«Սոված» կենդանիների հետքերով․․․ /մաս 2/

Կարդացեք նաև՝ 

Ժամանակ առ ժամանակ Երևանի կենդանաբանական այգու շուրջ իրադարձություններն ու քննարկումները թեժանում են՝ պայթյունավտանգ դառնալու աստիճանի։ Առավել շատ հասարակությունը քննարկում է կենդանիների «սոված մնալու» և անկումների խնդիրը։ Վերջին ամիսների ընթացքում կենդանիների սննդի և կերակրման թեման կարևոր ու հետաքրքրի զարգացում է ստացել։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից Երևանի կենդանաբանական այգու շուրջ կատարած վերջին ուսումնասիրությունը  ցույց է տալիս, որ կենդանիների սոված լինելու մասին այս զրույցներն այնքան էլ անհիմն չեն։

2021թ․-ի օգոստոս ամսին Այգում տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակվել՝ Արևիկ Մկրտչյանը, որը սակայն ամիսներ անց հեռացել է։ Թեպետ վերջինս կառավարման կարճ ընթացք է ունեցել, բայց այդ շրջանում տեղի ունեցած իրադարձությունները նախադեպային և բեկումնային են։ 

Նախորդ՝ «Կոռուպցիոն շղթա, թե՞ փրկօղակ․ ի՞նչ է առաջակում Երևանի կենդանաբանական այգին /մաս 1/» վերտառությամբ հոդվածում գրել ենք, որ 2021թ․-ի դեկտեմբերից մինչ այսօր Այգին չի կարողանում միս ձեռք բերել կենդանիների համար, պատմել ենք այն համակարգի մասին, որով գնումներ է կատարում այգին և ցույց ենք տվել, թե այսօր ինչպիսի խնդրահարույց լուծում է առաջարկել Այգին։

Այս հոդվածում ընթերցողների համար պատրաստել ենք իրադարձությունների ժամանակագրություն (քրոնոլոգիա), որը թույլ կտա ծանոթանալ խնդրի նախապատմությանը, համադրել փաստերը և գալ եզրահանգման։

Իրադարձությունների քրոնոլոգիա /Երևանի կենդանաբանական այգի, 2021-2022/

  • 2019թ․-ի նոյեմբերի 1-ին Երևանի կենդանաբանական այգու 8 տարվա տնօրեն Ռուբեն Խաչատրյանը դադարեցրել է իր լիազորությունները։
  • Նույն տարվա նոյեմբերի 22-ին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ԵԿԱ աշխատակիցներին ներկայացրել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին, որը նախկին տնօրենի տեղակալն էր։ Վլադիմիր Սիմոնյանը պաշտոնավարել է մինչև 2021թ․-ի օգոստոսի 5-ը։ 2021թ․-ի նոյեմբեր ամսին վերջինիս հոր՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի (Արթուր Ղազարյան) մասնակցությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Նախկին պատգամավորը և Տույը սպանվել են։ Կրակել է նաև Վլադիմիր Սիմոնյանը։
  • 2021թ․-ի օգոստոսի 5-ին քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ ԵԿԱ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Արևիկ Մկրտչյանը, որը երկար տարիներ աշխատել է ԵԿԱ-ում, սակայն Վլադիմիր Սիմոնյանի ղեկավարման տարիներին հեռացել է։
  • Օրեր անց սկսել են ցույցեր ընդդեմ Արևիկ Մկրտչյանի։ Բողոքի ակցիաների սակավաթիվ մասնակիցների մտավախությունը մեկն էր՝ Արևիկ Մկրտչյանը երկար տարիներ աշխատել էր նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատակազմում։
  • 2021թ․-ի հոկտեմբերին ԵԿԱ կերախոհանոցում հայտնաբերվել է մեծ քանակությամբ փչացած և վտանգավոր միս։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները տեղում արձանագրել են իրավիճակը և նրանց ցուցումով շուրջ 600կգ քաշով միսը ոչնչացվել է։ Այս վտանգավոր մսով կերակրվել են Այգու գիշատիչ կենդանիները։ ԵԿԱ մսի մատակարարն է եղել «Լեբրոն» ՍՊԸ-ը։ Այս դեպքի մասին Արևիկ Մկրտչյանը հրապարակայնորեն հայտարարել է 2022թ․-ի փետրվարի 16-ին՝ նշելով, որ ՀՈԱԿ-ին հասցվել է 1.230.000 ՀՀ դրամի վնաս։ Կերախոհանոցի և սննդի որակի պատասխանատուներ են եղել կերախոհանոցի աշխատակիցը, գլխավոր կենդանաբույժն ու կենդանաբույծը։
  • 2021թ․-ի նոյեմբերի 22-ին Երևանի ավագանին անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին, և վերջինս դադարեցրել է պաշտոնավարումը։
  • Սկսվել են կենդանիների համար մսի և այլ սննդի ձեռքբերման աշխատանքները, հայտարարվել են մրցույթներ։ Մասնակցել է նաև վերոնշյալ վտանգավոր մսի մատակարար «Լեբրոն» ընկերությունը։

Ընթացակարգերի մեծ մասը տապալվել և ձախողվել է, մսի ձեռքբերման խնդիրը չի լուծվել մինչ այսօր։ 

  • 2022թ․-ի հունվարի 20-ին հայտնի է դարձել, որ անկել են 5 անգղեր՝ 3 սպիտակագլուխ, 2 սև անգղ, ինչպես նաև՝ 1 լուսան։ Փետրվարին անկել են յագուարն ու եղեգնակատուն։ Անգղերի դեպքում ՍԱՏՄ լաբորատորիայի կողմից հայտնաբերվել են մի շարք ֆիզիկական խնդիրներ, այդ թվում՝ կլոր որդեր, ասկարիդի հասուն մակաբույծներ և ձվեր։
  • 2022թ․-ի հունվար-փետրվար ամսին տնօրենի որոշմամբ աշխատանքից ազատվել է գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը, ինչպես նաև՝ թռչունների բաժնի խնամող Գարեգին Խլղաթյանը, իսկ կենդանաբույծ Աննա Ասատուրյանը՝ սեփական նախաձեռնությամբ։ Ազատվել են նաև այլ աշխատակիցներ։
  • 2022թ․-ի հունվարի 26-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը հայտնել է, որ դադարեցրել է պաշտոնավորումը։ Վերջինիս համակարգման տիրույթում էր գտնվում ԵԿԱ կառավարումը։
  • 2022թ․-ի փետրվարի 24-ին Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ասել է․ «Արևիկ Մկրտչյանին ես չեմ նշանակել, պարոն քաղաքապետը չի նշանակել»։
  • 2022թ․-ի փետրվարի սկզբին Քաղաքապետարանը ԵԿԱ-ում սկսել է գնումների մասով աուդիտ։

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հանդիպումը ցուցարարների հետ։

  • Այս ամբողջ ընթացքում տնօրենի պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը պարբերաբար հրապարակումներ է կատարել Այգում հայտնաբերված խնդիրների՝ մսի որակի, կշեռքների չաշխատելու, անորակ սննդի և այլնի մասին։
  • 2022թ․-ի մարտի 25-ին Արևիկ Մկրտչյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
  • Մարտի 29-ին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժ/պ Էդմոն Ղազարյանին։ Վերջինս մինչ այդ եղել է վարչական շրջանի ղեկավար և որևէ առնչություն չի ունեցել, այժմ էլ չունի  ոլորտի հետ։
  • Արդեն 3 ամիս է՝ Այգին նոր ղեկավարություն ունի, սակայն մինչ այսօր լուծված չէ կենդանիներին որակյալ սնունդ՝ հատկապես միս մատակարարելու խնդիրը։ Անհայտ է, թե կենդանիներն այսքան ժամանակ ինչով և ինչպես են սնվել, ինչպես է ծախսվել համայնքային բյուջեն։
  • 2022թ․-ի մայիսին Երևանի կենդանաբանական այգի ՀՈԱԿ-ի կողմից ներկայացվել է կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է հրատապ կարիքի դեպքում Այգուն տալ մեկ անձից գնումներ կատարելու արտոնություն՝ առանց մի շարք ընթացակարգերի պահպանման։ Գնումների մասնագետների, փորձագետների կողմից նախագիծը գնահատվել է որպես ռիսկային, քանի որ նվազեցնում է գործընթացի թափանցիկությունը, ոչ մրցակցային է, ուստի մեծանում է նաև կոռուպցիոն ռիսկը։

Սև անգղեր Երևանի կենդանաբանական այգում։

Նախորդ հոդվածում մանրամասնորեն ներկայացրել ենք, թե ինչու է ռիսկային ԵԿԱ կողմից կառավարությանը հաստատմանը ներկայացված և 26.05.2022թ․-ին ընդունված N 741-Ա որոշումը։ Այդ և գնումների ոլորտի մի շարք խնդիրների մասին մեզ հետ զրուցել են «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» /TAAP/ ծրագրի հետազոտող Անի Սամսոնյանը և պետական գնումների մասնագետ, «Գործք» ՍՊԸ հիմնադիր, TAAP ծրագրի դասընթացավար Արմեն Սարգսյանը։ 

Լուսանկարում՝ ԵԿԱ սառցախցիկ, 2021, հոկտեմբեր (Արևիկ Մկրտչյանի էջից)

Այսպիսով, վտանգավոր և անորակ միսը հայտնաբերելուց հետո, դեկտեմբեր ամսին հայտարարվել էր 1-ին մրցույթը՝ ԵՔԿԱ-ԳՀԱՊՁԲ-22/01 ծածկագրով գնման ընթացակարգը, որով նախատեսվում էր Այգու կարիքների համար 36․800 կգ (1կգ նախահաշվային արժեքը՝ 1.900 ՀՀ դրամ) մսի ձեռքբերում։ Մասնակցության հայտ էին ներկայացրել մի շարք ընկերություններ՝ ներկայացնելով իրենց առաջարկները, այնուհետև հրավիրվել են միաժամանակյա բանակցություններ։ Այգին գնումներ է կատարում թղթային եղանակով, այսինքն, մասնակիցներն իրենց հայտերը ներկայացնում են ծրարով և բանակցությունների ընթացքում միաժամանակ սկսում են գին առաջարկել։ Հաղթում է ամենաէժան գին առաջարկողը, սակայն խելամտության սահմաններում։ 

TAAP ծրագրի հետազոտող Անի Սամսոնյանը՝ թղթային ձևով գնումների մասին։

Հայտարարված բանակցությունների օրը որպես գնահատող հանձնաժողովի նախագահ ներկա է գտնվել նաև տնօրենի պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը։ Գնումների գործընթացի թափանցիկության և հանրային լինելու սկբունքը պահպանելու նպատակով բանակցությունները ձայնագրվել են։ Այդ ձայնագրությունը հետագայում տրամադրվել է մեզ։

Բացման խոսքում Արևիկ Մկրտչյանն ասել է․ «Շատ հուսով եմ, որ պայմանագրի տեխնիկական բնութագիրն ուշադիր եք կարդացել, որովհետև, շատ լավ տեղյակ լինելով մսի շուկայում տիրող իրավիճակին, սահմանվել են այնպիսի խիստ պահանջներ՝ որպես պետական հիմնարկ, և հաղթող կազմակերպության համար այդ պահանջները լինելու են պարտադիր։ Ես պահանջելու եմ տեխնիկական բնութագրին համապատասխան ապրանքի ստացում, և պայմանը չկատարելու դեպքում արդեն իրավական հետևանքներին բոլորդ տեղյակ եք, բնականաբար։ Լինելու է նաև մսի ընդունման համար պատասխանատու ստորաբաժանում, որը ստուգելու է յուրաքանչյուր խմբաքանակը, որը մտնելու է կենդանաբանական այգի։

Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը լինելու եմ ես, հետևաբար ես ինքս անձամբ նայելու եմ յուրաքանչյուր մսի կտորը, որը մտնելու է Երևանի կենդանաբանական այգի, քանի որ մեր կենդանիների առողջությունը մեզ համար առաջնային է, վստահ եմ, որ բոլորդ արդեն համոզվում եք դրանում»։ 

Բանակցություններին մասնակցել են Արամ Գրիգորյան Մեխակի ԱՁ, Նոբիլիս գրուպ ՍՊԸ, Լեբրոն ՍՊԸ, Ֆոտոն ՍՊԸ, Հայկ Սարգսյան ԱՁ, Ղահրաման ՍՊԸ։ Բանակցությունները մեկնարկել են Լեբրոն ՍՊԸ կողմից առաջարկված նվազագույն գնից՝ 62 մլն 253 հազ 333 դրամ։

Ձայնագրության վերծանումից պարզ է դառնում, որ Նոբիլիս գրուպ ընկերության ներկայացուցիչն առաջարկում է 54 մլն 200 հազ․ դրամ, ինչը զարմանք է առաջացնում Արևիկ Մկրտչյանի մոտ և նա հարցնում է՝ «այդքան էժան միս որտեղի՞ց եք գտնելու», ինչին ի պատասխան ներկայացուցիչն ասում է՝ «ունենք»։

Սակայն ամենահետաքրքիրը դեռ առջևում է․ Լեբրոն ՍՊԸ ներակայացուցչի մի քանի վայրկյան անց հայտնած գինն ամբողջ սրահում զարմանքի ալիք է բարձրացնում՝ 18 մլն դրամ։ Ընդ որում, զարմանք և վրդովմունք են հայտնում ոչ միայն Այգու տնօրենն ու աշխատակիցները, այլև մյուս մասնակիցները։ Բոլորը փորձում են հասկանալ, թե ինչպե՞ս նախապես 62 մլն դրամ արժողությամբ գնառաջարկը դարձավ 18 մլն։ Ներկաների մոտ օբյեկտիվ կասկած է առաջանում, որ ընկերությունն ընթացակարգը տանում է տապալման, քանի որ իրականության մեջ այդ գնով մատակարարումն անհնարին է լինելու։

Նշենք, որ Լեբրոն-ը այն նույն ընկերությունն է, որի մատակարարած միսը 2021թ․-ի հոկտեմբեր ամսին ՍԱՏՄ կողմից ճանաչվել է վտանագավոր և ոչնչացվել է։ Ավելին՝ միսը վարակված է եղել խշխշան պալարով ու պաստերելյոզով։ Այս դեպքից հետո Լեբրոն-ը շարունակել է մասնակցել Այգու հայտարարած մրցույթներին։ 

Ինչևէ, բանակցությունները, թեպետ լարված մթնոլորտում, բայց շարունակվում են՝ ֆիքսելու համար մյուս առաջարկները։ Վեճի են բռնվում անգամ մասնակիցները, ինչպես ակնհայտ է դառնում ձայնագրությունից, մասնակիցներից շատերը միմյանց ճանաչում են։ Պարզ է դառնում նաև, որ Նոբիլիս գրուպ ընկերության ներկայացուցիչը՝ Կարեն Աբգարյանը, կապ ունի նաև Լեբրոն ՍՊԸ հետ։

Արևիկ Մկրտչյանը զարմանքով արձագանքում է ասելով․ «Դուք Կարենն եք Աբգարյան, ում հետ ես զրուցել եմ Լեբրոնի մատակարարումների հետ կապված»։

«Այո, ես կուրատոր եմ 15 ֆիրմայում»,- հնչում է պատասխան Կարեն Աբգարյանից։

Ստացվում է, որ միևնույն անձը միևնույն կառույցի հայտարարած գնումների շրջանակում համակարգել է երկու տարբեր ընկերությունների աշխատանքը՝ «Լեբրոն» ՍՊԸ և «Նոբիլիս գրուպ» ՍՊԸ։

Այս երկու ընկերությունների և Կարեն Աբգարյանի կողմից իրականացվող գործողություններում արդյոք եղել են հակամրցակցային պայմանավորվածություններ, շահերի բախում և այլն, առանձին լրագրողական հետաքննության թեմա է և իրավապահ մարմինների պարզելու տիրույթում է։ 

«Լեբրոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ․-ին, հիմնադիրն ու տնօրենը Նարինե Սերգեյի Ավետյանն է։ Ընկերության գործունեության հասցեն և հիմնադրի բնակության հասցեն նույնն է՝ Նորաշեն թաղամաս։ Ընկերության գտնվելու վայրն է՝ ՆՈՐԱՇԵՆ ԹՂՄ. / Շ / 27 / 72 ԲՆ.։ 34-ամյա Նարինե Ավետյանն ընկերության միակ մասնակիցն է, սակայն այլ տվյալներ ընկերության և հիմնադրի մասին պարզել չհաջողվեց։

«Նոբիլիս գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2021թ․-ի հոկտեմբեր ամսին, նույն շրջանում, երբ հայտնաբերվել է «Լեբրոն» ՍՊԸ-ի կողմից մատակարարված փչացած միսը։ Հիմնադիրը և տնօրենը 20-ամյա Գրիգոր Գագիկի Աբգարյանն է։ Գործունեության և հիմնադրի բնակության հասցեն նույնն են՝ Ք․ Երևան, ԱԴՄԻՐԱԼ ԻՍԱԿՈՎԻ Փ. / 50/3 շ. / 39 բն.։

Այսպիսով, հաշվի առնելով, որ նվազագույն գին առաջարկողը «Լեբրոն» ՍՊԸ-ն է ԵԿԱ-ն օրենքով սահմանված ժամկետներում պետք է պայմանագիր կնքեր ընկերության հետ, որից հետո սկսվեր 18 մլն դրամով 36.800 կգ տավարի մսի մատակարարումը (ստացվում է 1 կգ-ը շուրջ 500 դրամ)։

Ինչպես և սպասելի էր, պայմանագիրը չի կնքվել և ԵԿԱ-ն դիմել է ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձին՝ ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների այսպես կոչված «սև» ցուցակում ներառելու համար։ Սակայն, բողոքը քննող անձ Գրիգոր Ներսիսյանի որոշմամբ ընթացակարգը մերժվել է և «Լեբրոն» ՍՊԸ-ն ջրից կրկին չոր է դուրս եկել։ Ըստ ԵԿԱ դիմումի, ընկերությունը սահմանված ժամկետներում և կարգով չի ներկայացրել որակավորման և պայմանագրի ապահովումները, սակայն ընկերությունը բողոքը քննող անձին հետագայում ներկայացրել է փոստային անդորրագիր, որը վկայում է, որ անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են փոստային ծառայությամբ հնարավոր ամենավերջին օրը։

Նմանատիպ գործելաոճով տապալվել և չեն կայացել մի շարք մրցույթներ, ընդ որում՝ մասնակիցները նույն ընկերություններն են։ Չներկայացնելու համար ամբողջ գործընթացները ընթերցողի համար առանձնացրել ենք ամենաուշագրավ դրվագները։ 

Արդեն մարտի 3-ին՝ մի շարք տապալված մրցույթներից հետո, ԵԿԱ հայտարարել է նոր՝ հրատապ կարգով մեկ անձից գնում կատարելու մրցույթ։ Նախատեսվել է ձեռք բերել միս, ձիու միս, ընտանի թռչունների միս և այլն։ Մրցույթին կից ներկայացվել է նաև տեխնիկական բնութագիր, որտեղ սահմանված են եղել մի շարք պահանջներ, որոնք ապահովում են մսի որակը, ինչպես նաև՝ համապատասխանությունը ՀՀ իրավական նորմերի պահանջներին։ Պետական գնումների համակարգով գնում կատարելիս տեխնիկական բնութագիրն ապահովում է պահանջված ապրանքի որակական հատկանիշները, հակառակ դեպքում՝ հնարավոր է ձեռք բերել էժան, բայց անորակ ապրանք, ինչը պետությունը փորձել է կանխարգելել։

ԵԿԱ մսի սառցախցիկը՝ փետրվար ամսին (Արևիկ Մկրտչյանի էջից)։ 

Այսպիսով, ԵԿԱ կողմից դրվել է պարտադիր պահանջ՝ մսի յուրաքանչյուր խմբաքանակի հետ ներկայացնել անասնաբուժական-սանիտարական փորձաքննության եզրակացություն, ինչպես նաև՝ մսեղիքը պետք է լինի դրոշմված, յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի սպանդը հավաստող փաստաթղթով (5-րդ ձև)։ Պետք է ստեղծվի պատասխանատու ստորաբաժանում, որը ընդունելու է միսը, ինչպես նաև՝ այլ պահանջներ, որոնք ուղղված են մսի որակի նկատմամբ խիստ պահանջների սահմանմանը։

Սակայն նույն «Լեբրոն» ՍՊԸ կողմից տեխնիկական բնութագիրը բողոքարկվել է։ Բողոքում ընկերությունը մասնավորապես նշել է, թե տեխնիկական բնութագիրը առաջացնում է գնումների գործընթացքում մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտներ։ Մասնավորապես, ընկերությունը տարակուսանք է արտահայտել, թե պատվիրատուի ինչի՞ն է պետք խոշոր եղջերավոր անասունի թարմ բուդը, և նրանք գտնում են, որ դա տեղին չէ և դա մասնակցության խոչընդոտ է առաջացնում, կամ ընկերությունը զարմանք է հայտնել, թե պատվիրատուն (ԵԿԱ) պահանջել է հնդկահավի միս, բայց չի հիմնավորել, թե ինչո՞ւ հենց հնդկահավի և այսպես շարունակ։

Ընկերությունը բողոքել է սպանդը հավաստող փաստաթղթի պարտադիր պահանջ լինելու դեմ, ինչը, սակայն, Կառավարության որոշման պահանջ է։ ԵԿԱ-ն պարզապես իրավունք չունի ընդունել առանց նշված փաստաթղի միս։ Հետաքրքիր է, որ Լեբրոն ՍՊԸ բողոքում նշվել է նաև, որ «պատվիրատուն երբևիցե, նախորդ տարիների գնման ընթացակարգերի ժամանակ, չի պահանջել այս հրավերով սահմանված պահանջները»։ Ստացվում է՝ եթե այժմ պատվիրատուն փոխել է պահանջները և պահանջում է որակյալ միս, իսկ ընկերությունը չի կարող այն մատակարարել, ապա կարելի է բողոքարկել բնութագիրը և կրկին տապալել ընթացակարգը, ինչը ընկերությանը զարմանալիորեն հաջողվել է, քանի որ բողոքը քննող անձ Լևոն Օհանյանը որոշել է բավարարել բողոքը և պարտավորեցնել գնահատող հանձնաժողովին գնման ընթացակարգը հայտարարել չկայացած։

Հատված վերոնշյալ բողոքի վերաբերյալ Այգու ներկայացրած դիրքորոշումից։ Ամբողջությամբ՝ հղումով։

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանին հարց ենք ուղղել, թե արդյոք կարելի՞ է միս ընդունել առանց ուղեկցող փաստաթղթերի, ինչին ի պատասխան վերջինս խոսել է նաև հոկտեմբերին հայտնաբերված մսի մասին․

«Այգին իրավունք չունի ընդունելու միսն առանց ուղեկցող փաստաթղթերի։ Ըստ էության, նրանք պետք է չընդունեին այդ միսը՝ ասելով գնա թուղթը բեր, նոր արի։ Սակայն երկու անգամ վերցրել են՝ ունենալով պայմանագրային պարտավորություններ, բայց արդեն երրորդ անգամ դիմել են մեզ»։ 

Բողոք քննող անձանց կոռումպացված լինելու հավանականության մասին խոսել է «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» /TAAP/ ծրագրի հետազոտող Անի Սամսոնյանը` ասելով․ «Նախկինում գործող բողոքարկման մեխանիզմի մեջ բազմաթիվ չարաշահումների խնդիր կար։ Ի սկզբանե այդ մարմինը ստեղծվել է, որպեսզի գործեր որպես անաչառ, օբյեկտիվ մարմին, բայց, հաշվի առնելով այդ մարմնի կառուցվածքը, բողոքարկման խորհրդի անդամների նշանակման, համակարգի ձևավորման առանձնահատկությունները, դա այդքան էլ անկախ մարմին չէր, և ես շատ եմ լսել, որ բողոքարկման խորհրդի անդամները հակված են եղել որոշակի կոռուպցիոն գործարքների՝ հատկապես կապված սև ցուցակների հետ, շատ հեշտ է եղել պայմանավորվել այդ անձանց հետ, որպեսզի բողոքարկման խորհուրդը նրանց չգցի սև ցուցակ»։ 

«Գնումների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով սահմանել է, որ այսուհետ նման վեճերը լուծվելու են դատական կարգով, և այդ փոփոխություններն ուժի մեջ են մտել 2022թ․-ի հունիսի 1-ից։ Այդ փոփոխությունն ուսումնասիրվել է TAAP ծրագրի շրջանակներում և զեկույց է հրապարակվել, որը կարող եք կարդալ հղումով։ 

Որոշ լուրերի համաձայն, Կենդանաբանական այգում երկար տարիների աշխատանքի փորձառություն ունեցող Արևիկ Մկրտչյանը հեռացել է հենց այս՝ մի շարք մրցույթների չկայանալու և տապալված ընթացակարգերի պատճառով։ Վերջինս ազատման դիմում է գրել այս տարվա մարտի 25-ին, իսկ արդեն մարտի 29-ին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժ/պ Էդմոն Ղազարյանին, որը մի քանի օր առաջ Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարն էր և երբեք որևէ առնչություն չի ունեցել ոլորտի հետ։

Եթե ստեղծված իրավիճակի «մեղավորը» նախկին տնօրենն է եղել, ապա այժմ՝ նոր տնօրենի գալու հետ մեկտեղ, խնդիրները պետք է հարթված լինեն, սակայն, ինչպես տեսնում ենք, ընթացակարգերը շարունակվում են ձախողվել մինչ այսօր։ Ավելին, Երևանի կենդանաբանական այգի ՀՈԱԿ-ի կողմից մշակվել և Կառավարության հաստատմանն է ներկայացվել որոշման նախագիծ, որը թույլ է տալիս ԵԿԱ-ին «անսահմանափակ» և առանց ընթացակարգերի պահպանման մեկ անձից գնումներ կատարել։

Ըստ տարբեր փորձագետների գնահատականների, ընդհանրապես մեկ անձից կատարվող գնումներն ամենառիսկայինն ու կոռուպցիոն վտանգ առաջացնողն են, իսկ նշված նախագիծը՝ առավել ևս։ 

Այս նախագիծը և մի շարք այլ հետաքրքիր դեպքեր ուսումնասիրել ենք «Կոռուպցիոն շղթա, թե՞ փրկօղակ /մաս 1/» վերտառությամբ հոդվածում։ 

«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» /TAAP/ ծրագրի հետազոտող Անի Սամսոնյանը մեզ հետ զրույցում նշել է՝ կարծում է, որ սխալ է մեկ ՀՈԱԿ-ի հաշվով նման արտոնություն տրամադրելը։ Նա ասել է, որ մեծանում է նաև կոռուպցիոն ռիսկը, քանի որ մեկ անձից գնումը լի է կոռուպցիոն ռիսկերով․ «կատարվում է մեկ անձից և այդ մեկ անձը կարող է լինել փոխկապակցված անձ, ընկեր, բարեկամ․․․ մեկը, ով շահագրգիռ է ստանալ եկամուտ և օգտվում է այդ հնարավորությունից»,- եզրափակել է նա։  

Գնումների մասնագետ, «Գործք» ՍՊԸ հիմնադիր, TAAP ծրագրով դասընթացավար Արմեն Սարգսյանը ևս ասել է, որ ստեղծված իրավիճակից լուծումը միանշանակ այս նախագիծը չէ։ Կարևոր է նշել նաև, որ Այգու գնումները թղթային են, ինչը ևս մեկ լրջագույն բաց է ոլորտում։

«Թղթային գնումների դեպքում մարդկային գործոն կա, շփում կա, դա բավարար է, որպեսզի համարենք, որ դեռևս այս ինստիտուտը մինչև վերջ կայացած չէ»,- ասել է նա։

TAAP ծրագրի հետազոտող Անի Սամսոնյանը՝ Այգուն արտոնություն տրամադրելու մասին։

Այսպիսով, փաստ է, որ 2021թ․-ի վերջին ամիսներից մինչ այսօր չի լուծվել կենդանիներին որակյալ և անխափան սնունդ մատակարարելու հարցը։ Հարց է, թե մինչ այսօր ինչպե՞ս և ինչո՞վ են սնվում կենդանիները։ 2021թ․-ին վտանգավոր և փչացած մսի հայտնաբերման դեպքը հիմնավոր մտավախություն է առաջացրել, որ կենդանիներն այդպես սնվել են տևական ժամանակ։ 

Անկումները Երևանի կենդանաբանական այգում նորություն չեն, ինչպես և այլ կենդանաբանական այգիներում։ Տարբերությունն այն է, որ մեզ մոտ հաճախ հնարավոր չի եղել հիմնավոր բացատրություն տալ այդ անկումներին։ Անկումներ միշտ գրանցվել են, սակայն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի կողմից փչացած միս հայտնաբերելու, դեպքը արձանագրելու և հանրայնացնելու, պատասխանատու աշխատակիցներին հեռացնելու գործընթացը նախադեպային է։ 

Թե ի՞նչ կապ կարող է լինել կենդանիների անկման և վերոնշյալ խնդիրների միջև,  կարդացեք շուտով հաջորդ՝ «Մենք այն ենք, ինչ մենք ուտում ենք» /մաս 3/, վերտառությամբ հոդվածում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում