Դադարեցվել է Լիճքի պղնձի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հրամանով` դադարեցվել է «Թաթսթոուն» ՍՊԸ-ի` Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը:
Հրամանի համաձայն՝ դադարեցման պատճառն այն է, որ Լիճքի հանքավայրում ընկերությունն օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ մինչ օրս չի իրականացրել: Այդպես հայտնել է«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ը: Ըստ այդմ` խախտվել է Ընդերքի մասին օրենսգրքի մի շարք հոդվածներ, ինչպես նաև ընկերության և կառավարության միջև 2013թ. կնքված ընդերքօգտագործման պայմանագիրը:
Վերոնշյալ խախտումների վերաբերյալ «Թաթսթոուն» ՍՊԸ-ին 2020թ. մարտին տրվել է գրավոր զգուշացում 90-օրյա ժամկետում խախտումերը վերացնելու պահանջով: Ընկերությունը խախտումները մասամբ է վերացրել: Վերջինս կատարել է պահանջվող վճարումները, դրանց վճարման հանձնարարականները ներկայացրել լիազոր մարմնին, սակայն արդյունահանում չի իրականացրել:
Ընդգծենք, որ հանքավայրում իրականացվող լեռնակապիտալ աշխատանքները դադարեցվել են 2018 թվականից: 2020թ.–ից դադարեցվել էր նաև «Թաթսթոուն» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Սյունիքի մարզի Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թղկուտի տեղամասի համար, որը տրվել էր 2013թ․-ին։