Քայլ առաջ ապօրինի անտառահատումների գործում․ հրապարակվել է ձեռնարկ (ֆոտո)
Օրերս «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Բյուրոյի և Ռուսաստանի Դաշնության «Առողջ անտառ» ընկերության մասնագետների համահեղինակությամբ հրատարակված «Դատական փորձաքննությունների նշանակումն ապօրինի անտառահատումների հետ կապված հանցագործությունների բացահայտման և քննության ընթացքում մեթոդական ցուցումներ» ձեռնարկի շնորհանդեսը:
Միջոցառմանը հրավիրվել և մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության դատախազությունից, ազգային անվտանգության ծառայությունից, հատուկ քննչական ծառայությունից, քննչական կոմիտեից, ոստիկանությունից, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակից և այլ կազմակերպություններից:
Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը, տեսակապի միջոցով ելույթ ունեցավ ձեռնարկի համահեղինակ Ռուսաստանի Դաշնության «Առողջ անտառ» ընկերության Վոլոգդայի մասնաճյուղի ղեկավար Յու. Ժավորնիկովը: Ելույթով հանդես եկավ նաև ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դ.Հարությունյանը, այնուհետև ներկայացվեց զեկույց Բյուրոյի փորձագետ Տ.Հայրապետյանի կողմից:
Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը ներկայացրեց 2018թ.-ից ՀՀ-ում առաջին անգամ ներդրված դենդրոքրոնոլոգիական մեթոդների ներդման գործընթացը, շնորհակալություն հայտնելով այն գերատեսչություններին՝ ի դեմս նրանց ղեկավարների, ովքեր գործուն քայլեր են ձեռնարկել ի աջակցություն դրա իրականացմանը, ներկայացրեց տվյալ փորձագիտական հնարավորությունների կիրառման և պարզման ենթակա հարցերի շրջանակները, զարգացման հեռանկարներն ու գործնականում առկա խնդիրները:
Ա.Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ ձեռնարկում նկարագրված են ապօրինի անտառահատումների բացահայտման և քննության շրջանակներում վարույթ իրականացնող մարմինների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում անհրաժեշտ նմուշների ճիշտ վերցման և մակնշման, դրանց պահպանության, դեպքի բնույթից ելնելով նշանակվող փորձաքննությունների տեսակների, փորձաքննությանն առաջադրվող հարցերի շրջանակների և այլ խնդիրների ճշգրիտ և ամբողջական լուծմանն ուղղված կարևոր տեղեկատվություն, որի կիրառումը գործնականում կնպաստի ապօրինի անտառահատումների հետ կապված հանցագործությունների բացահայտման և քննության առավել արդյունավետ իրականացմանը:
Ծավալված քննարկումից հետո ներկաները շնորհակալություն հայտնեցին հրավերի համար՝ ընդգծելով գործնական նշանակություն ունեցող նման ձեռնարկի հրատարակման կարևորությունը: Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանն առանձնակի կարևորեց, որ բոլոր գերատեսչությունների ներուժի ներդաշնակ համադրման արդյունքում է հնարավոր կառավարելի դարձնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի արդյունավետ իրականացումը: