Աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանին(ֆոտո)
Ամենախոշոր ցամաքային կենդանին աֆրիկական փիղն է, նրա մնդավի բարձրությունը 3,2 մ է, զանգվածը՝ 8 տ:
Կան 2 սեռի փղեր՝ աֆրիկական և ասիական (հնդկական): Աֆրիկական փղի սեռն ընդգրկում է 2 տեսակ. սավաննային (զանգվածը՝ մինչև 7,5 տ) և անտառային (ավելի փոքր են):
Աֆրիկական փիղն ազատության մեջ ապրում է միայն Աֆրիկայում՝ Սահարայի հարավային շրջաններում: Հնդկականն ապրում է Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Աֆրիկական փղերը հազվադեպ են ընտելանում: Կան նաև ուրիշ, ավելի քիչ նկատելի տարբերություններ:
Փիղն ունի վիթխարի մարմին (բարձրությունը՝ մինչև 3,5 մ), թեթևակի սապատավոր մեջք և հաստ, սյունանման ոտքեր, փոքրիկ աչքեր, մեծ ականջներ ու երկար ժանիքներ, լայն ճակատ: Փղի ժանիքները` փղոսկրերը, մեծացած ատամներ են և աճում են ամբողջ կյանքի ընթացքում, երբեմն հասնում են շատ մեծ չափերի (մինչև 3մ և 100 կգ): Ժանիքները հարձակվելու և թշնամիներից պաշտպանվելու հզոր զենք են:
Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է, որն առաջացել է քթի և վերին շրթունքի սերտաճումից ու վերջանում է քթանցքերով, իսկ նրա տակ տեղավորված են բերանն ու եռանկյունաձև ստորին շրթունքը: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից): Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Նրա կենսագործունեությունը պահպանելու համար պահանջվում է մեծ քանակությամբ կեր. հասուն փիղը օրական ուտում է 100–200 կգ կեր: Կոշտ բուսական կերը փիղը լավ ծամում է բերանի խորքում տեղադրված խոշոր ատամներով: Եթե հին ատամը մաշվում է կամ վնասվում, նրա հետևում աճում է նորը և հրելով դուրս գցում հինը: Ատամ չունեցող փիղը թուլանում է և մահանում սովից կամ հիվանդություններից: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ:
Բավականին զարգացած է փղերի փոխօգնության բնազդը: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, ջանում են օգնել նրան: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: