Ապօրինի ծառահատումները շարունակվում են (տեսանյութ)

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Լոռու մարզի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ օրերս ապօրինի ծառահատման երկու դեպք բացահայտվեց:

Մայիսի 17-ին, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձորի անտառտնտեսության աշխատակիցների հետ Վահագնաձոր համայնքի վարչական տարածքում ստուգել են Վահագնի գյուղի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ մայիսի 14-ին իրենց գյուղի անտառում բենզասղոցով ապօրինի հատել է մեկ ծառ։

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հաջորդ օրն ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ բացահայտվեց օպերատիվ ճանապարհով։

Ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Վահագնի գյուղի 26-ամյա մի բնակիչ մայիսի 17-ին գյուղի հանդամասից բենզասղոցով ապօրինի հատել է չորս ծառ և թողել անտառում՝ հետագայում տեղափոխելու համար։ 26-ամյա երիտասարդը բաժին է հրավիրվել։ Փայտանյութը հայտնաբերվել և ի պահ է հանձնվել անտառտնտեսությանը։ Երկու դեպքով էլ նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում