Երևանում անհայտ անձը կենդանի-կենդանի կատու է քերթել (ֆոտո)
Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին ահազանգերը չեն դադարում։ «Դինգո թիմ» ՀԿ-ն օրերս ահազանգել է մաշկազերծ արված կատվի մասին, որի կյանքը փրկել չի հաջողվել։
Հաղորդագրությամբ մասնավորապես ասվում է․ «Ահազանգը պարզապես անցնում է մարդկային դաժանության բոլոր սահմանները․․․
Ահազանգողը սրճարանում նստած մեկել տեսնում է, որ սրճարանի կողքով անցնում է կիսով չափ մաշկազերծված այս կատուն
Անմիջապես հասցնում են կլինիկա։ Պարզվում է կատուն քերթած է, անգամ գծերն են երևում: Կենդանի-կենդանի քերթած է․․․․
Սա մի մարդու ձեռքի գործ է, ով հավանաբար հաճախ է նման բան անում, քանի որ "պրոֆեսիոնալ" ձևով էր արած։ Ու այս մարդը ապրում է մեզ հետ նույն քաղաքում, միգուցե մեզնից մեկի հարևանն է․․․
Կատվի կյանքը փրկել ցավոք չհաջողվեց։ Նա հոսպիտալացվել էր, բայց այսօր մահացավ ((((
Հաղորդում ենք տվել ոստիկանություն, սակայն շատ լավ իմանալով ոստիկանության մշտական վերաբերմունքը և հաշվի առնելով մեր թերի ու անպետք օրենքը՝ փնտրում ենք շատ լավ կամավոր փաստաբան, ով կօգնի մեզ գործը տանել մինչև վերջ։
Մեր շրջապատում ապրում են նման մարդիկ․․․ դժվար է պատկերացնել, թե ինչ է կատարվում նրանց գլխում ու էլ ինչերի են նրանք ընդունակ․․․ նման մարդիկ ՉՊԵՏՔ Է անպատիժ մնան!»։
Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:
Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը
1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) առանձին դաժանությամբ,
3) մանկահասակի ներկայությամբ,
4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: