Անբարեխղճության և կենդանիների անկման շղթան Երևանի կենդանաբանական այգում /մաս 3/

Կարդացեք նաև՝ 

«Մենք այն ենք, ինչ ուտում ենք»,- ասել է բժշկության հայր Հիպոկրատը։ 

Նա այն կարծիքին էր, որ մարդու հիվանդությունները սխալ սնվելու հետևանք են։ Բնության մեջ կենդանիների դերն ու նշանակությունը բնականորեն բաշխված է, սակայն կենդանաբանական այգիներում և մարդու տիրապետության տակ նրանք ամբողջովին կախված են մարդու բարեհաճությունից։ Բացառություն չէ նաև Երևանի կենդանաբանական այգին։ 

Նախորդ՝ «Սոված կենդանիների հետքերով․․․ /մաս 2/» վերտառությամբ հոդվածներում պատմել ենք, թե ինչպես 2021թ․-ի հոկտեմբերին 600 կգ փչացած և վտանգավոր միս հայտնաբերվեց, որով, հավանական է, որ կերակրվել են կենդանիները։ Ներկայացրել ենք նաև իրադարձությունների քրոնոլոգիան, որին կարող եք ծանոթանալ հղումով։

Մեկ այլ՝ «Կոռուպցիոն շղթա, թե՞ փրկօղակ․ ի՞նչ է առաջակում Երևանի կենդանաբանական այգին /մաս 1/» վերտառությամբ հոդվածում ընթերցողին ներկայացրել ենք, թե առհասարակ ի՞նչ համակարգով են սնվում կենդանիները, ի՞նչ է պետական գնումը և ինչպե՞ս կարելի է գործընթացները ձախողել, կառուցել կոռուպցիոն սխեմաներ և այլ անբարեխիղճ դրսևորումների գնալ։

Այստեղ կփորձենք հայտնաբերել կապը վատ որակի սննդի, կենդանիների անկումների և մարդկային անբարեխղճույթան միջև։ 

Անկումները Երևանի կենդանաբանական այգում նորություն չեն, սակայն վերջին տարիներին դրանք ավելի շատ են քննարկման առիթ դառնում։ Հավանական է, որ պատճառներից մեկը հասարակության շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է։

Ի՞նչ մեխանիզմով են Կենդանաբանական այգու կենդանիների համար սնունդ գնում և քանի՞ օր է անհրաժեշտ այն մատակարարելու համար։

Պարզվում է դա այնքան էլ արագ գործընթաց չէ, ինչի մասին մեզ պատմել է պետական գնումների մասնագետ, «Գործք» ՍՊԸ հիմնադիր, TAAP ծրագրի դասընթացավար Արմեն Սարգսյանը։ Ի դեպ, վերջինս խոսել է նաև Կենդանաբանական այգու կողմից Կառավարության հաստատմանը ներկայացրած և արդեն իսկ ընդունված N 741-Ա որոշման մասին։ 

2021թ․-ի հոկտեմբերին նախադեպային իրադարձություն է տեղի ունեցել՝ տնօրենի կողմից ԵԿԱ կերախոհանոցում փչացած միս է հայտնաբերվել, ինչով մինչ այդ, հավանական է, որ կերակրվել են Այգու գիշատիչները։ Այս ամենն արձանագրվել է ՍԱՏՄ կողմից։ 

Արդեն այս տարվա հունվարի 20-ին հայտնի է դարձել 5 անգղերի անկման մասին, որոնցից 3-ը եղել են սպիտակագլուխ, իսկ 2-ը՝ սև։ Այս դեպքը մի շարք քննարկումների թեմա է դարձել։ Դրանից ամիսներ առաջ նրա կողմից հայտնաբերվել էր վտանագավոր միսը, ինչի մասին, սակայն, հայտարարվել է 2022թ․- փետրվարին։ 

Փետրվարին Արևիկ Մկրտչյանը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «Սա կերախոհանոցի մսի սառցարանն է, որ հայտնաբերել եմ այս վիճակում։ Եթե Այգում պահվող որևէ գիշատիչ առաջիկայում առողջական լուրջ խնդիր ունենա, ինչը կդառնա անկման պատճառ, հիշեք այս լուսանկարները։ Նույնիսկ ոչ կենդանաբույժի համար էլ ակնհայտ է, որ հակասանիտարական այս վիճակում նորմալ միս պահվել չի կարող։ Իրեն հարգող ոչ մի կենդանաբույժ կամ կենդանաբույծ, կերախոհանոցի պատասխանատու և ընդհանրապես արժանապատիվ ՀՀ քաղաքացի չի կարող սա ընդունելի համարել։

Ներկայացվել են նաև լաբորատոր տվյալներ՝ միսը վարակված է եղել խշխշան պալարով ու պաստերելյոզով»։

Անգղերի անկման վերաբերյալ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը գրավոր պարզաբանում էր խնդրել ՍԱՏՄ-ից։ Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայի տվյալների համաձայն․ «Սևագլուխ անգղի մոտ հայտնաբերվել է օդապարկերի շճաֆիբրինոզային բորբոքում, սրտապարկը կպած է եղել սրտամկանին, սրտամկանի և լյարդի վրա եղել է ֆիբինային փառ, աղիների լորձաթաղանթը եղել է հեմոռագիկ բորբոքված, տեղ-տեղ արյունազեղումներով, երիկամները մեծացած՝ անհարթ մակերեսով, ձևափոխված, գունափոխված։

Սպիտակագլուխ անգղներից մեկի մոտ առկա է եղել օդապարկերի շճաֆիբրինոզային բորբոքում, սրտամկանի և լյարդի վրա ֆիբինային փառ՝ աղիների լորձաթաղանթը հեմոռագիկ բորբոքված, տեղ-տեղ արյունազեղումներով, աղիներում հայտնաբերվել են կլոր որդեր, երիկամները՝ մեծացած, անհարթ մակերեսով, ձևափոխված, գունափոխված, մյուսի մոտ՝ օդապարկերի շճաֆիբրինոզային բորբոքում, սրտապարկը կպած սրտամկանին, սրտամկանի և լյարդի վրա ֆիբինային փառ, աղիների լորձաթաղանթը հեմոռագիկ բորբոքված, տեղ-տեղ արյունազեղումներով, աղիներում հայտնաբերվել են կլոր որդեր: Անգղների մոտ աղիների նմուշներում հայտնաբերվել են ասկարիդի հասուն մակաբույծներ և ձվեր»։

Լուսանկարում՝ ԵԿԱ սառցախցիկ, 2021, հոկտեմբեր (Արևիկ Մկրտչյանի էջից)։

ՀՀ-ում դժվար է հստակ իմանալ որևէ կենդանու անկման պատճառը, քանի որ ՍԱՏՄ Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիան չունի պատճառ նշելու գործառույթ, չկան համապատասխաններ մասնագետներ, որոնք վայրի կենդանիների հետ աշխատելու փորձառություն ունեն, չկան համապատասխան տեխնիկական ռեսուրսներ և այլն, այնուամենայնիվ, միանշանակ է, որ վատ և վտանգավոր սնունդը չի կարող բացասական ազդեցություն չունենալ ինչպես մարդու, այնպես էլ՝ կենդանու առողջական վիճակի վրա։

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել է․ «Մեզ դիմել է Երևանի կենդանաբանական այգին՝ նշելով՝ մատակարարը, որը միս է բերում, չի ներկայացնում մորթը սպանդանոցում կազմակերպված լինելու մասին փաստաթուղթ և իրենք ունեն կասկածներ, որ լավ միս չէ, խնդիր ունեցող միս է, բայց, քանի որ ունեն պայմանագիր, այդ միսը վերցրել են ու դիմել են մեզ։

Մենք այցելել ենք, ու պարզվել է, որ նախ՝ միսը չի ունեցել ուղեկցող փաստաթղթեր, հետևաբար արդեն իսկ ենթակա է եղել ոչնչացման և կենդանիներին տալ չի կարելի, ինչպես նաև՝ միսը եղել է խնդիրներով՝ փչացած։ Միսը ոչնչացվել է ամբողջությամբ և չի տրվել կենդանիներին, ինչպես նաև հանձնարարական է տրվել, որ առանց ուղեկցող փաստաթղթերի այլևս միսը չստանան։

ԵԿԱ-ն մինչ այդ ստացել է միսը, քանի որ մատակարարը մի քանի անգամ ասել է՝ «հեսա կբերեմ թուղթը», այդպես 2 անգամ, 3-րդ անգամ դիմել են մեզ։ Միսն անորակ է եղել, փչացած»։

Անգղերի անկման դեպքից հետո գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը հեռացվել է աշխատանքից։ Օրեր անց՝ փետրվարին իր դիմումի համաձայն ազատվել է կենդանաբույծ Աննա Ասատուրյանը, ինչպես նաև՝ թռչունների բաժնի խնամող Գարեգին Խլղաթյանը, որին տնօրենն է ազատել։ 

Սև անգղեր Երևանի կենդանաբանական այգում։

Ավելի ուշ՝ մարտ ամսին, սեփական դիմումի համաձայն հեռացել է Արևիկ Մկրտչյանը, ինչի հնարավոր պատճառները քննարկել ենք նախորդ հոդվածում։ Արդեն մարտի 29-ին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժ/պ Էդմոն Ղազարյանին, որը մի քանի օր առաջ Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարն էր և երբեք որևէ առնչություն չի ունեցել ոլորտի հետ։

Պարզելու համար ազատված երեք աշխատակիցների հեռացման իրավական հիմքերն ու պատճառները, գրավոր հարցում ենք ուղղել ԵԿԱ նոր տնօրինությանը։ Նշված երեք աշխատակիցները կարևոր հաստիքներ են զբաղեցրել, ուստի նրանց ազատման գործընթացը հետաքրքիր է եղել մեզ համար։ ԵԿԱ տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանի ստորագրությամբ գրությունը հաստատում է, որ գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետով, 224-րդ, 225-րդ, 226-րդ և 227-րդ հոդվածների հիմքով, այն է՝ կարգապահական տույժերը, այս դեպքում՝ նկատողությունը։

Թռչունների բաժնի խնամող Գարեգին Խլղաթյանն ազատվել է 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերի, 121-րդ և 122-րդ հոդվածների, 223-րդ 1-ին մասի 3-րդ կետով, 224-րդ, 225-րդ, 226-րդ, 227-րդ, 321-րդ և 232-րդ հոդվածների հիմքով։ Հոդված 113-ի (Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ), 3-րդ կետն ասում է․ «աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում»։

Հարություն Հովհաննիսյանը, Աննա Ասատուրյանը, Գարեգին Խլղաթյանը և մի շարք այլ աշխատակիցներ ազատվելուց հետո ահազանգել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ իրենց խախտված իրավունքը վերականգնելու պահանջով, սակայն Տեսչական մարմնի կողմից իրականացված վարույթի արդյունքներով որևէ խախտում չի հայտնաբերվել, և վարույթները կարճվել են։

Այնուհետև նույն երեք աշխատակիցները դիմել են Երևան քաղաքի դատարան՝ նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար աշխատավարձի բռնագանձման պահանջով։

Հատված ԱԱՏՄ վարույթը կարճելու մասին որոշումից։

Դեռևս նշանակված չեն եղել նախնական դատական նիստերը, երբ Արևիկ Մկրտչյանն ազատման դիմում է գրել։ ԵԿԱ դեմ առնվազն 3 դատական հայց է ներկայացված եղել դատարան, որոնց գրագետ պաշտպանությունը կազմակերպելն արդեն նոր տնօրենի պարտականությունն էր, բայց, այնուամենայնիվ, Այգու նոր տնօրինությունը խնդրի լուծման այլ տարբերակի է գնացել՝ ազատված աշխատակիցներին վերականգնելով հաստիքներում։ Այսինքն, աշխատակիցները, որոնք Տեսչական մարմնի գնահատմամբ իրավաչափ կերպով հեռացրել են աշխատանքից նկատողության և կատարած աշխատանքին չհամապատասխանելու հիմքով, պարզապես «մատի մեկ ճտոցով» վերականգնվել են նույն պաշտոններում, ընդ որում, կրկնակի աշխատավարձերով։

Տնօրենի նոր պաշտոնակատար Էդմոն Ղազարյանը նշանակվելուց օրեր անց վերականգնել է ազատված աշխատակիցներին։ Վերականգնվելուց հետո վերոնշյալ մարդիկ դատարանից խնդրել են կասեցնել դատական գործերը։

Ստացվում է, որ Այգու նոր ղեկավարությունը դատավորի դեր է ստանձնել, միանձնյա և ինքնուրույն որոշել է վերադարձնել իր իրավանախորդի կողմից հեռացված աշխատակիցներին՝ հնարավորություն չտալով վիճահարույց խնդիրը լուծել արդար դատավարության կարգով։ 

Մեզ է տրամադրվել նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից թիվ 180222-184 վարչական վարույթը կարճելու մասին որոշումը, որի 5-րդ կետով ասվում է, որ Արևիկ Մկրտչյանը հիմք ընդունելով «Կենսաբանության և հիդրոէկոլոգիայիգիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային մակաբուծաբանության լաբարատորիայի ավագ գիտաշխատող Օ. Վ. Շչերբակովի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 23-ին կազմված Կենդանու ախտաբանաանատոմիական դիահերձման արձանագրությունը՝ կենդանիների առողջության վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումները պատշաճ չկազմակերպելու, Կազմակերպության գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանի նկատմամբ կիրառել է «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը»։

Հետաքրքիր է նաև, որ նոր ղեկավարության նշանակման հետ միաժամանակ ամբողջությամբ փոփոխվել է այգու կառուցվածքը, հաստիքացուցակը, իսկ աշխատավարձային ֆոնդը կտրուկ աճել է՝ շուրջ 20 անգամ։ Տարեկան աշխատավարձի ֆոնդը 13 մլն դրամից դարձել է 230 մլն դրամ։ 

Օրինակ՝ այժմ Այգու տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանի աշխատավարձը 850 000 դրամ է, նախկին 300 000 դրամի փոխարեն, ավելին՝ վերջինս նաև պետական բյուջեի հաշվին անձնական վարորդ է պահում, որի աշխատավարձը կազմում է 255 000 դրամ։ Ուշագրավ է նաև, որ այս պահին ԵԿԱ-ն 4 վարորդ ունի՝ տնօրենի վարորդ (255 000 դրամ), վարչական անձնակազմի վարորդ (238 000 դրամ), կենդանիների սննդի մատակարարման վարորդ (221 000 դրամ), բեռնատարի վարորդ (221 000 դրամ)։

Այսպիսով, ստացվում է, որ Երևանի կենդանաբանական այգի ՀՈԱԿ-ը պետական բյուջեի հաշվին իր բոլոր 4 վարորդներին ամեն ամիս վճարում է շուրջ 1 մլն դրամ աշխատավարձ, գումարած այլ ծախսեր՝ մեքենայի սպասարկման, վառելիքի և այլն։ Փոխարենը կրճատվել են որոշ հաստիքներ, օրինակ՝ իրավաբանի հաստիքը։

Օրինակ՝ նախորդ տնօրենի աշխատավարձը կազմել է 300 000 դրամ և տնօրեններից ոչ մեկը պետական բյուջեի հաշվին վարորդ չի ունեցել։

Ինֆորգրաֆիկան ցույց է տալիս, որ, օրինակ՝ Միջազգային կապերի պատասխանատու հաստիքի համար նախատեսված աշխատավարձը կրկնապատկվել է (53% աճ)։ Ուշագրավ է, որ Արևիկ Մկրտչյանը երկար տարիներ Այգում աշխատել է հենց այդ հաստիքով՝ 120 000 դրամ աշխատավարձով, իսկ տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո՝ 300 000 դրամ աշխատավարձով։  

Ինչպես պատմել ենք, Երևանի կենդանաբանական այգին լուրջ դժվարություններ ունի կենդանիների համար մսի և կերերի ձեռքբերման գործում։ Նախորդ տարվանից սկսած ԵԿԱ-ն չի կարողացել սահմանված ընթացակարգով հոգալ կենդանիների կարիքները։ Այս տարվա մայիսին Կառավարության կողմից Այգուն շնորհվել է մեկ անձից գնումներ կատարելու արտոնություն, որն ըստ տարբեր փորձագետների, մի շարք կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Այդ մասին կարող եք կարդալ «Կոռուպցիոն շղթա, թե՞ փրկօղակ․ ի՞նչ է կատարվում Երևանի կենդանաբանական այգում /մաս 1/» վերտառությամբ հոդվածում։ 

Արդեն նոր ղեկավարության օրոք գնումների համակարգող նոր մասնագետը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է Հրատապ մեկ անձ ընթացակարգով գնում կատարելու մրցույթ (ԵՔԿԱ-ՀՄԱԱՊՁԲ-22/07) «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կարիքների համար մսեղիքի ձեռքբերման նպատակով։ Ինչպես երևում է արձանագրություններից, մայիսի 13-ին և մայիսի 16-ին կնքվել են պայմանագրեր երկու ընկերությունների հետ՝ Նոբիլիս գրուպ և Ֆոտոն։ Նախորդ հոդվածում ներկայացրել ենք, որ Նոբիլիս գրուպ ընկերությունը ստեղծվել է 2021թ․-ի հոկտեմբեր ամսին, երբ Այգում խնդիրներ են առաջացել այդ ժամանակվա մսի մատակարար Լեբրոն ընկերության հետ։ Հետագայում պարզվել է նաև, որ Նոբիլիս գրուպ և Լեբրոն ընկերությունների գնումները համակարգել է միևնույն մարդը՝ Կարեն Աբգարյան անունով։ 

Նոբիլիս գրուպ ՍՊԸ-ն ԵՔԿԱ-ՀՄԱԱՊՁԲ-22/07 ծածկագրով մրցույթում հաղթող է ճանաչվել թռչնամսի մատակարարման պայմանագրում, իսկ Ֆոտոն-ը՝ ձկան։

«Միս՝ խոշոր եղջերավոր կենդանու» չափաբաժնի մրցույթում ընտրվել է Լեբրոն ՍՊԸ-ն, «ձիու միս» չափաբաժնում՝ «Հովհաննես Հակոբյան» ԱՁ-ն, «ավանակի միս» չափաբաժնում՝ կրկին «Հովհաննես Հակոբյան» ԱՁ-ն։ 

ԵԿԱ գնահատող հանձնաժողովի նախագահ է եղել կենդանաբույծ Ա․ Ասատուրյանը, գանձապահ Դ․ Ղազարյանը, տնտեսական մասով պահեստապետ Ն․ Վարդանյանը։ Գանձապահի դեպքում գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվելու կոմպետենտության հարց է առաջանում, իսկ կենդանաբույծ Աննա Ասատուրյանն այն նույն մարդն է, որի պատասխանատվությամբ ձեռք բերված միսը ճանաչվել է վտանգավոր և փչացած, ինչի հետևանքով Այգու բյուջեին վնաս է հասցվել, իսկ Ա․ Ասատուրյանն ազատման դիմում է գրել և հեռացել է, սակայն տնօրենի փոփոխությունից հետո վերականգնվել է աշխատանքի։

Հետագայում կնքված պայմանագրերի մասին հայտարարությամբ երևում է, որ Լեբրոն ՍՊԸ, Հովհաննես Հակոբյան ԱՁ և Արտաշես Սիմոնյան ԱՁ-ն սահմանված ժամկետներով և կարգով չեն ներկայացրել կնքված պայմանագրերը, որակավորման ապահովումները, ինչի հետևանքով զրկվել են պայմանագիր կնքելու իրավունքից։ Այնուհետև տեսնում ենք նաև, որ ՀՈԱԿ-ը դիմել է նշված մասնակիցներին «սև ցուցակ» գցելու համար, սակայն, թե ինչ որոշում է կայացվել, դեռևս անհայտ է։

Ըստ էության՝ կենդանիների համար սնունդ ձեռք բերելու խնդիրը մինչ այսօր առկախված է մնացել։ Արտոնությունը, որը տրվել է ՀՈԱԿ-ին, պետական գնումների մասնագետների գնահատմամբ ռիսկային ճանապարհ է։ Միևնույն ժամանակ, կենդանիների սննդի որակի խնդիրը նույնպես թողնված է մարդկանց՝ մատակարարների, Այգու ղեկավարության, պատասխանատու աշխատակիցների խղճին, ինչը որևէ պարագայում երաշխիք չի կարող լինել։ 

Կարծես, եթե ստեղծված իրավիճակի «մեղավորը» նախկին տնօրենն է եղել, ապա այժմ՝ նոր տնօրենի կառավարման ժամանակ, խնդիրները պետք է հարթված լինեն, սակայն, ինչպես տեսնում ենք, ընթացակարգերը շարունակվել են ձախողվել, ինչի  փոխարեն կոռուպցիոն մեծ ռիսկեր առաջացնող արտոնություն է տրվել ԵԿԱ ՀՈԱԿ-ին։ Սա նշանակում է, որ այսուհետ Երևանի կենդանաբանական այգին և հատկապես դրա գնումների գործընթացը բազմակի անգամ շատ մոնիթորինգի և հանրային վերահսկողության կարիք ունեն։ Սա իրագործելը, իհարկե, բարդ կլինի, քանի որ Այգու գնումների գործընթացը թափանցիկ և հանրային չէ՝ թղթային է, իսկ հանրությունն ընդհանրապես դուրս է մնացել գործընթացից։ 

Ուշագրավ է նաև, որ այս ամբողջ ընթացքում Երևանի կենդանաբանական այգու Կառավարման խորհուրդը, որը ստեղծվել է որպես Այգուն աջակցող մարմին հանդես չի եկել որևէ հայտարարությամբ կամ մեկնաբանությամբ, այնինչ գոնե հանրության առջև հաշվետու լինելու պարտավորություն ունի։ 

Այսպիսով, Երևանի կենդանաբանական այգում ներդրվել է կոռուպցիոն մեծ ռիսկեր առաջացնող համակարգ, որը լի է համայնքային բյուջեի ոչ արդյունավետ օգտագործման, ինչու ոչ՝ յուրացման, վտանգներով։ 

Այգու բնակիչ կենդանիների բարեկեցությունը շարունակում է կախված լինել մարդկային բարեխղճությունից։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում