«Վայրի առևտուր»․ ֆիլմ վայրի կենդանիների միջազգային առևտրի և Հայաստանի մասին

ՀՀ-ը ներգրավված է վայրի կենդանիների միջազգային առևտրում և հանդիսանում է տարանցիկ երկիր։ Վայրի կենդանիները, հիմնականում, ներմուծվում են Հայաստան՝ 3-րդ երկիր արտահանվելու նպատակով, սակայն շատ հաճախ կենդանիները պարզապես անհետանում են այս «վայրի առևտրի» ցանցում։ 

Վերջին տարիներին Հայաստան աննախադեպ քանակությամբ վայրի կենդանիներ են ներմուծվել առևտրային նպատակներով։ Կապիկներ, վագրեր, առյուծներ, 40-ից ավելի ընձուղտներ, զեբրեր, կոկորդիլոսներ, անտիլոպներ, տարբեր տեսակի կատվազգիներ, հարյուրավոր թռչուններ․․․ մեծաքանակ կենդանիներ, որոնց տեղն ամենևին Հայաստանը չէ։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանը հեղինակել է «Վայրի առևտուր» ֆիլմը, որը պատմում է 2017-2021 թվականների ընթացքում վայրի կենդանիների առևտրում Հայաստանի մասնակցության մասին։ 

Պահպանության կարիք ունեցող կենդանիները՝ առևտրի առարկա

Ներկրվող կենդանիներից շատերը վտանգված և անհետացող տեսակներ են՝ գտնվում են Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում, ներառված են վայրի բնության առևտուրը կարգավորող ՍԻԹԵՍ միջազգային կոնվենցիայի 1-ին կամ 2-րդ հավելվածներում։ Նրանք վայրի բնությունից են, մի մասը՝ բուծարաններից, որոշների ծագման փաստաթղթերը ձեռք բերել չի հաջողվել։ Ներմուծված կենդանատեսակներից 21-ը IUCN չափանիշներով վտանգված կամ խոցելի են, այսինքն գտնվում են հատուկ պահպանության ներքո և նրանց տեղափոխումն առևտրային նպատակներով ցանկալի չէ։ 9-ը կենդանատեսակ ներառված է ՍԻԹԵՍ 1-ին հավելվածում, իսկ 2 տասնյակից ավելին՝ ՍԻԹԵՍ 2-րդ հավելվածում։ Կոնվենցիան հատուկ նշում է, որ 1-ին հավելվածում ընդգրկված տեսակներն անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներն են և այս նմուշների տեղափոխումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում, իսկ 2-րդ հավելվածում ընդգրկվածները վտանգված են և նրանք պետք է գտնվեն մշտական վերահսկողության ներքո։ 

Երկար տարիներ վայրի բնության առևտրի խնդիրն ուսումնասիրած, ASOC օվկիանոսի և կենսաբազմազանության հարցերով խորհրդատու, Կենդանիների բարեկեցության միջազգային ֆոնդի (IFAW) ռուսաստանյան գրասենյակի նախկին ղեկավար Մարիա Վորոնցովան մանրամասնել է․ «Երկրորդ հավելվածում ընդգրկված են ավելի քիչ վտանգված կենդանատեսակները, որոնք պահանջում են միայն ներմուծման թույլտվություն, և 3-րդ հավելվածն ավելի շատ ինչ-որ կերպ հաշվելու համար է, թե ի՞նչ է տեղի ունենում, որպեսզի կառավարելի լինի, կոպիտ ասած՝ վիճակագրության համար։

Շատերն ասում են, որ ՍԻԹԵՍ-ը առևտրային կոնվենցիա է, բայց այդպես չէ․ այն կանոնակարգում է տեղափոխումը երկրների միջև և ուղղված է կենդանական աշխարհի պահպանմանը»։

Կապիկները՝ Հայաստանին սպառնացող «վտանգ»

Ներմուծված կենդանիների մեծ մասը դեռևս չի արտահանվել և նրանց գտնվելու վայրի մասին անգամ հստակ տեղեկություններ չկան, քանի որ Հայաստանում գոյություն չունի որևէ միասնական համակարգ կամ բազա։ Որպես օրինակ ներկայացնենք 2017-2021 թվականների ընթացքում ՀՀ ներմուծված և արտահանված տարբեր տեսակի կապիկների համեմատությունը։ 

Ըստ ՍԱՏՄ և ՊԵԿ պաշտոնական տվյալների ներմուծվել են շուրջ 150 կապիկներ և արտահանվել են ընդամենը՝ 50-ը։ Դա նշանակում է, որ շուրջ 100 կապիկներ պետք է գտնվեն Հայաստանում, սակայն կենդանիների ներկայիս կարգավիճակի մասին ընդհանրապես տեղեկություններ չկան։ Սա կրում է համատարած բնույթ, վերաբերվում է բոլոր ներմուծված կենդանիներին։ 

Այս հետաքննական ֆիլմը պատրաստելու ընթացքում էլ նման դեպք է արձանագրվել․ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հայտարարություն է տարածել, որ իր Դանա անունով ռեզուս մակակ տեսակի կապիկը կորել է։ Պարզվել է, որ շաբաթներ անց Դանա կապիկը այդպես էլ չի գտնվել, սակայն նույն մարդը երկու նոր կապիկ է ձեռք բերել։ 

Կենդանաբանական այգիների և վայրի բնության կենդանաբույժների եվրոպական ասոցիացիայի (EAZWV) կենդանաբուժական խմբի ավագ խորհրդատու, Հեպարդների պահպանման հիմնադրամի (Cheetah Conservation Fund), Կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի (AZA) կատվազգիների պահպանման խմբի (FELID TAG), Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Եղջերուների պահպանության աշխատանքային խմբի (Deer Specialist Group), FPWC և IAR գլխավոր կենդանաբույժ Իման Մեմարիանն ընդգծել է, որ ռեզուս մակակ տեսակի կապիկները լուրջ խնդիր կարող են դառնալ տարածաշրջանի երկրների համար։ 

Այս տեսակի կապիկների 76 տոկոսը դրական է հերպես B վիրուսի նկատմամբ։ Սա իսկապես վտանգավոր զոոնոզ հիվանդություն է և ռեզուս մակակը կարող է միայն կրողը լինել առանց խնդրի որևէ արտահայտման, բայց մարդու համար այն կարող է մահացու լինել։ Բացի այդ, եթե հանկարծ կենդանին հայտնվի վայրի բնության մեջ, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել․ «Նրանք չեն պատկանում այս բնությանը, նրանք կարող են դիմանալ շատ ցուրտ ձմռանը, կարող են դիմանալ իսկապես շոգ եղանակին, նրանք ամենակեր են՝ ուտում են ամեն ինչ, և նրանք կարող են այս տարածաշրջանում պոտենցիալ ինվազիվ տեսակ լինել։ Մենք այդպիսի խնդիր ունենք Իրանի հյուսիսային հատվածում։ Եվ գիտեք, եթե նման ինվազիվ տեսակ եք ունենում, ապա հեռացնելը նրանց բնությունից չափազանց բարդ գործընթաց է լինելու»,- մանրամասնել է նա՝ ընդգծելով, որ այդ խնդիրն արդեն իսկ առաջացել է Իրանում։ 

Կենդանիների ներմուծման և արտահանման ՊԵԿ ու ՍԱՏՄ տվյալները հաճախ չեն համընկնում։ ՊԵԿ պարզաբանմամբ դա կապված է մեթոդաբանության տարբերության հետ։ Բացի այդ թե ՊԵԿ-ը, թե ՍԱՏՄ-ն պնդում են, որ ԵԱՏՄ օրենսգրքի համաձայն իրավունք չունեն հայտնելու, թե որ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից է իրականացվել ներմուծումը կամ արտահանումը, քանի որ դա գաղտնիքներ պարունակող տեղեկություն է և տրամադրել են միայն ներմուծողների և արտահանողների ցանկ, շատ հաճախ՝ թերի և առանց որևէ նույնականացման հնարավորության։ 

Տվյալների բազան ստեղծվել է մեր կողմից մի քանի գերատեսչությունների տեղեկատվության համադրման սկզբունքով, ուստի որոշ դեպքերում անգամ հնարավոր չէ այլ մանրամասներ պարզել։ Սակայն դուրս են բերվել շուկայի գրեթե բոլոր խոշոր կամ միջին մասնակիցները։

2017-2021 թվականների ընթացքում ներմուծված և արտահանված կենդանատեսակների բազա (ՍԱՏՄ)։ 

2017-2021 թվականների ընթացքում ներմուծված և արտահանված կենդանատեսակների բազա (ՊԵԿ)։ 

ՀՀ-ում վայրի կենդանիների առևտրի մասնակիցների ցանկ։ 

Ամենախոշոր ներմուծողը սնանկացել է

Հայաստանում վայրի կենդանիների առևտրով զբաղվողները մի քանիսն են, իսկ ամենախոշոր ընկերությունը մեկն է՝ «Զօօ ֆաունա Արտ» կամ արդեն «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ը՝ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

«Զօօ ֆաունա Արտ»-ը հիմնադրվել է 2009 թվականին, զբաղվում է կենդանիների ներմուծմամբ, արտահանմամբ, բուծմամբ, վաճառքով։ Հիմնադրման տարում էլ՝ 2009 թվականին ընկերությունը 120 հազար ԱՄՆ դոլարի վարկային պարտավորություն է ստանձնել և չի կատարել այդ պարտավորությունները, իսկ 2017 թվականին ճանաչվել է սնանկ։ Ընկերության հիմնադիր Արթուր Խաչատրյանը գրավադրել է եղբորը՝ Արմեն Խաչատրյանին պատկանող «Խալեյան» ՍՊԸ-ի տարածքը, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում։ Սա այն տարածքն է, որտեղ ըստ պաշտոնական տվյալների գտնվում են ներմուծված կենդանիները՝ վագրեր, առյուծներ, ընձուղտներ և այլն։ Ի դեպ, տարածքը շրջապատված է բնակելի տներով։ Ուշագրավ է, որ պատասխանատու պետական մարմիններից ոչ մեկը հստակ տեղեկություններ չունի այդ տարածքի կարգավիճակի մասին․ ի վերջո ի՞նչ է սա՝ կենդանաբանական այգի, բուծարան, կարանտինային կետ, թե՞ ինչ։

Ընկերության տարածքը գրավադրված է, իսկ «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ն արդեն գտնվում է լուծարման փուլում և հնարավոր է՝ տարածքը, որտեղ այժմ գտնվում են կենդանիները, հանվի աճուրդի և վաճառվի, իսկ թե ի՞նչ է լինելու այնտեղ գտնվող կենդանիների հետ, անհայտ է։ Ընկերության հիմնադիրն Արթուր Խաչատրյանն է, տնօրենը վերջինիս կինն է՝ Նաիրա Սարգսյանը։ 

Ընկերությունը շարունակել է կենդանիների ներմուծումն անգամ սնանկ ճանաչվելուց հետո՝ մինչև 2019 թվականը, իսկ արդեն 2019թ․-ին ստեղծվել է նոր ՍՊԸ՝ «Ֆաունա Զօօ» անվամբ, որի հիմնադիրը Արթուր Խաչատրյանի որդին է՝ Արամ Խաչատրյանը, տնօրենը նույնն է՝ Նաիրա Սարգսյանը։ Արթուր Խաչատրյանը փաստաթղթերով այլևս կապ չունի ընկերության հետ, սակայն իր ակտիվ մասնակցությունն ունի ընկերության գործերում։ Փաստացի, Արթուր Խաչատրյանը սնանկության և լուծարման է տարել իր հիմնադրած ընկերությունը, որի փոխարեն բացել է նոր ՍՊԸ՝ գրանցված որդու անունով։ 

Արթուր և Արամ Խաչատրյանները ակտիվ մասնակցություն են ունեցել 2018թ․-ին Երևանի կենդանաբանական այգու ղեկավարության դեմ իրականացվող բողոքի ակցիաներին՝ պահանջելով ղեկավարության հրաժարականը։ 

2014 թվականին Արթուր Խաչատրյանի նկատմամբ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը միջազգային հետախուզում է հայտարարել անօրինական ճանապարհով ՀՀ բոնոբո տեսակի կապիկներ ներմուծելու կապակցությամբ։ Նույն թվականի հունվարին ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում։

Ըստ ՊԵԿ տրամադրած տվյալների՝ նախաքննության ընթացքում Արթուր Խաչատրյանը չի ձերբակալվել, նրա մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։ ՊԵԿ քննչական վարչության կողմից գործի նախաքննությունը ձգվել է մինչև 2016 թվականը, իսկ արդեն 2016թ․-ի մայիս ամսին նույն ՊԵԿ նախաձեռնությամբ և ԱԺ որոշմամբ մաքսանենգությանն առնչվող որոշ դրույթներ ապաքրեականացվել են, այդ թվում՝ 215-րդ հոդվածը, ինչի հետևանքով նույն թվականի հուլիս ամսին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճել՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Գործը փակվել է կարծես ոչինչ չէր էլ եղել։ 

Ի՞նչ է սպասվում ընձուղտներին

Կենդանիները կարող են վնասվել և անկել տեղափոխման պահից սկսած։ Հայաստանում չկա որևէ մարմին, որն ամբողջական տեղեկատվության է տիրապետում այս կենդանիների վերբերյալ։ Մոտ ապագայում սա շատ մեծ բեռ և պատասխանատվություն է դառնալու ՀՀ-ի համար, հատկապես ներմուծված 44 ընձուղտների պարագայում, քանի որ որքան կենդանիները մեծանում են, այնքան քիչ է հավանականությունը, որ նրանց կարելի է տեղափոխել այլ երկիր։ «Վստահաբար մեծ փղին կամ հսկայական երկար ընձուղտին տեղափոխելն անիրական է դառնում առնվազն ինքնաթիռով։ Ցամաքով տեղափոխումը ևս անհնար է դառնում, քանի որ կան շատ կամուրջներ, էլեկտրական սյուներ, լարեր։ Ընձուղտի դեպքում մինչեւ երեք տարեկանն իդեալական ժամանակահատվածն է տեղափոխման համար, բայց որքան երիտասարդ, այնքան լավ»,- ասել է Իման Մեմարիանը։ 

Ընդգծենք, որ ներմուծված ընձուղներն, ըստ Իման Մեմարիանի, արդեն մոտ են 3 տարեկանին։ 

2020-2021 թվականներին «Ֆաունա Զօօ» ՍՊԸ կողմից ներմուծված կենդանիների մեծամասնությունը Հարավաֆրիկյան հանրապետության ամենահյուսիսային նահանգում գտնվող Thaba Manzi Wildlife Service անվամբ կազմակերպությունից են, որի կարգախոսն է՝ «գնում և վաճառում ենք վայրի բնությունը»։ Այնտեղ կազմակերպվում են կենդանիների աճուրդներ, ցանցով և այլ տեսակի նկարահանումներ, կենդանիների տեղափոխում, ավիացիոն ծառայություններ և այլն։ Վայրի բնության առևտրով զբաղվում է Կույերի ընտանիքը։

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված ձեռքբերման փաստաթղթերից մեկի՝ 2020 թվականի նոյեմբեր ամսին «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ն նշված բուծարանից ձեռք է բերել 113 գլուխ կենդանի։ Վերջին տարիներին աշխարհում ընձուղտների պոպուլյացիայի կրճատում է նկատվում, որոշ ենթատեսակներ հատուկ պահպանության ներքո են անցել։ «Ֆաունա Զօօ» ՍՊԸ կողմից ձեռք է բերվել վտանգված հյուսիսային ընձուղտի 45 առանձնյակ շուրջ 25 մլն դրամ արժողությամբ։ Սակայն ՀՀ տարածք ներմուծվել է 44-ը, որոնց մաքսային արժեքը կրկնապատկվել է՝ կազմելով ավելի քան 55 մլն դրամ։ Նույն կերպ ձեռք է բերվել 7 սովորական ջրային այծքաղ, սակայն ՀՀ տարածք ներմուծվել է 6-ը։ Ըստ փաստաթղթերի՝ ձեռք են բերվել կենդանիներ, որոնք այդպես էլ չեն ներմուծվել Հայաստան։ Ներկայացված փաստաթղթերում նմանատիպ բազմաթիվ անհամապատասխանություններ կան։

Կենդանիների հետ պատահած ցանկացած դեպք ազդելու է Հայաստանի միջազգային համբավի վրա։

ՀՀ ՇՄՆ Կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը պնդել է, որ նախքան ընձուղտների և մյուս կենդանիների ներմուծումը թույլատրելը նախարարությունը դիմել է ՀՀ ԳԱԱ և ԲԸՏՄ։ Այդ երկու կառույցների կողմից տրվել է դրական եզրակացություն, սակայն ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը չի հիշում նման դեպք և ընդգծում է, որ թույլտվություն լիազոր է տրամադրել միայն ՇՄՆ-ը, որի համար էլ գոյություն ունի սահմանված կարգ։ Իսկ թե ինչ հանգամանքներում են գիտական մարմնի ներկայացուցիչները դրական եզրակացություն տրամադրել, անհրաժեշտ է պարզել, քանի որ կենդանիներին ներմուծելու որևէ գիտական հիմնավորում գոյություն ունենալ չի կարող․ այդ կենդանիները նախատեսված են առևտրի համար։ 

Ո՞ւր է անհետացել կովկասյան հովազը

Վայրի առևտրի օբյեկտ են դառնում նաև հազվագյուտ և վտանգված կենդանատեսակները։ «Զօօ Ֆաունա Արտ» ընկերությունը 2018թ-ին ՇՄՆ թույլտվությամբ Ուկրաինայից ներմուծել է մեկ կովկասյան հովազ՝ բուծման նպատակով։ Նախարարությունը տրամադրել է ներմուծման թույլտվություն, սակայն այժմ չի տիրապետում որևէ տվյալի կենդանու կարգավիճակի և գտնվելու վերաբերյալ, այն դեպքում, որ աշխարհում և Հայաստանում հովազը հատուկ պահպանության տակ է գտնվում, իսկ 2019-ը Հայաստանում հռչակվել էր հովազի տարի։ ՍԱՏՄ տվյալների համաձայն նշված տարածքում հովազ չկա։ 

ՇՄՆ պաշտոնյա Սևակ Բալոյանը կրկին նշել է, որ հովազի ներմուծման դեպքում էլ դրական եզրակացություն են ստացել ԲԸՏՄ-ից և ՀՀ ԳԱԱ-ից՝ անազատ պայմաններում բազմացման համար։ Հովազի ծագման մեզ տրամադրված փաստաթղթրի համաձայն կենդանին ծնվել է 2003 թվականին, այսինքն ներմուծման պահին՝ 2018թ․-ին արդեն իսկ եղել է 15 տարեկան, իսկ այժմ շուրջ 20 տարեկան է։ Փորձագետ Իման Մեմարիանն ընդգծել է․ «Բնության մեջ հովազներն ապրում են 12 տարուց ոչ ավել, իսկ կենդանաբական այգիներում կարող են ապրել 20 տարուց ավել, բայց նրանց չի կարելի բուծել մեծ տարիքում։ Այսպիսով, 7-8 տարեկանից հետո վերարտադրողական ֆունկցիան իջնում և իջնում է, իսկ 12-ից հետո արդեն անհնար է»։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն այցելել է «Ֆաունա Զօօ» ՍՊԸ հասցեով, փորձել կապ հաստատել Արթուր Խաչատրյանի հետ, սակայն ապարդյուն․ Խաչատրյանը հրաժարվել է խոսել մեզ հետ, ինչը ևս մեկ անգամ ցուցադրում է, որ այս մասնավոր տարածքը, որտեղ հարյուրավոր կենդանիներ են պահվում, փակ է հանրության համար։ 

Հայաստանում գրեթե բացակայում է պետական և հանրային վերահսկողությունը, չկան համապատասխան կարողություններ և դրան զուգահեռ ՇՄՆ-ը վայրի կենդանիների ներմուծման մի քանի տասնյակ թույլտվություններ է տրամադրում։ ԲԸՏՄ-ը իբրև այն կառույցն է, որը պետք է իրականացնի վերահսկողություն ոլորտի նկատմամբ, բայց պարզվում է, որ վերահսկողն ու վերահսկվողը ընկերներ են․ վերջերս ՇՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ԲԸՏՄ պաշտոնյան, երկու փոխնախարարների, այլ պետական ծառայողների ներկայությամբ, բացահայտ հայտարարել է, որ Արթուր Խաչատրյանն իր ընկերն է և ինքը չի ամաչում դրանից։ ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը մեզհետ զրույցում նշեց, որ Տեսչական մարմնի որևէ աշխատակցի ընկեր արտոնյալ չէ և այդ պաշտոնյան չի մասնակցի «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ում նախատեսվող ստուգմանը։

Հետաքննության ընթացքում ևս մեկ հետաքրքիր դեպք է արձանագրվել․ ֆեյսբուքյան օգտատերը բացահայտորեն ռեզուս մակակ տեսակի կապիկի ձագերի վաճառքի հատարարություն է տարածել, հատնվել են տասնյակ գնորդներ, որոնցից մեկն էլ լրագրողը։ 1 ժամվա ընթացքում 3 ձագերը վաճառվել են 700 դոլարով, իսկ «գնորդ-լրագրողին» խոստացել են 10-15 օրվա ընթացքում կրկին բերել։ 

Հիմնական «գործընկերը» Ռուսաստանն է

Հավանաբար, թերի վերահսկողությունն է գլխավոր պատճառը, որ Հայաստանն այդքան գրավիչ է կենդանիների առևտրով զբաղվող մարդկանց համար։ Հայաստանում վայրի առևտրի մասնակիցներից է ռուսաստանաբնակ Էդուարդ Խաչատուրյանը։ Մոսկվայի շրջակայքի Դեսնա գյուղի, Շիրոկայա փողոցում գտնվում է Խաչատուրյանին պատկանող առանձնատունը, որը վերջինս անվանում է Планета обезьян մասնավոր կենդանաբանական այգի։ 2018 թվականին ՌԴ-ում սկանդալային իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց ներգրավված է եղել նաև Հայաստանը։ Կապիկների մեծ գլխաքանակի ապօրինի տեղափոխման հետևանքով ՀՀ-ի հետ առևտրի արգելքներ են սահմանվել։ Ռուսական մամուլը գրել է, որ կապիկներին փորձել է տեղափոխել Էդուարդ Խաչատուրյանն իր Планета обезьян ՍՊԸ-ով։ Կապիկները պետք է օգտագործվեին բժշկական փորձարկումների նպատակով, 33 կապիկներ առգրավվել են Ռոստովի շրջակայքում, ինչից հետո միայն պարզ է դարձել, որ կենդանիները Հայաստանից են։ Ռուսական մամուլը հայտնել է նաև, որ մինչև 2018թ․-ի փետրվար ամիսը Խաչատուրյանը շուրջ 1000 կապիկ է ներմուծել, բայց Հայաստանից այլ բան են պնդում։

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը մեզ հայտնել է, որ խոսքը գնում է 2 կապիկի մասին, այն էլ՝ ոչ թե մաքսանենգության դեպք է, այլ պարզապես սխալ լրացված փաստաթղթերի։ Պարզվել է նաև, որ արգելքը գործում է մինչ այսօր և այժմ հայկական կողմը նախաձեռնել է միջոցներ պրիմատների արտահանման արգելքը դեպի ՌԴ վերացնելու ուղղությամբ։ 

Թեպետ ՍԱՏՄ պաշտոնյան պնդում է, որ խոսքը մաքսանենգության մասին չէ, ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել այս դեպքի անչությամբ։ 33 կապիկներն առգրավվել են ՌԴ հարավային օպերատիվ մաքսատան աշխատակիցների կողմից։ Խաչատուրյանը բողոք է ներկայացրել Ռոստովի շրջանի արբիտրաժային դատարան՝ պնդելով, որ մաքսատան աշխատակիցներն իրավունք չեն ունեցել ստուգելու և առգրավելու կապիկներին։ Դատարանը չի բավարարել պահանջը, սակայն Խաչատուրյանը բողոքարկել է և արդեն վերաքննիչ արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել վերացնել նախորդ որոշումը և դադարեցնել վարույթը։

Իսկ մեկ այլ գործով՝ կրկին 2018թ․-ին Մոսկվայի դատարանը որոշում է կայացրել առգրավել Խաչատուրյանի մոտ պահվող կեդանիներին և ենթարկել նրան վարչական պատասխանատվության։

Էդուարդ Խաչատուրյանը կապված է նաև վերոնշյալ «Ֆաունա Զօօ» ՍՊԸ հետ․ 2021թ-ին ՇՄ նախարարությունը վերջինիս 6 ընձուղտի, 2 սերվալ կատվի վերաարտահանման ՍԻԹԵՍ հավաստագիր է տրամադրել։ Գործարքը պետք է տեղի ունենար Էդուարդ Խաչատուրյան ԱՁ-ի և «Ֆաունա Զօօ»-ի միջև։

Թռչնասեր առևտրականը

Երզնկյան զոո ցենտր ՍՊԸ գործունեությունը նույնպես ուշադրություն է գրավում։ Ընկերությունը գրանցված է Վահրամ Երզնկյանի անունով, Նոր Նորքի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում։ Հետաքրքիր է, որ 2017թ․-ին մամուլում հրապարակում է եղել, համաձայն որի՝ Վահրամ Երզնկյանը թռչուններ է փրկում վաճառքից կամ վիրավոր և վերադարձնում վայրի բնություն։ Հրապարակման մեջ Վահրամ Երզնկյանն ասում է՝ եթե մեկը վայրի թռչուն է վաճառում, կամ՝ ցանկանում խնամքի հանձնել, ընկերները տեղեկանալով՝ զանգահարում են նրան։ Բայց պարզվեց Վահրամ Երզնկյանն ինքն է զբաղվում թռչունների առևտրով։ 

Վահրամ Երզնկյանը նաև հազվագյուտ թռչունների հետ է գործ ունենում․ 2016-ին ստացել է վտանգված տեսակի արծիվ (Bateleur/Teratopius ecaudatus) վերաարտահանելու թույլտվություն, որից ՀՀ-ում չի հանդիպում, ավելին՝ թռչունը եղել է վայրի բնությունից:

ՇՄՆ կողմից տրամադրված թույլտվությունների ուսումնասիրմամբ պարզ է դառնում, որ ընկերությունը զբաղվում է թռչունների, այդ թվում՝ գիշատիչ, ներմուծմամբ և արտահանմամբ։ Տվյալների բազայում «Երզնկյան զոո ցենտր» անունը շրջանառվում է սկսած 2019թ․-ից։ 2020թ․-ին «Երզնկյան զոո ցենտր» ՍՊԸ-ն ստացել է 7 կալաո տեսակի թռչուն դեպի Ուկրաինա՝ «Ֆելդման էկո-պարկ» ՀԿ արտահանելու թույլտվություն, նպատակը՝ հավաքածուի համալրում։ Թռչունները վայրի բնությունից են՝ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունից։ Նշված պարկը ևս մեկ ժամանցի կենտրոն է կենդանիների մասնակցությամբ։ 2021-ին «Երզնկյան զոո ցենտր» ՍՊԸ ստացել է վայրի բնությունից վերցված 7 աֆրիկյան մարաբուի նույն էկո-պարկ արտահանելու թույլտվություն՝ վաճառքի նպատակով։ Ի դեպ, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով այս պարկը հրետակոծվել է, շատ կենդանիներ փախչել են և սպանվել։

Թռչունների դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է․ ՍԱՏՄ և ՊԵԿ տվյալներում հաճախ մանրամասնած չէ, թե կոնկրետ ինչ տեսակի թռչուններ են ներմուծվել կամ արտահանվել, այլ գրված է հավաքական՝ թռչուններ կամ վայրի թռչուններ։ 

Թռչունների առևտրով զբաղվող է նաև Քամալյան Արմեն անունով անձը։ Թեպետ ՊԵԿ տվյալներում վերջինս ընդհանրապես բացակայում է, իսկ ՍԱՏՄ հավաստիացնում է, որ այլ տվյալների չի տիրապետում, սակայն հետաքննության ընթացքում պարզվեց, որ վերջինս կրկին կապված է Արթուր Խաչատրյանի և «Ֆաունա Զօօ» ՍՊԸ հետ․ նա 2017 թվականին լուսանկարվել է «Ֆաունա Զօօ» տարածքում սպիտակ առյուծի հետ։ Պարզվեց նաև, որ վերջինս փոխկապակցված է արդեն լուծարված «Էկզոտիկ թռչուններ բուծողների և տիրապետողների հայկական միավորում» ՀԿ հետ, որի ղեկավար Բագրատ Հարությունյանը 2014թ․-ին մամուլում ահազանգում էր էկզոտիկ թռչունների առևտրում Հայաստանում մասնակցության մասին։

Քամալյան Արմենը տվյալների բազայում հանդիպում է մի քանի անգամ․ 2017, 2018, 2019, 2021 թվականներին իրականացրել է արտահանում, սակայն ոչ մի ներմուծում։ Քամալյան Արմենը ստացել է մի քանի ՍԻԹԵՍ թույլտվություններ, կենդանիների տեղափոխման հասցեն կրկին բնակարանային տարածք է՝ Մաշտոցի պողոտա։ Վերջինս տարբեր տարիներին թութակների արտահանման թույլտվություններ է ստացել, այդ թվում վտանգված Ժակոներ, Ալեքսանդրի թութակ։ Եվ բոլորը դեպի Ռուսաստան։

2018 թվականից տվյալների բազայում հանդիպում է ևս մեկ անուն՝ Արտակ Նազարյան, որը ևս մեծ հավանականությամբ թութակների առք ու վաճառքով է զբաղվում։ 2019-ին, 2020-ին, 2021-ին վերջինս արտահանել է կենդանիներ։ ՍԻԹԵՍ գրանցամատյանում 2014-ին գրանցվել է Արտակ Նազարյան ԱՁ-ն, որն իրականացնում է ամազոնյան թութակի, արաների, ժակոների բուծում։ Նրա ինքնությունը նույնականացնել չհաջողվեց։

Պարզապես թութակ, թե՞․․․

Տարբեր տեսակի թութակներ մեծ քանակությամբ Հայաստան ներմուծել են Լեհաստանից, Մադագասկարից, Մալիից, Սուրինամից, Իրանից և այլն։ 2017-2021 թվականներին Հայաստան ներմուծվել է ընդհանուր առմամբ 2416 թութակ, իսկ արտահանվել է՝ 587-ը, որոնց մեջ եղել են նաև վտանգված տեսակներ, օրինակ 2019-ին Լեհաստանից ներմուծվել է 2 կանաչ փոքր արա, որը IUCN չափանիշներով խոցելի տեսակ է։ Ներմուծվել են 20 վտանգված մոխրագույն թութակներ Հարավային Աֆրիկայից, կռունկի խոցելի ենթատեսակ Black crowned crane 12 առանձնյակ Բենինից և այլն։

EAZA կենդանաբույժ-խորհրդատու Իման Մեմարիանն ասում է․ «Աֆրիկյան մոխրագույն թութակ․ բոլորը կարծում են․ «Լա՛վ, հասարակ ընտանի թռչուն է», բայց եթե նայեք IUCN կարմիր ցուցակը, ապա կտեսնեք, որ այս տեսակի անհետացման եզրին կանգնելու հիմնական, կարևոր պատճառը, որպես ընտանի կենդանի, առևտուրն է։ Պատճառը, որ այս կենդանատեսակը կանգնած է վերացման վտանգի առջև, այն է, որ դու գնում ես նրան որպես ընտանի, գնում ես և մտածում․ «օ՜, ինչ հաճելի թռչուն է, կարող է մարդու նման խոսել և այլն», բայց դու չգիտես, որ այն, ինչ դու ես անում հիմնական պատճառն է, որ նրանք կտրում են թռչնին բնությունից․ աղքատ մարդիկ սկզբնաղբյուր պետություններում չեն մտածում բնապահպանության մասին, նրանք մտածում են փողի մասին, նրանք պետք է գոյատևեն»։

Կարևոր փաստ է արձանագրում նաև Մարիա Վորոնցովան․ «Հայտնի է, որ այն կենդանիները, որոնք հայտնվում են մասնավորի ձեռքերում, նրանցից վայրի բնությունից որսվում է 10 անգամ ավելի շատ։ Այսինքն, եթե դուք տանը թութակ ունեք, ապա ճանապարհին, տարբեր իրավիճակներում անկել է 9 առանձնյակ, որպեսզի ձեր 1-ը հայտնվի ձեզ մոտ»։

Բացի խոշոր կենդանիներն ու թռչունները Հայաստանով անցնում են նաև հազվագյուտ սողուններ, երկկենցաղներ։ Օրինակ՝ Էդուարդ Խաչատուրյանը 2017-ին 3 հատ վտանգված աֆրիկյան կրիայի վերաարտահանման թույլտվություն է ստացել դեպի ՌԴ, կենդանիները եղել են վայրի բնությունից։ Մադագասկարյան բոա, Ճառագայթանախշ սահնօձ, Ամբիոնա կրիա, վարաններ, պիթոններ․ մեծ մասը հատուկ պահպանության կարիք ունեցող ներմուծվել են Հայաստան, իսկ արտահանման մասին տվյալները բացակայում են, այսինքն՝ պաշտոնապես չեն արտահանվել։

Ո՞ւր են, ի վերջո, անհետանում այս կենդանիները

Այս կենդանիների մի մասին հայտնաբերել ենք Արարատի մարզի Մրգավետ գյուղում գտնվող «Հրաշք այգի» ռեստորանի տարածքում, որը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմ՝ Արմեն Գրիգորի Գևորգյանին։ Վերջինիս հայրը՝ Գրիգոր Գևորգյանը նախկին վարչապետի վարորդն է։ Եվ ոչ միայն էկզոտիկ կենդանիների․ այցելուների աչքից հեռու վայրում հայտնաբերել ենք հայկական և միջազգային Կարմիր գրքում գրանցված, հազվագյուտ սև անգղի 3 առանձնյակի, 1 սպիտակագլուխ անգղի, արծվի։

Հրաշք այգի ռեստորան, 2022

Ռեստորանում էգ և արու արջեր կան, որոնց պարբերաբար բուծում են․առնվազն 2016 և 2018 թվականներին այնտեղ քոթոթներ են եղել, իսկ մեր այցելության օրը՝ 2022 թվականի փետրվար ամսին, նոր քոթոթներ էին ծնվել։ Թե ինչ է ի վերջո լինում ծնված կենդանիների հետ գիտեն միայն ռեստորանի տերերը, բայց կենդանիները դատապարված են կամ մահվան, կամ՝ մեկ այլ վանդակի։ Այս բոլոր մանրամասներին պետք է տիրապետեն ՇՄՆ-ը, ԲԸՏՄ-ն, ՍԱՏՄ-ն, անհրաժեշտության դեպքում՝ իրավապահ մարմինները։ 

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ «Ֆաունա Զօօ» կողմից ներմուծված ընձուղտներից մեկն արդեն անկել է անհայտ պատճառով, իսկ կոկորդիլոսներից մեկն ու այծը՝ մեխանիկական վնասվածքի։ Ստացվում է, որ ընձուղտներն Աֆրիկայից հասել են Հայաստան ինչ-որ մեկի զբաղմունքը դառնալու համար և այդ ճակատագիր փոխող ինչ-որ մեկը կարող է լինել յուրաքանչյուր վճարունակ միջին վիճակագրական մարդ։ Սա ընդամենը մի փոքր մասն է, իսկ թե քանիսն են անկել, խեղվել կամ խոշտանգվել տեղափոխման, պահման կամ այլ պայմաններում չափազանց բարդ է ասել, քանի որ նրանք պարզապես անհետանում են վայրի առևտրի ցանցում․․․

Ֆաունա Զօօ ՍՊԸ, 2022

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում