Ազնիվ եղջերու. ՀՀ Կենդանական աշխարհը

Ազնիվ եղջերու (լատ.՝ Cervus elaphus) երկսմբակավորների ընտանիքի կճղակավոր կաթնասուն կենդանի։ ՀՀ-ում կլիմայավարժեցվել է Խոսրովի արգելոցում (1970), ապա տեղափոխվել Դիլիջանի արգելոց, որտեղ արագ հարմարվել է տեղանքի պայմաններին։

Մարմնի երկարությունը 185-240 սմ է, պոչինը՝ 8-15 սմ, կենդանի զանգվածը 130-320 կգ։ Մարմնի վերին մասը ավազամոխրագույնից դարչնագույն է՝ շիկակարմիր երանգով։ Գլուխն ավելի բաց գույնի է։ Դնչի տակը, բերանի ու աչքերի շուրջը սպիտակավուն է։ Պարանոցի ու մեջքի միջին մասով անցնում է սև շերտ։ Պոչի մոտ մազերը սպիտակ են և առաջացնում են շրջանաձև մեծ բիծ՝ «հայելի»։ Արուներն ունեն ճյուղավոր եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխվում են։

Ազնիվ եղջերուն ամռանը սնվում է խոտաբույսերով, ծառերի ու թփերի տերևներով և ճյուղերով, ձմռանը՝ ծառերի կեղևներով, չոր ճյուղերով ու խոտաբույսերով։ Կտղուցը սեպտեմբերին է, երբեմն՝ հոկտեմբերի կեսերին, առանձին անհատներինը՝ դեկտեմբեր - հունվարին։ Հղիությունը տևում է 34-35 շաբաթ։ Ունենում է մեկ (երբեմն 2) ձագ, որոնք 1 ամսականից սնվում են խոտով։

Որսն արգելված է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում