Ռուսաստանում ընձառյուծի պոպուլացիան վտանգված է
Ռուս պաշտոնյաները որոշել են զավթել առաջավորասիական ընձառյուծի պոտենցիալ բնակավայրերը և դրանք տրամադրել բիզնեսին:
Կովկասում առաջավորասիական ընձառյուծի պոպուլացիայի վերականգնմանն ուղղված աշխատանքներն ընթանում են արդեն 10 տարի: 2005-2006թթ. մշակվել է ընձառյուծի պոպուլացիայի վերականգնման ծրագիր, որը հաստատվել է ՌԴ-ի Էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարության կողմից 2007 թվականին: Իսկ 2009 թվականին Սոչիի ազգային պարկի բազայի վրա կառուցվել է առաջավորասիական ընձառյուծի բազմացման եւ վերականգնողական կենտրոնը: Կենտրոն են բերվել երկու արուներ Թուրքմենստանից, երկու էգեր Իրանից, իսկ Լիսաբոնի կենդանաբանական այգուց այստեղ բերեցին ընձառյուծի զույգի: 2013 թվականին ծնվեցին առաջին չորս ձագերը, ևս չորսը ծնվեցին 2014 թվականին: Իսկ 2015 թվականին Ֆրանսիայի կենդանաբանական այգուց Կենտրոն բերվեց Սիմբադ ընձառյուծը:
Սկզբնական շրջանում ծրագիրն աջակցություն ստացավ ամենատարբեր մակարդակներում՝ բիզնեսից, պետական կառույցներից, և նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:
Սակայն ամեն ինչ փոխվեց: Առաջին վտանգը կապված է Սոչիի ազգային պարկում զբոսաշրջային կլաստերի կառուցման հետ, որը իրականացնում է «Ռոզա Խուտոր» ընկերությունը: Շինարարության իրականացման համար Կրասնայա Պոլյանա շրջանում գտնվող արգելոցային տարածքի կատեգորիան փոխել են ռեկրեացիոն գոտու: Դա Մզիտմա գետի այն հատվածն է, որը ընձառյուծի միգրացիոն ուղին է:
«Մզիտմա գետի վերին հատվածն այն միջանցքն է, որով ընձառյուծը կարող է անցնել Կենտրոնական Կովկասից դեպի Արևմտյան: Եթե այնտեղ կառուցվեն տուրիստական ենթակառուցվածքներ, ընձառյուծը կմնա փակված որոշակի տարածքում, և մենք չենք ստանա անհրաժեշտ թվաքանակ անկախ պոպուլացիայի համար», - մտահոգություն հայտնեց Կովկասի կենսոլորտային արգելոցի ավագ գիտաշխատող Ալեքսեյ Բիբինը:
Երկրորդ վտանգը՝ լեռնադահուկային հանգստավայրի շինարարությունն է Լագոնակի սարահարթի տարածքում, որը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի մեջ: Ընդհանուր առմամբ, այստեղ 196 տեսակ գրանցված է ՌԴ Կարմիր գրքում: Հիմա Լագոնակին մտադիր են դուրս բերել այդ ցանկից:
«Որոշ մարդիկ հետաքրքրված են այդ տարածքով, և տարածքը ճանաչել են որպես հատուկ տնտեսական գոտի ու մտադիր են 49 տարի ժամկետով տալ վարձակալության»,- ասաց Կովկասի կենսոլորտային արգելոցի ավագ գիտաշխատող Տատյանա Ակատովան:
Քննարկումն անցկացվել է Միջազգային էկոլոգիական մամուլի ակումբի երկրորդ նիստի ժամանակ՝ Կրասնոդարում, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
Քննարկմանը մասնակցում էր նաև Հայաստանից ժամանած խումբը: WWF-Հայաստանի ներկայացուցիչ, ընձառյուծի պահպանման ծրագրի համակարգող Ալեքսանդր Մալխասյանը հայտնեց, որ Հայաստանում ընձառյուծի հիմնական բնակության վայրը Հարավային Հայաստանն է, և այժմ այնտեղ բնակվում են ընձառյուծի 5 առանձնյակներ: Այս տարածքների պահպանման համար շուտով կմեկնարկի միջանցքների վերականգնմանն ու պահպանմանն ուղղված ծրագիրը, որը ներառում է նաև Վրաստանը և Ադրբեջանը:
Ընձառյուծի համար Հայաստանում հիմնականում վտանգը որսագողությունն է, բնակավայրերի մասնատումը և հանքարդյունաբերության զարգացումը: Ինչպես նշեց Մալխասյանը, Հայաստանում ընձառյուծի պահպանման ծրագրի նպատակն է մինչև 2017 թվականը կայուն պոպուլացիայի ապահովումը՝ այս տեսակի և նրա բնակավայրերի արդյունավետ պահպանման միջոցով: