Ահազանգ․ ամբողջ գյուղն ուրախ-զվարթ մասնակցել է արյունալի շնամարտի (տեսանյութ)

Թեպետ ՀՀ Քրեական օրենսգրքի 258.2 հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ շնամարտերի կազմակերպման և իրականացման համար, այնուամենայնիվ Հայաստանի ամբողջ տարածքում շարունակվում են արձանագրվել այս արյունալի երևույթի դեպքերը։ Օրերս ահազանգ է հնչել Մաստարա գյուղի տարածքում կազմակերպված շների մարտերի մասին։ 

Ականատեսները տեսանկարահանել են շնամարտից փոքր դրվագ և ահազագել դեպքի մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք։ Ականատեսը պատմել է․ «Ամբողջ գյուղը տարված էր այս միջոցառմամբ, բոլորն ուրախ-զվարթ էին։ Լուսանկարի երեխան երջանիկ-երջանիկ իր արյունոտ շանը տանում էր։ Զարհուրելի երևույթ է, պետք է ոչ ոք անտարբեր չլինի»։ 

Վերջինս ընդգծել է, որ նույն շրջանում որոշ ժամանակ առաջ ևս մեկ շնամարտի դեպքի է ականատես եղել, դիմել են ոստիկանություն, սակայն ոստիկանության աշխատակիցները շատ ուշացմամբ են ժամանել դեպքի վայր և չեն ձեռնարկել պատշաճ գործողություններ։

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում