Առափնյա ծիծեռնակ. ՀՀ Կենդանական աշխարհը
Առափնյա ծիծեռնակ (Riparia riparia), Ծիծեռնակների ընտանիքին պատկանող թռչուն։
Արտաքին կառուցվածք
Առափնյա ծիծեռնակը արտաքին նկարագրով նման է Քաղաքային ծիծեռնակին, սակայն նրանից զգալիորեն փոքր է։ Գլխի վերին մասը, պարանոցը, մեջքը, թևերը, պոչը և կրծքի լայնակի շերտը մոխրագույն են, կոկորդը, կուրծքը և որովայնը՝ սպիտակ։ Պոչը սրանկյուն կտրվածքով է վերջանում։ Քաշը՝ 11-16 գ, թևի երկարությունը՝ 96-113 մմ։
Կենսակերպ
ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ-մայիս ամիսներին։ Չուի ընթացքում կազմում է հազարավոր առանձնյակներից երամներ, որոնք հավաքվում են գետերի, լճերի և լճակների ափերին։ Խոշոր գաղութներով բնադրվում են զառիթափ ջրափերի փորվածքներում կամ, հաճախ, իրենք են բներ պատրաստում։
Բնադրում
Բնի խորությունը կազմում է 50-60 սմ։ Մայիս-հուլիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ ձվեր։ Խոշոր բնադրվող գաղութներ են գրանցված Արարատյան հարթավայրի ջրավազանների տարածքում և Սևանա լիճը սնող գետերի ափերին։
Սննդառություն
Սնվում է հատկապես միջատներով, մոծակներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։
Տարածվածություն
Տարածված է Եվրոպայում, Ասիայի մեծ մասում, Հիմալայներում, Հյուսիսային Ամերիկայում, Ենիսեյի ափերին, Անդրկովկասում։
