Ուռուտն արդեն երրորդ անգամ մերժեց հանքակերներին

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Անի խաչատրյանը հայտնել է, որ Ուռուտ համայնքում 3-րդ անգամ չեն կայացել հանրային քննարկումները։ Վերջինս գրել է․ «Էսօր Ուռուտն արդեն երրորդ անգամ մերժեց հանքակերներին։ Երրորդ անգամ էին ուզում հանրային լսումներ անել, երեք անգամն էլ թույլ չտվեցին տեղացիները։ Մենք էլ գնացել էինք իրենց կողքը կանգնելու, որովհետև լսել էինք, որ փորձում են ճնշումներով կամ սուտ խոստումներով մարդկանց համոզել։ Գնացինք, որ ցույց տանք, որ իրենք մենակ չեն, որ դա մենակ Ուռուտի խնդիրը չի, ամեն տարածքի խնդիրն էլ բոլորինս է, քանի որ ամեն ինչ կապված է, նույն երկիրն ա, մեր երկիրն ա։ Մարդկանց 90%-ից ավելը դեմ է հանքին ու դեմ է հիմնավորված, տեղեկացված։ Մի քանի հոգի էին մենակ կողմ, իրանց մեծ մասն էլ վերջում արդեն կողմ չէին։ Մարդիկ հստակ արդեն երրորդ անգամն է իրենց հաստատակամ ՈՉ-ն են ասում։ Էսօր էլ, որ մեզ չէին ճանաչում շատերը, սկզբում մտածում էին, որ մենք հանքին կողմ ենք, շատ կոպիտ էին խոսում մեր հետ, հետո ներողություն էին խնդրում, որ շփոթվել են։ Ընկերության ներկայացուցչի կողմից ոչ մի մանիպուլյացիա չաշխատեց, մարդիկ կանգնեցին մինչև վերջ, մարդիկ ընտրում են կյանքը, ոչ թե հանքը։

Կեցցե Ուռուտը, դուք մենակ չեք, էս մենակ ձեր պայքարը չի։

P.S. Էսօր եկա տուն հոգնած, բայց բնության հանդեպ պարտքս մի պստիկ կատարած»։

Նշենք, որ խոսքը գնում է Լոռու մարզի Ուռուտի հանքային դաշտի տեղամասում (բազմամետաղ) 2021-2024թթ. նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումներին, որը նախաձեռնել էր «ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում