Թթենու մետաքսագործ. ՀՀ Կենդանական աշխարհը

Շերամ, թթենու մետաքսագործ, կերպասագործ (լատ.՝ Bombyx mori), իսկական մետաքսագործների (Bombycidae) ընտանիքի թիթեռ։ Թևերի բացվածքը 4-6 սմ է, բերանային ապարատը թերզարգացած է և չի սնվում։ Թրթուրը (շերամորդը) սնվում է թթենու տերևներով։

Կերակրման բնականոն պայմաններում (23-25°) թրթուրային փուլը տևում է 22-30 օր, որի ընթացքում թրթուրները 4 անգամ մաշկափոխվում են և անցնում 5 հասակ։ Թրթուրները ուտում են 20-25 գ կեր (75%֊ը՝ 5-րդ հասակում)։ Հասուն թրթուրները չեն սնվում և 3 օրվա ընթացքում իրենց շուրջը հյուսում են մետաքսե ամուր պատյան՝ բոժոժ, որի թաղանթը կազմված է 1000-1500 մ երկարությամբ չընդհատվող մետաքսաթելից։ Կյանքի այդ պահին շերամորդն ունենում է մոտ 8 սմ երկարություն և 4 գ մարմնազանգված, որի մոտ 40%-ը, մետաքսագեղձերն են։ Արտադրած հյութը բաղկացած է հիմնականում սպիտակուցներից, իսկական մետաքսից՝ ֆիբրոինից և սոսնձից՝ սերիցինից։ Բոժոժի հյուսման ժամանակ թրթուրը դուրս է մղում մետաքսահյութը և գլխի ճոճանակաձև շարժումներով ութանման թելակույտեր դնում կառուցվող բոժոժի պատերին։ Բոժոժահյուսքի ավարտից հետո, 4-րդ օրը, թրթուրը բոժոժում փոխակերպվում է հարսնյակի, իսկ վերջինս 10-րդ օրում՝ թիթեռի։ Թիթեռը սերիցինազ ֆերմենտի օգնությամբ լուծում է բոժոժի բևեռապատի սոսնձանյութը, ծակում է բոժոժը, դուրս գալիս և զուգավորվում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում