5-20 օր)։ Ձյան տեսքով տեղումների դեպքում հետ են չվում դեպի հարավ, վերադառնում են եղանակը կարգավորվելիս։ Չուի ընթացքում մեծ գոհեր են տալիս։ Բնադրագույգերը ձևավորվում են ապրիլի կեսերին։ Բնի կառուցումն ավարտվում է 8 օրում։ Բույնը գավաթաձև է՝ բույսերից։ Բնադրում է պատերի կամ ժայռերի ճեղքերում։

Բազմացում և զարգացում
Ձվերը բներում հայտնվում են 2-3 օրվա ընթացքում։ Դնում է 25 մմ տրամագծով, սպիտակ 2-4 ձու։ Թխասկալում են էգը և արուն՝ 11-16 օր։ Հաճախ կերի պակասության ու ցրտի պայմաններում ձագերի մարմնի ջերմաստիճանը նվազում է մինչև 20 °C, և նրանք հայտնվում են թմրածության վիճակում (կյանքի բոլոր նշանները կտրուկ նվազում են), որը կարող է շարունակվել 9-12 օր։ Այս հանգամանքը թույլ է տալիս ծնողներին բացակայել բնից՝ կերով հարուստ վայրեր փնտրելու։ Ձագերի թռիչքը բնից՝ կյանքի 33-56-րդ օրը։ Աշնանային չուն՝ օգոստոսի 1-ին տասնօրյակին։ Որոշակի դեր ունի արյունածուծ միջատների (մոծակներ, մժեղներ) ոչնչացման գործում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում