Հավազգիներ. ՀՀ Կենդանական աշխարհը
Հավազգիներ կամ հավանմաններ (Galliformes), թռչունների կարգ։
Ընդհանուր բնութագիր
Հիմնականում միջին մեծության թռչուններ են։ Կենդանի զանգվածը՝ 80-120 գ-ից (լոր) մինչև 6 կգ (խլահավ)։ Կտուցը կարճ է, ամուր, ոտքերը՝ ուժեղ, հարմարված քայլելուն և վազելուն, թևերը՝ կարճ, լայն։ Արուներն էգերից խոշոր են, ավելի վառ գունավորված։ Սնվում են բուսական, երբեմն կենդանական կերով։
Հայաստանում
ՀՀ-ում հանդիպում է 6 տեսակ՝ կովկասյան մայրահավը (Lyrurus mlokosiewiczi), տարածված է Դիլիջանում, Վանաձորում, Հրազդանում, Բազումի, Փամբակի լեռներում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, քարակաքավը (Alectoris graeca)՝ Վայոց ձորի մարզում, Գառնիում, Սյունիքում, Երևանի շրջակայքում, մոխրագույն կաքավը (Perdix perdix)՝ Կոտայքի մարզում, Սևանի ավազանում, Մեղրիում, ձմռանը՝ նաև Երևանի մոտակայքում, կասպիական վայրի հնդկահավը (Tetraogallus caspius)՝ Կապուտջուղ, Փամբակի, Բազումի, Գեղամա և այլ լեռներում, նաև գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, լորը (Coturnix coturnix), որը հանդիպում է ամենուրեք և անդրկովկասյան փասիանը (Phasianus colchicus), որը գրեթե անհետացել է։
