Անապատային խածկտիկ. ՀՀ Կենդանական աշխարհը
Անապատային խածկտիկ (լատ.՝ Rhodopechys githaginea), սերինոսների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, Հայաստանում՝ հազվագյուտ։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 12, 5 սմ է, թևերի բացվածքը՝ 25-28 սմ, կենդանի զանգվածը՝ 20 գ։ Արուի կտուցը հաստ է, վարդագույն, գլուխը՝ մոխրագույն։ Էգի փետրածածկը՝ մոխրագույն է, գլուխը, գոտկատեղը, պոչի հիմքը՝ վարդագույն երանգով։ Երիտասարդը դեղնամոխրագույն է՝ առանց վարդագույն երանգի։
Տարածվածություն
Հարմարված է կիսաանապատային, ժայռաելուստներով անջրդի, աղբյուրների հարևանությամբ, նոսր բուսականությամբ տարածքներին և ձեռք է բերել միջավայրի գույներին զարմանալի նմանություն, որի շնորհիվ անտեսանելի է գիշատիչների համար։ Առավոտյան և երեկոյան անապատային խածկտիկներն աղբյուրներ են այցելում զույգերով կամ սակավաթիվ խմբերով։
Սննդառություն
Սնվում է սերմերով, հատապտուղներով, անողնաշարավորներով։
Բնադրում
Բնադրում է ժայռաճեղքերում կամ գետնին։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից և ցողուններից։ Դնում է 10 մմ տրամագծով, բաց երկնագույն՝ կարմիր-դարչնագույն պտերով 4-6 ձու։ Անապատային խածկտիկները խառը երամներ են կազմում կարճամատ ճնճղուկի և մոնղոլական խածկտիկի հետ՝ աղբյուրներ այցելելիս։
