Ժայռային ծիծեռնակ. ՀՀ Կենդանական աշխարհը
Ժայռային ծիծեռնակ (Ptyonoprogne rupestris), ծիծեռնակների ընտանիքի պատկանող թռչուն։ ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։
Արտաքին կառուցվածք
Ժայռային ծիծեռնակի գլուխը և մեջքը բաց մոխրագույն են, կոկորդը, կտնառքը և կուրծքը՝ շիկավուն երանգով, պոչի և թևերի ստորին մակերեսը՝ մուգ դարչնագույն, որովայնը՝ մոխրաշիկավուն։ Պոչի սրանկյուն կտրվածքը թույլ է արտահայտված, փետուրների ծայրին կան սպիտակ պտեր։ Քաշը՝ 20-25 գ, թևի երկարությունը՝ 121-134 մմ։
Կենսակերպ
Գարնանը վերադառնում է ապրիլ ամսին, չուի ընթացքում կազմում է փոքր խմբեր կամ չվում զույգերով։ Չնայած փոքր թվաքանակին՝ լայնորոն տարածված թռչուն է, նախապատվությունը տալիս է գետաբերանների, ձորերի, խորխորատների զառիթափ լերկ ժայռերին։
Բազմացում և զարգացում
Բույնը կիսափսեի ձև ունի, ծեփում է կավից՝ ժայռերի վրա։ Մայիս ամսին դնում է 3-4 սպիտակ, բաց շագանակագույն պտերով ձվեր։ Բնադրվում է զույգերով կամ փոքր խմբերով։ Երգը մեղմ ծլվլոցի է նման։ Սնվում է թռիչքի ընթացքում՝ թռչող միջատներով։
Տարածվածություն
Հաճախ կարելի է հանդիպել Երևանի շրջակայքում, Հրազդանի ձորում։ Տարածված է հանրապետության բոլոր լեռնային շրջաններում, ինչպես նաև Եվրոպայում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում և Ասիայում։
