Ինչպիսի ձմեռ է սպասվում
Նոյեմբերի 22-26-ը տեղի է ունեցել Հյուսիս-Եվրասիական կլիմայական կենտրոնի 21-րդ համաժողովը, որին մասնակցում էին նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։
Համաժողովին ներկա էին ԱՊՀ երկրների հիդրոօդերևութաբանական ծառայությունների և գիտահետազոտական կենտրոնների փորձագետներ, ինչպես նաև գիտնականներ, ուսուցիչներ, ասպիրանտներ և բարձրագույն ուսումնական հաստատությունների օդերևութաբանության և կլիմայաբանության մասնագիտացում ունեցող ուսանողներ:
2021-2022թթ. ձմռան կանխատեսումը կազմելու համար քննարկվել են 2021 թվականի ամառային սեզոնի համար ստրատոսֆերայում և տրոպոսֆերայում մթնոլորտի շրջանառության պայմանների մոնիթորինգի արդյունքները, տրամադրել կլիմայի մոնիտորինգի և սեզոնային կանխատեսումների տվյալներ՝ հիմնված ԱՊՀ երկրների հիդրոօդերևութաբանական ծառայությունների գնահատումների արդյունքների վրա։
Քննարկվել են նաև օդերևութաբանական պարամետրերի սպասվող անոմալիաների ազդեցության հնարավոր հետևանքները տնտեսության և մարդկանց առողջության վրա։
Հյուսիս-Եվրասիական կլիմայական կենտրոնի աշխատանքի ընթացքում Հյուսիսային Եվրասիայի տարածքի համար կազմվել է 2021/2022 գալիք ձմեռային սեզոնի համար օդի ջերմաստիճանի և տեղումների քանակի կանխատեսում:
Համաժողովին ներկայացված գիտական վերլուծությունների արդյունքում եկել ենք հետևյալ եզրակացության․ «2021թ․ դեկտեմբեր և 2022թ․ հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի եղանակակլիմայական պայմանների վրա ավելի մեծ ազդեցություն են ունենալու Միջերկրական ծովից ներթափանցող օդային հոսանքները, ինչի արդյունքում օդի ամսական միջին ջերմաստիճանը նշված երեք ամսիներին հանրապետությունում կանխատեսվել է կլիմայական նորմայից բարձր` 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը՝ նորմային մոտ»։