Անվճար էկոճամբար՝ սահմանամերձ համայնքների երեխաների համար

Հուլիսի 24-27-ը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը կազմակերպեց անվճար էկոճամբար Սյունիքի, Արարատի, Վայոց Ձորի սահմանամերձ համայնքների 18 աշակերտի համար։ Ճամբարն անցկացվեց Մարգահովիտ գյուղում գտնվող Օհանյան ընտանիքի անվան բնապահպանական կրթության կենտրոնում:

Քառօրյա ճամբարի ծրագիրը՝ բացի բնապահպանական թեմաներով տեսական և գործնական դասընթացներից, ներառում էր նաև կրթական այց Դիլիջանի ազգային պարկ և Հաղարծնի վանական համալիր։ Պատմամշակութային այս վայրերից, ուր ճամբարականներն այցելում էին առաջին անգամ, երեխաները հեռացան մեծ տպավորություններով՝ ձեռք բերելով վառ հիշողություններ ողջ կյանքի համար։

««Բոլոր երեխաներն արժանի են լինել անվտանգ, առանց սթրեսի միջավայրում, որտեղ նրանք կարող են ձևավորել դրական հիշողություններ՝ խաղալով, սովորելով և նոր ընկերներ ձեռք բերելով»։ Հենց այս կարգախոսի ներքո ենք ամեն տարի կազմակերպում էկոճամբար՝ նպատակ ունենալով ՀՀ սահմանամերձ համայնքների երեխաներին տեղափոխել նոր, առավել գունեղ և անհոգ միջավայր, որտեղ նրանք՝ բնապահպանական գիտելիքների յուրացմանը զուգընթաց ձեռք կբերեն նաև նոր ծանոթություններ և հետաքրքիր փորձառություն»,- հավելեց «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի Բնապահպանական կրթության ծրագրի ղեկավար Իզաբել Շատոյանը։

«Էյ Թի Փի» Օհանյան ընտանիքի անվան ուսումնական կենտրոնները ճամբարային ծրագրից զատ նաև տարվա ընթացքում անվճար հիմունքներով աշակերտական խմբեր են ընդունում, որոնց համար Հիմնադրամի դասընթացավարները բնապահպանական տեսական և գործնական դասեր են իրականացնում։ Խմբերի գրանցումն ու ընդունելությունը սկսվում է սեպտեմբերից՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում