Ալպիական նրբագեղիկ. ՀՀ Կենդանական աշխարհը
Ալպիական նրբագեղիկ (լատ.՝ Prunella coilaris), նրբագեղիկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 18 սմ է, թևերի բացվածքը՝ 30-32, 5 սմ։ Հասուն անհատների փետրածածկը դարչնամոխրագույն է, մարմնի կողքերը՝ դարչնագույն՝ շիկակարմիր խայտերով, թևերը ծածկող սև փետուրների և պոչի ծայրերը՝ սպիտակ, կտուցի հիմքը՝ վառ դեղին, կոկորդը՝ սև ու սպիտակ զոլերով։ Երիտասարդների փետրածածկն ավելի խամրած է և դարչնագույն, թևերի ու պոչի ծայրերը՝ դեղնավուն։
Վարք
Բնակվում է ալպյան գոտու քարքարոտ վայրերում, ձմռանը՝ ցածրադիր շրջաններում։ Սիրում է քարերին նստած կտուցով մաքրել և հարդարել փետուրները, միաժամանակ ընդունել արևի լոգանք։ Սնվում է անողնաշարավորներով։
Բնադրում
Բույնը գավաթաձև է, կառուցում է ժայռերի ճեղքերում կամ թփուտների տակ։ Մայիսի կեսերին դնում է 23 մմ տրամագծով, բաց կապույտ 3-4 ձու։ Ձագերը հայտնվում են հունիսի 2-րդ տասնօրյակից մինչև հուլիսի 2-րդ տասնօրյակի վերջը։
