Սոֆորա ճապոնական. Դեղաբույսեր

Սոֆորա ճապոնական (ռուս.՝ Софора японская, լատ.՝ Styphnolóbium japónicum), բակլազգիների ընտանիքի թիթեռնածաղկավորների ենթաընտանիքին պատկանող բույս։ Հանդիպում է Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում։ Հայաստանի Հանրապետությունում մշակվում է ցածրադիր գոտու չոր, շոգ, անտառազուրկ վայրերում։

Բույսի պատրաստուկներն ունեն նաև վերքամոքիչ, անոթների պատերն ամրացնող հատկություն, նպաստում են C վիտամինի յուրացմանը, ծանր մետաղների դուրսբերմանը օրգանիզմից։ Օգտագործվում է 12-մատնյա աղիի, հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, թոքախտի, վարիկոզի, էնդարտերիտի, տրոֆիկ խոցերի, փսորիազի, էկզեմայի, տրոմբոֆլեբիտի, կարմրախտի, ռևմատիզմի և այլ հիվանդությունների բուժման համար։ Նպաստում է սպիների հարթեցմանը, ամրացնում մազարմատները, վերացնում կորյակները, հասունացնում և չորացնում է չիբանը:Ունի աչքի ցանցաթաղանթն ամրացնող ազդեցություն, ուժեղ հակաալերգեն է։ Սոֆորան մեծ կիրառում ունի դեղաբուսային հավաքածուներում` վահանագեղձի որոշ հիվանդություններ, թոքախտ, ստամոքսաբորբ, կոլիտ, սրտի ցավեր, և այլն։ Գիտական բժշկությունն օգտագործում է ճապոնական սոֆորայի և սպիտակ ճագոմի խոտի խառնուրդի ոգեթուրմը։ Այս միջոցը մաքրում է արյունատար անոթների պատերն օրգանական աղերից։

Սոֆորան շատ մեծ տարածում ունի Բուլղարիայում, լայնորեն կիրառվում է քաղաքների կանաչապատման համար։ Այս երկրում որպես բուժիչ հումք օգտագործում են դեռ չբացված ծաղկի կոկոնը։ Սոֆորան պարունակում է մեծ քանակությամբ ռուտին` տերևը և մատղաշ ընձյուղը` մինչև 4,5 տոկոս, կոկոնը` 12-17, երբեմն` մինչև 30 տոկոս։ Որպես ռուտինի հումք` բույսն ունի մեծագույն նշանակություն։ Բուլղարիայում ռուտինն օգտագործվում է գիտական բժշկությունում` տարբեր բնույթի արյունազեղումների դեպքում։ Կոկոնը և նրա հասունացող պտուղը պարունակում են նաև բույսին բնորոշ ֆլավոններ, ալկալոիդներ և գլիկոզիդներ։ Սերմը պարունակում է մինչև 10 տոկոս ճարպայուղ:

Ճագոմի և սոֆորայի ոգեթուրմ
Ոգեթուրմը մաքրում է արյունատար անոթների պատերն օրգանական աղերից։ Ոգեթուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է աղալ ճագոմի թարմ խոտը (1։3), ավելացրեք օղի։ Երկու շաբաթ թրմել մութ տեղում, պարբերաբար թափահարել։ Ընտրել առավել առողջ պտուղները, լավ լվանալ, մանրացնել, ավելացել օղի 1։3 ծավալային հարաբերությամբ։ Երկու շաբաթ թրմել մութ տեղում, պարբերաբար թափահարել։ Խառնել ոգեթուրմերը 1։1 քաշային հարաբերությամբ, խմել 1-ական թ/գ, օրը 3 անգամ` ջրի հետ։ Շարունակել 1 ամիս։

Դդմի յուղի և սոֆորայի ոգեթուրմ
Սոֆորան կարելի է թրմել նաև դդմի յուղի մեջ։ Փոշիացնել չոր պտուղը սերմի հետ, ավելացնել 1։3 հարաբերությամբ յուղ, խառնել, 30 օր թրմել տաք տեղում, օրը 2 անգամ թափահարել ապակե տարան։ Քամել թանզիֆով։ Խմել 1-ական թ/գ, օրը 2 անգամ` սնվելուց կես ժամ առաջ կամ մեկ ժամ հետո` 2 ճ/գ մածունի հետ։

Սոֆորայի և կարմիր երեքնուկի ոգեթուրմ
Լավ արդյունք է տալիս նաև սոֆորայի և կարմիր երեքնուկի ոգեթուրմերի խառնուրդը։ Մանրացրել երեքնուկը, ավելացնել 1։3 հարաբերությամբ օղի, թրմել 2 շաբաթ մութ տեղում։ Խառնել սոֆորայի ոգեթուրմի հետ (1։1)։ Խմել 1-ական թ/գ, օրը 2 անգամ` սնվելուց կես ժամ առաջ կամ մեկ ժամ հետո` 2 ճ/գ մածունի հետ։ Օգնում է գանգուղեղի ծանր վնասվածքի` ուղեղի ցնցում և տեսողության մասնակի կորուստ, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզի, բարձր ներգանգային ճնշման, ականջների աղմուկի դեպքում։ Միշտ չէ, որ ոգեթուրմերը կարելի է խառնել, նշված դեպքերն ավելի շատ բացառություն են, քան օրինաչափություն։ Չինաստանում բույսը կիրառվում է դեղամիջոցներում, նրանք գտնում են, որ սոֆորան 80 տոկոսով նվազեցնում է ինսուլտի և նախաինսուլտային վիճակի հավանականությունը։

Հիպերտոնիայի դեպքում
Մանրացնել սոֆորայի պտուղը, սերմը, ճագոմի խոտը (գնել դեղատնից)։ Խառնել 1։1 հարաբերությամբ, կես թ/գ հումքը 6 ժամ թրմել տաք ջրով (50-60C) ջերմապահում։ Խմել 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 1 ժամ հետո։ Շարունակել 7 օր, ընդմիջել 3 օր։ Կրկնել 3-4 անգամ։

Այրվածքի հետևանքով առաջացած վերքի դեպքում
Թրջել քառատակ ծալած սավանի լաթը սոֆորայի ոգեթուրմի մեջ, դնել վերքի վրա, ծածկել թրջոցի համար նախատեսված թղթով։ 2-3 օրից փոխել վիրակապը։

Փսորիազի դեպքում
Մշակել մաշկը սոֆորայի ոգեթուրմով։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում