Խեժափիճի ճապոնական. ՀՀ Բույսեր

Խեժափիճի ճոպանական (լատ.՝ Larix leptolepis Gord), սոճազգիների ընտանիքի, խեժափիճի ցեղի բույս։

Նկարագրություն
Խոշոր ծառ է՝ մինչև 30-35 մ բարձրությամբ և 50-100 սմ բնի տրամագծով։ Երիտասարդ ընձյուղները ձմռան սկզբում բաց գորշադեղնավուն են, կապտավուն խավով, խիտ աղվամազով ծածկված կամ մերկ։ Երկամյա շիվերը կարմրագորշավուն են։ Բնի կեղևը համեմատաբար բարակ է, երկարավուն ճաքերով, անջատվում է բարակ շերտերով։ Փշատերևները բութ են, 15 մմ (հազվադեպ 50) երկարությամբ, կապտավուն, կապտականաչ, աշնանը դեղին։ Տերևաթափը տեղի է ունենում նոյեմբերի սկզբին (ավելի ուշ՝ քան սիբիրյան խեժափիճունը): «Ծաղկաբույլերը» դեղնավուն և կարմրականաչավուն են։ Պտղաբերում է 15-20 տարեկան հասակում։ Ծաղկում է ապրիլի վերջին՝ տերևների բացման հետ միասին։ Կոները կլորա-օվալաձև են, 20-35 մմ երկարությամբ, կազմված 45-50 (երբեմն 70) թեւիուկներից, որոնք դասավորված են 5-6 շարքերով։ Սերմնային թեփուկները նուրբ են, փխրուն, դեպի դուրս թեքված եզրով, բաց կարմրաշագանակագույն, ծածկված կարճ աղվամազով։ Ծածկող թեփուկները կիսով չափ կարճ են սերմնայիններից, ձվաձև են, սրածայր, դարչնակարմրավուն։ Սերմերը ունեն 3-5 մմ երկարություն, փայլուն, դարչնագույն թևիկով։ 1000 սերմի քաշը կազմում է 3,7-4,6 գ։

Տարածվածություն
Տարածված է Հոնդոյի լեռներում, անտառի վերին գոտում, 1600-2700 մ բարձրության վրա։ Աճում է լեռնալանջերին, որպես մաքուր տնկարկ կամ անտառներ է կազմում տարատերև թսուգայի, սոճիների, եղևինների, կեչիների և այլ ծառատեսակների, իսկ ավելի ցածր գտնվող անտառներում՝ կաղնու, բոխու, հաճարենու հետ։ Անտառի վերին գոտում ցածրաաճ է։ Մասսայական կարգով մշակվում է ճապոնիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Չափազանց արագաաճ տեսակ է։ Լավ է աճում ցուրտ և չոր պայմաններում։ Ուշ գարնանային սառնամանիքներից չի տուժում։ Ստվերավորումը ավելի լավ է տանում, քան խեժափիճու մնացած տեսակները։

Կիրառություն
Հատկապես լավ է աճում խոնավ, հզոր կավային և ավազային հողերում։ Ճապոնիայում մշակվում է նաև որպես սենյակային թզուկ բույս։ Հայաստան է ներմուծված 1950 թվականին։ Ներկայումս հատուկենտ օրինակներ կան Վանաձորում, Իջևանում և Երևանում: Օգտագործվում է նաև կանաչապատման նպատակներով։ Որպես դիմացկուն և քչապահանջ ծառատեսակ լայն կիրառում պետք է ստանա ոչ միայն կանաչապատման, այլ նաև անտառապատման բնագավառում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում