Հավ. ՀՀ Կենդանական աշխարհը
Հավ (լատ.՝ Gallus gallus domesticus, արուն` աքաղաղ կամ աքլոր), թվաքանակով աշխարհում ամենամեծ և ամենատարածված ընտանի թռչուններն են: Պատկանում են հավազգիների կարգին: Կարողանում են թռչել, սակայն ոչ հեռու և շատ վատ: Հավերը մարդու կողմից բուծվում են միս, ձու, ինչպես նաև փետուր և աղվափետուր (բմբուլ) ստանալու համար, որպես պարարտանյութ օգտագործվում է նաև թռչնաղբը: Հավերի ընտելացման երկարատև պատմության ընթացքում մարդու կողմից ստացվել և բուծվել են հավերի բազմաթիվ ցեղեր:
Արտաքին տեսքը և բազմացումը
Հավերի մարմինը համաչափ է և ունի միջին երկարություն: Կուրծքը լավ է զարգացած` հատկապես մսատու ցեղերի մոտ: Կատարը (երկրորդային սեռական օրգան) ունի տերևի, վարդի, պատիճի կամ ընկույզի ձև: Ականջաբլթակները` կարմիր, հազվադեպ` սպիտակ: Սեռահասուն են դառնում և ձվարկում 5-6 ամսականում: Սաղմի զարգացման տևողությունը 21-22 օր է: Ձվատվության քանակը կապված է վերարտադրական օրգանների, մասնավորապես ձվարանի և ձվատար խողովակի գործառնության հետ: Սեռահասուն հավի ձվարանի արտաքին կեղևային շերտում հաշվվում է 2000-3500 ձվաբջիջ, որի միայն մեկ քառորդն է ստացվում մթերատվության ընթացքում (2-2,5 տարի): Մեծահասակ հավերի մթերատվությունը կարելի է 7-8 ամսով երկարացնել` արհեստական փետրափոխության միջոցով:
