Սրականջ գիշերաչղջիկ. ՀՀ Կենդանական աշխարհը
Սրականջ գիշերաչղջիկ (լատ.՝ Myotis blythi), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։
Տարածվածությունը
Արեալն ընդգրկում է Հարավային Եվրոպան, Արևմտյան Ուկրաինան, Մոլդովան, Ղրիմը, Կովկասը, Հյուսիսային Աֆրիկան, Առաջավոր, Փոքր և Կենտրոնական Ասիան, Իրանը, Աֆղանստանը։
Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է կիսաանապատներից մերձալպյան գոտի (2350 մ բարձրություններում)։ Արցախում հայտնի է համարյա բոլոր լանդշաֆտային գոտիներում։ Համեմատաբար մեծ գաղութներ առաջացնում է Ազոխի (Հադրութի շրջան) և Ավանա Կարանի (Շուշիի շրջան) քարանձավներում։
Կենսակերպը
Բնակվում է ժայռաճեղքերում, քարանձավներում, շենքերի (նաև պանելային) տանիքներում, նկուղներում, կամուրջների տակ՝ առանձնյակներով կամ գաղութներով։ Վարում է մթնշաղագիշերային կենսակերպ։ Ունի գիշերային ակտիվության տարբեր տիպեր։
Արտաքին տեսքը
Մորթու մեջքային մասը կողմը մկնամոխրագույն է, մինչև մուգ գորշաշագանակագույն` հարդագույն խառնուրդի բծերով։ Ստորինկողմը կեղտոտ կամ մոխրափայլ է։ Մուգ է նաև թևաթաղանթը։ Ականջները գագաթում սրածայր են։ Մարմնի երկարությունը 58,8-73,9 մմ է, պոչինը՝ 45-58,7 մմ, նախաբազկինը՝ 52,5-61,1 մմ, կենդանի զանգվածը՝ 17,2-33,1 գ։ Գանգի կոնդիլոբազալ երկարությունը` 19,5-22 մմ։
Սնունդը
Թռչում է մեծ բարձրությունների վրա՝ երեկոյից լուսաբաց։ Սնվում է մեծ չափերի բզեզներով (մարմարյա, ռնգեղջյուր), թիթեռներով, ցատկող ուղղաթևներով և այլն։ Մայիսի վերջին ծնում է 1 ձագ։
Սննդային մրցակիցներից է բեխշտեյնի գիշերաչղջիկը, եռագույն գիշերաչղջիկը և հարթաքիթ չղջիկների այլ ներկայացուցիչներ։
Թշնամիները
Թշնամիներից են կատուները, կզաքիսները, աքիսները, առնետները և գիշերային գիշատիչ թռչունները։
Հիվանդությունները
Վարակվում է էկտո-, էնդոմակաբույծներով։
Նշանակությունը
Կարևոր նշանակություն ունի կենսացենոզների դինամիկ հավասարակշռության պահպանման գործում և որպես վնասատու միջատների դեմ պայքարի կենսաբանական միջոց
