Արծաթափայլ որոր. ՀՀ Կենդանական աշխարհը
Արծաթափայլ որոր (լատ.՝ Larus argentatus), խոշորամարմին թռչուն որորների ընտանիքից: Առավելապես տարածված է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում: Այս ուժեղ և ագրեսիվ վարք ցուցաբերող թռչունը հանդիպում է խոշոր քաղաքների շրջակայքում, որտեղ իրեն ապահով է զգում և սնունդ գտնելը հեշտ:
Դասակարգում
Արծաթափայլ որորի էվոլյուցիայի և դասակարգման վերաբերյալ տվյալները միչև հիմա դեռ պարզաբանված չեն և ներկայումս գտնվում են օրնիտոլոգների ուշադրության կենտրոնում: Տարբերակում են այսպես կոչված «արծաթափայլ որորների խումբ»՝ ընդհանուր ֆենոտիպային հատկանիշներով և առանձնահատկություններով (օրինակ՝ հասուն թռչունների մոտ գլխի սպիտակ գունավորում, կարմիր բիծ ներքևի կտուցի վրա): Տարբեր գրականություններում նշվում է այս խմբի 2-8 առանձին խմբեր: Թեորիաներից մեկում, որն ավելի հայտնի է դարձել 20-րդ դարում՝ 1970-ական թվականներին, արծաթափայլ որորը կապ ունի «օղակաձև տեսակի» (անգլ.՝ Ring species) հետ: Ըստ այս թեորիայի, այս խմբի թռչունների հիմնական նախնիները երբեք չեն բնակվել Կենտրոնական Ասիայում և Սառցե դարաշրջանում, եղանակային փոփոխություններով պայմանավորված, սկսել են տարածվել սկզբում դեպի հյուսիս, ապա՝ արևելք՝ այդ ընթացքում անցնելով էվոլյուցիա և ձեռք բերելով նոր տեսք: Յուրաքանչյուր նոր ձևում կենդանու մարմնի վերին հատվածների փետուրներն ավելի վառ սպիտակ գույն են ստացել:
Արտաքին տեսք
Խոշորամարմին, սպիտակ գլխով արծաթափայլ որորն ունի 54-60 սմ երկարություն, թևերի բացվածքը 123-148 սմ է, իսկ քաշը՝ 720-1500 գրամ: Բազմացման շրջանում գլխի և վզի փետուրները վառ սպիտակ են: Մարմնի որովայնային մասը և պոչը նույնպես սպիտակ են: Մարմնի վերին մասը և թևերի վերին հատվածները կապտամոխրագույն են, մի փոքր ավելի բաց են այն թռչունների մոտ, որոնք բնադրում են Արևմտյան Եվրոպայում և Իսլանդիայում: Ուսագլուխների փետուրները սպիտակ են: Կտուցն ուղիղ է, կողերից սեղմված և վերջավորության հատվածում փոքր ինչ թեքված է դեպի ներքև: Ունի կանաչավուն և դեղնավուն երանգ: Կտուցի վրա կա կարմիր բիծ: Աչքի ծիածանաթաղանթը բաց դեղին է կամ արծաթամոխրագույն: Ոտքերը կարմրավարդագույն են: Արտաքին սեռական օրգանները գունային տարբերությամբ աչքի չեն ընկնում:
Տարբերակումը նմանատիպ տեսակներից
Ի տարբերություն սեռականորեն չհասունացած թռչունների, հասուն առանձնյակները համեմատաբար հեշությամբ են տարբերակվում այլ որորներից: Այլ ցեղակիցնեի հետ համեմատության, արծաթափայլ որորները մարմնով ակնհայտորեն առավել մեծ են, նաև բնութագրվում են յուրահատուկ մորֆոլոգիական հատկանիշներով: Միջերկրածովյան որորների ոտքերը վառ դեղին են, ի հակադրություն դրա, արծաթափայլ որորներն ունեն կարմրավարդագույն են: Օդուենի որորը (Larus audouinii) ավելի նրբամարմին է և ունի մուգ կարմիր կտուց և մոխրագույն ոտքեր: Ծովային որորների վերին հատվածների փետուրները շատ ավելի մուգ են՝ կապարամոխրագույն կամ սև: Հայկական որորի (Larus armenicus) թևերի շրջանում սև երանգավորումը ավելի լայն է և ավելի քիչ սպիտակ բծերով: Կտուցը կարճ է: Larus ichthyaetus տեսակի որորների գլուխը մուգ գույն ունի, ոչ թե բաց, ինչպես արծաթափայլ որորինը: Մոխրագույնաթև որորների (Larus glaucescens) և Larus hyperboreus որորների մոտ թևերի վերջավորությունները ավելի սպիտակ են, այլ ոչ թե` սև:
Տարածում
Արեալ
Արծաթափայլ որորը լայն տարածում ունի հյուսիսային կիսագնդում՝ հանդիպելով ինչպես բարձրադիր լայնություններում, այնպես էլ արկտիկական լայնություններում և տաք տրոպիկական կլիմայի երկրներում: Բնադրման արեալի հյուսիսային շրջանը գտնվում է հյուսիսային լայնության 70-80° ում Եվրոպայում, որը Սկանդինավյան երկրների հյուսիսային երկրներն են, Ասիայում՝ ծովափնյա տարածքներն ու Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի կղզինեերը՝ Թայմիրից արևելք: Ամերիկայում՝ Բաֆինի երկրի և Կանադայի ու Ալյասկայի մարգագետնային շրջանները: Հարավում թռչունները բնադրում են հյուսիսային լայնության մինչև 30°-40°-ը: Եվրոպայում մինչև ատլանտյան օվկիանոսի ափը՝ Ֆրանսիայի սահմանում, Ամերիկայում՝ Վերին ծովի հարավային շրջաններում: Վերջին տարիներին նկատվում են այս թռչունների պատահական առանձին խմբեր և բներ բնական արեալի սահմաններից դուրս, ինչպես օրինակ՝ Ուկրաինայում, Բելառուսում, Վոլգա գետի տարածքում (ռուս.՝ Рыбинское водохранилище):
Բնակավայրեր
Բնակավայրերի ընտրությունը կապված է տվյալ տարածքում առկա ներքին և արտաքին ջրային պաշարների հետ: Բնակեցնում են խոշոր լճերի, գետերի, ջրամբարների մոտակա արեալներում: Հիմնականում բնակվում են կղզիներում: Նրանց համար կարևոր է այն տարածքների բնակեցումը, որտեղ զերծ են մնում գիշատիչ այլ թռչունների հարձակումներից: 20-րդ դարի վերջին բնակեցրել են խոշոր քաղաքներ, բները կառուցել են շենքերի տանիքներին: Ձմռանը, որպես կանոն, բնակվում են ծովափնյա տարածքներում:
Հայաստանի տարածքում
Տարածված է Հայաստանի բոլոր ջրավազաններում և գետերում: Առավել աճախ հանդիպում է Սևանա և Արփա լճերի կղզիներում: Մեր հանրապետության տարածքում համարվում է նստակյաց, մասամբ քոչվոր թռչուն: Բնադրվում է մեծ գաղութներով, որոնք տեղակայված են նրանց բնակավայրերում: Բները կառուցում են գետնին ճյուղերից, չոր խոտաբույսերից: Մինչև Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումը թռչունները բնադրել են մոտակա ժայռերի ծերպերում: Սևանա լճի որորների գաղութում յուրաքանչյուր տարի բնադրվում է 1000-1500 զույգ թռչուն: Նույն ցուցանիշն առկա է նաև Արփա լճի կղզիներում: Ձվադրում է մայիս-հունիս ամիսներին, դնում է 1-3 գորշականաչավուն կամ ձիթապտղագույն մուգ պուտերով ձվեր: Սնվում է ամենատարբեր կերերով, առավել հաճախ՝ ձկներով, դաշտային մկներով, միջատներով: Կերի պակասի դեպքում սնվում է մոտակա աղբանոցների սննդի մնացորդներով: Հայաստանի համար ունեն կարևոր նշանակություն, համարվում են ինքնատիպ տեսակ և գրանցված է Կարմիր գրքում: Աշնանը հյուսիսային շրջաններից չվում են հարավ:
Երիտասարդ թռչուններն ակնհայտորեն տարբերվում են տարեցներից, իսկ բաց գունավորում ստանում են միայն կյանքի չորրորդ տարում: Փետուրները բազմերանգ են: Ճակատի, ծնոտի, գլխի և կողքի փետուրները կեղտոտ սպիտակ գույն ունեն՝ բազմաթիվ ուղղահայաց մուգ գծերով և պուտերով: Գլխի հետին մասը, վզի կողային հատվածները սպիտակ են: Մեջքի փետուրները մուգ գույն ունեն: Կյանքի երկրորդ և երրորդ տարիներին մարմնի գույնը աստիճանաբար բացվում է և ստանում է առավել միագույն երանգ: Կյանքի երկրորդ տարում մեջքին հայտնվում է բաց մոխրագույն ծածկույթ, իսկ երրորդ տարում դրանք արդեն գերակշռում են մարմնի վերին հատվածներում: Հասունացման շրջանում ծիածանաթաղանթը գունափոխվում է՝ դառնալով շագանակագույնից մինչև դեղին: Իսկ կտուցը դառնում է մուգ գորշագույնից մինչև դեղին՝ կարմիր բծով:
Միգրացիա
Հյուսիսի պոպուլացիաները համարվում են չվող, ձմռանը գաղթում են հարավ՝ շարունակելով ապրել որպես քոչվոր կամ նստակյաց թռչուններ: Արևմտյան Եվրոպայի թռչունների մեծ մասը մնում է այդտեղ ձմեռելու: Սկանդինավյան երկրների, Ֆինլանդիայի միջին և Ռուսաստանի հյուսիսարևմտյան շրջանների թռչունները, որպես կանոն, տեղափոխվում են Բալթիկ և Հյուսիսային ծովերի մոտակա տարածքներ: Սիբիրից ու Հեռավոր Արևելքից թռչունները գաղթում են Ճապոնիա, Թայվանի կղզի և Հարավչինական ծովի ափեր:
Բազմացում
Ինչպես ընտաիքի այլ տեսակներ, արծաթափայլ որորները սովորաբար մոնոգամ են և իրենց զույգին պահում են երկար ժամանակ: Շատ հազվադեպ դեպքերում, երբ գաղութում բույնը մոտ է այլ բներին, կարող է դրսևորվել բազմացման պոլիգինիայի տարբերակը, երբ մեկ արուն բազմանում է երկու էգի հետ: Գարնանը բնադրման վայրերում հայտնվում են համեմատաբար վաղ, երբ ջրերի մեծ մասը դեռ պատված են լինում սառույցով: Օրինաակ, Բարենցի ծովում թռչունների հիմնական զանգվածը հայտնվում է մարտ-ապրիլ ամիսներին, Ենիսեյի միջին հոսանքում՝ մայիսի երրորդ դեկադայում, Կամչատկայի հարավում՝ ապիլի կեսերից մինչ մայիսի վերջ: Սկզբնական ժամանակահատվածում, երբ ջրի մեծ մասը դեռ պատված է լինում սառույցով, բնակվում են բնակավայրերին մոտ կամ այնտեղ, որտեղ աղբամաններ կան: Շուտով սկսվում է բազմացման սեզոնը, որի ընթացքում թռչուններն իրենց ագրեսիվ են պահում. բարձր ճչում են, կերակրում են զույգերին:
Ամենից հաճախ բնադրում են գաղութներով, որոնք կազմված են լինում մի քանի տասնյակից մինչև մի քանի հազարյակի հասնող առանձնյակներից: Երբեմն կարող են բնադրել առանձին: Թռչունները կամ զբաղեցնում են հին՝ նախորդ տարվա բները կամ կառուցում են նորը, բայց բոլոր դեպքերում նրանք կառուցում են բաց տարածությունների վրա՝ հաճախ հողի վրա՝ ծովափի քարերի արանքներում, քարափներում, ավազաթմբերում: Գաղութում երկու բների միջև տարածքությունը կազմում է 1-3-ից մինչև 25-30 մ, իսկ միջինում՝ 4,9 մ: Բնի կառուցմամբ զբաղվում են զույգով: Դրա համար օգտագործում են տարատեսակ նյութեր, որոնք հայտնաբերում են շրջակայքում, այդ թվում՝ ջրիմուռներ, փետրախոտ, քարաքոսեր, սեզ, մամուռներ:
Բնի ներսը կարող է պատված լինել փետուրներով կամ կենդանիների բրդով: Էգը, որպես կանոն, մեկ սեզոնի ընթացքում ձվադրում է մեկ անգամ՝ ապրիլի սկսզբից մինչ հունիս՝ կախված տարածաշրջանից: Ձվադրում է 2-3 ձու՝ 65-81 × 41-54 մմ չափսերով: Ձվի ընդհանուր ֆոնը կարող է տատանվել թույլ շագանակագույնից մինչև կանաչադեղնավունի սահմաններում: Բացի դա, կա նաև մեկ բնութագրող հատկանիշ. ձվերը պատված են լինում մուգ և բաց գունավորմամբ պուտերով: Զույգը, ժամանակ առ ժամանակ փոխարինելով միմյանց, նստում են ձվերի վրա: Ձվերը պարբերաբար շրջում են ոտքերի և մարմնի շարժումներով: Ինկուբացիայի ժամանակահատվածը տևում է 28-30 օր: Ձվից նոր դուս եկած ձագերը պատված են լինում մուգ մոխրագույն մազիկներով՝ մուգ բծերով: Առաջին օրերը նրանք ամբողջությամբ անպաշտպան են, երրորդ օրն արդեն կարողանում են կանգնել ոտքերի վրա և սնունդ են ընդունում, իսկ 3-4 օր հետո լքում են բույնն ու սկսվում շարժվել մոտակայքում: Վտանգի դեպքում թաքնվում են քարերի արանքում կամ ջրում: Թռչել սկսում են 38-45 օրից, բայց դեռ կես ամիս կամ ամբողջ մեկ ամիս կախված են լինում ծնողներից, որոնք կերակրում են ձագերին: Սեռական հասունացման հասնում են կյանքի 5-6-րդ տարում:
Սնունդ
Սնունդը բազմազան է, այնուամենայնիվ, թռչունները դժվարությամբ են փոխարինում մի սնունդը մյուսով: Ծովափերում բնակվողները ձուկ են որսում, խեցգետնակերպեր, փափկամարմիններ, որդեր, կակղամորթեր (լատ.՝ Echinodermata): Որս հայթայթելիս ջրում հետևում է զոհին իր տարածքից՝ մարմինն ամբողջությամբ կամ մասամբ սուզած: Եթե կարծր խեցիով կենդանի է որսում, բարձրությունից նետում է զոհին քարի վրա՝ խեցուց զրկելու համար: Սնվում է ձկնորսների թողած կամ ծովափերին թափված սնունդով: Սնվում է ինչպես կենդանական, այնպես էլ բուսական ծագմամբ սնունդով՝ կրծողներ, մողեսներ, այլ թռչունների ձվեր և ձագեր, կարծրաթևավորներ, հատիկավոր մշակաբույսեր, պտուղներ: Նրանց կերակրացանկում ներառված է նաև սատկած կենդանիների միսը, սննդային մնացորդներն ու թափոնները: Բացի սա, նրանց մոտ առկա է կլեպտոպարազիտիզմի երևույթը (հին հուն․՝ κλέπτω), երբ սնունդը «գողանում են» այլ կենդանիներից, այդ թվում՝ ծովահենաորորներ, բադեր: Որոշ դեպքերում քանդում են այլ թռչունների, ինչպես նաև իրենց տեսակի թռչունների բները:
Ձայն
Ձայնարկությունները նման են այլ խոշորամարմին որորների ձայնին: Դա նման է խռպոտ ճչոցի, որոնք վտանգի պահերին ավելի հաճախ են կրկնվում: Բարձր ձայն հանելիս հաճախ գլուխը ետ է գցում: Ձայնն ավելի բարձ է, քան Larus fuscus տեսակի մոտ, երբեմն ցածր, քան Larus hyperboreus տեսակի մոտ:
Շարժ
Թռչելիս այն տպավորությունն է կարծես լողում է: Թռչելիս թևերը հազվադեպ է թափահարում: Զոհին հետապնդելիս կարող է թռչել շատ արագ և մանյովրելով: Ջրում սուզված լավ է մնում: Զոհին բռնելուց հետո ջրից դուրս է հանում կամ գլուխը կամ մարմնի կեսը: Ցամաքում իրեն լավ է զգում, երբեմն իրագործելով կարճ թռիչքներ:
