«Ձին անմարդկային տանջանքների է ենթարկվում»․ EcoNews.am-ը դիմել է պատասխանատուներին

Հայաստանում շարունակվում են կենդանիների նկատմամբ անխնա և անմարդկային շահագործման, ինչպես նաև դաժան վերաբերմունքի դրսևորման դեպքերը։ Օրերս համացանցում դժգոհության մեծ ալիք է բարձրացել Գյումրի քաղաքում շահագործվող ֆայտոնը քշող ձիու վերաբերյալ։ Հրապարակվել են լուսանկարներ, որտեղ կենդանին շահագործվում է բաց վերքերով հանդերձ՝ ենթարկվելով տանջանքների։ 

Գյումրու «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ ԿԻՏ նախագահ Կարինե Դավթյան Ամիրբեկյանը լուսանկարներ է հրապարակել և գրել․ «Էս անձինքն կարևորություն չտալով կենդանիների առողջությանն ու խնամքին, հաճախ բաց վերքերով ու վատ ֆիզիկական վիճակում էլ շարունակում են վերջիններիս շահագործումը: Երբ փորձում ես բացատրել՝ խելքն աշխատեցնելու փոխարեն ձայնի տոնայնությունն են բարձրացնում»։ 

Հասարակական բողոքի ալիքին զուգահեռ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն անմիջապես արձագանքել է ահազանգին և դիմել ՀՀ ոստիկանություն, ՍԱՏՄ, ՊԵԿ և Գյումրի համայնքի ղեկավարին՝ ակնկալելով շուտափույթ լուծում տալ ստեղծված իրավիճակին։ 

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանին ուղղված նամակով շեշտելենք․ «Հարգելի պարոն Սամսոնյա՛ն, այս և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման այլ դեպքերը բազմաթիվ են Գյումրի քաղաքում, ինչը շատ ցավալի է մեզ համար, քանի որ Հայաստանի երկրորդ քաղաքը չի կարող նման վատ՝ կենդանատյաց և կենդանասպան համբավ ունենալ հասարակության շրջանում։ Դա մեծապես խանգարում է թե՛ քաղաքի զբոսաշրջային, թե՛ մշակութային պոտենցիալի զարգացմանը, թե՛ կայացած հասարակություն ձևավորելուն և առաջացնում է բազմաթիվ այլ խնդիրներ։ Այսպիսի դեպքերը պետք է առաջին հերթին լինեն Ձեր ուշադրության կենտրոնում, քանի որ Դուք եք քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների առաջին պատասխանատուն։ Այս դեպքում, բավարար չէ, որ կենդանին անմարդկային տանջանքների է ենթարկվում, դեռ ռիսկի տակ է դրվում մարդկանց անվտանգությունն ու առողջությունը, քանի որ կենդանին կարող է բազմաթիվ հիվանդությունների կրողը լինել, կամ պարզապես չկարողանալ ֆիզիկապես դիմակայել այդ տանջանքներին և որևէ դժբախտ պատահարի պատճառը դառնալ»։

ՀՀ-ում այդպես էլ չհայտնվեց կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը վերահսկող պատշաճ իրավական կարգավորում։ Տարիներ շարունակ կենդանասեր և գիտակից հասարակությունը հանդես է գալիս նախաձեռնություններով և կոչերով, սակայն խնդիրը որևէ կերպ լուծում չի ստանում։ Լիահույս ենք, որ այս և մնացյալ բոլոր դեպքերը, ի վերջո, կստիպեն ՀՀ օրենսդիր մարմիններին խնդրին վերջնական լուծում գտնել։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում