ՓՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել
Դեռևս ապրիլ ամսին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն և կից նյութեր էին ուղարկվել՝ ուսումնասիրելու փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ի ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ տվյալները և համապատասխան ընթացք տալու։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ի ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցավոր արարքի հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ:
Մասնավորապես, պարզվել է, որ Գեղարքունիքի մարզում փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ն 28.10.2020թ.-ին Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել 2015թ.-ի նոյեմբերի 16-ին տրամադրված № 000366 և № 000367 ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետի երկարաձգման դիմում:
Վերջինիս գնահատման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից ներկայացված ջրօգտագործման թույլտվությունների և Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված ջրօգտագործման թույլտվությունների միջև կան անհամապատասխանություններ: Մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված ջրօգտագործման թույլտվության մեջ ջրառի աղբյուրը նշված է Ձորագյուղ գետի անանուն վտակ, իսկ ընկերության կողմից ներկայացված ջրօգտագործման թույլտվության մեջ ջրառի վայր (մակերևութային ջրային ռեսուրս) նշված է՝ «Ձորագյուղ-3» ՓՀԷԿ-ի մոտ կառուցված մետաղյա ճնշումային ավազան:
Տարբերություններ են առկա եղել նաև ըստ ամիսների ջրառի նախատեսվող ծավալներում: Բացի այդ, ընկերության կողմից ներկայացված №000367 ջրօգտագործման թույլտվության մեջ ջրահեռացման վայրը նշված է կառուցված մետաղյա ճնշումային ավազան, կամ Ձորագյուղ գետի անանուն վտակ՝ «Ձորագյուղ-1» ՓՀԷԿ-ի չգործելու դեպքում, սակայն պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված ջրօգտագործման թույլտվության մեջ ջրահեռացման վայրը նշված է Ձորագյուղ գետի անանուն վտակ: Այսինքն՝ ՍՊԸ-ի № 000366 և № 000367 ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետի երկարաձգման նպատակով 28.10.2020թ.-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացրել ենթադրաբար կեղծ գրառումներով ջրօգտագործման թույլտվություններ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում ձեռք են բերվել իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք պատրաստելու իրացնելու, օգտագործելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ և առկա է դեպքին առնչվող հանգամանքների պարզում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: