Ալպիական ճայ. ՀՀ Կենդանական աշխարհը

Ալպիական ճայ (լատ.՝ Pyrrhocorax graculus), ագռավների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածքը
Մարմնի երկարությունը 38 սմ է, թևերի բացվածքը՝ 75–85 սմ, կենդանի զանգվածը՝ 240–295 գ։ Փետրավորումը սև է, թևերը՝ կլորավուն, պոչը՝ երկար, կլորավուն։ Նստած վիճակում թևերը չեն հասնում պոչի ծայրին։ Հասունի կտուցը կարճ է՝ թեթևակի ներքև կեռված, դեղին, ոտքերը՝ կարմիր՝ խամրած վարդագույն երանգով։ Երիտասարդի կտուցը բաց մոխրագույն-դեղին է, ծայրը՝ մուգ, ոտքերը՝ սևավուն։

Կենսակերպ
Խիստ երամային է։ Երամները կայուն և միասնական են։ Թռիչքը ճարպիկ է, սավառնում է մեծ բարձրություններում, ժայռագագաթների շուրջը։ Արձակում է խիստ բնորոշ՝ բարձր տոնայնության սուր ճիչեր։ Բնակվում է բարձրադիր ժայռոտ լեռներում, ալպյան մարգագետիններում, ձմռանը՝ կերով ապահով վայրերում։ Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։ Բույնը գավաթաձև է։

Տարածվածությունը Հայաստանում
Հայաստանում ալպիական ճայի տարածմանը վերաբերող տվյալները հավաքագրվել են 1995-ին։ Բնադրագաղութները հայտնաբերվել են հուլիսի ընթացքում, որտեղ նորելուկ ձագերը եղել են հասունների հսկողության տակ։ Բարձրադիր լեռնագոտում տարածված լինելու պատճառով կենսակերպի բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրված չեն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում