Ուշադրություն․ նոր կանոններ՝ Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածքում

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք այցելուների մուտքի նոր կարգ

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ այսուհետ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։

Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավել քան 30 անձ։

Արգելոցի և արգելավայրի տարածքում ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է`

- բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.

- սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը.

- ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

- տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը.

- ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 մ2 մակերեսով, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ.

- կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը.

- Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները:

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

- մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների).

- թռչունների ձվերի հավաքը.

- թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն).

- ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը.

- տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով.

- խարույկ վառելը և այլ հրդեհածին գործունեությունը.

- արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը:

Արգելոցի և արգելավայրի ջրային տարածքում ԱՐԳԵԼՎՈՒՄ Է`

- ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

- ձկնորսությունը, որսորդությունը, խեցգետնի և ջրային այլ կենդանիների որսը.

- շարժիչավոր ջրային տրանսպորտային միջոցների մուտքը արգելոցի ջրային տարածք` ափից մինչև 300 մ հեռավորությամբ, բացառությամբ արգելոցի կամ արգելավայրի պահպանության համար անհրաժեշտ դեպքերի.

- ջրային տարածքի աղտոտումը։

ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր այցելուի մուտքը սահմանել 1500 ՀՀ դրամ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 3000 ՀՀ դրամ:

Գումարը կարող եք վճարել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին՝ 900018002890 կամ վճարել անցակետում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակցին և ստանալ ՀԴՄ կտրոն:

Այցելությունների արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են արգելոցի և արգելավայրի պահպանությանը։

Նախարարությունը նշել է նաև, որ մանրամասն տեղեկությունների համար կարելի է զանգահարել 0261 2 40 44 հեռախոսահամարով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում