Նախարարը մերժել է Ձորագետի վրա 2 ՓՀԷԿ-երի համար ՋԹ ստացման հայտերը
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը լավ լուր է հայտնել բնասերների համար։ «Մեր առարկությունների հիման վրա նախարարը մերժել է Ձորագետի վրա երկու փոքր ՀԷԿ-երի համար ջրօգտագործման թույլտվությունների ստացման հայտերը։ Հիշեցնեմ, որ անցած տարի նույնպես նախորդ նախարարի հրամաններով մերժվել էին այս հայտերը»,- ասած է գրառման մեջ։
Ավելի վաղ ՀԲՃ-ն դիտողություններ և առաջարկություններ է ներկայացրել «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի Ագարակ և Կուրթան համայնքների վարչական տարածքներում Ձորագետ գետի վրա «Լոռիբերդ-1» և «Լոռիբերդ-2» ՓՀԷԿ-երի նոր ջրօգտագործման թույլտվության նախագծի վերաբերյալ։
ՀԲՃ–ն գրել է․ «2020թ-ի փետրվարին այս ընկերությունը նմանատիպ հայտով դիմել էր Բնապահպանության նախարարություն, որին Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը ներկայացրել էր իր դիտողությունները։ Անցած տարի ջրօգտագործման թույլտվություն տրամադրելը մերժվեց, իսկ 2021թ-ի նոր հայտում ըստ էության գրեթե փոփոխություններ չկան՝ ինչն էլ տրամաբանորեն ենթադրում է, որ այս հայտը նույնպես պետք է մերժվի։ Ուսումնասիրելով փաստաթղթերն ու նոր ի հայտ եկած հանգամանքները՝ ներկայացնում ենք 2020թ-ի մեր դիտողությունների և առաջարկությունների խմբագրված տարբերակը։
1․ Յուրաքանչյուր ջրավազանային տարածքի համար բնապահպանական թողքի մեծությունը սահմանվում է առանձին` հաշվի առնելով մեթոդիկան և տվյալ գետավազանի հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական, բնապահպանական ու այլ առանձնահատկությունները։ Բնապահպանական թողքի մեծությունը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել գետի հիդրոլոգիական ռեժիմը, աշխարհագրական գոտին, որում այն գտնվում է, նրա տնտեսական օգտագործման ձևը և աստիճանը, ջրի քանակական և որակական կազմը և այլ գործոններ: Բնապահպանական թողքը պետք է ապահովի գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային և ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը: Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման հաստատված պլան մենք չգտանք, որի հետ կարելի էր համեմատություններ անել՝ ինչը շատ խնդրահարույց է։
2․ Կարծում ենք, որ հաշվի առնելով ՓՀԷԿ-երի օգտագործվող ջրաքանակի հսկայական ծավալը (տարեկան 373 մլն խոր/մետր) և գետի մոտ 18 կմ հատվածով ջրերի մի մասի խողովակաշարով հոսելն՝ այս դեպքում կարիք կա ունենալու նաև ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եզրակացություն, որի պահանջը նշված է ՀՀ կառավարությանը 2003 թվականի մարտի 7-ի 218-Ն որոշման մեջ։ Խնդիրը նրանում է, որ գետերից նման մեծ քանակությամբ ջրառի դեպքում տարվա ջրասակավ ժամանակաշրջանում գետի ջրի քանակի էական նվազման արդյունքում շատ հաճախ ունենում ենք հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական և որակական անթույլատրելի փոփոխություններ, որի հետևանքով չի ապահովվում ջրային օրգանիզմների գոյատևումն ու վերարտադրությունը, վատթարանում են գետային էկոհամակարգերի վիճակը։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որ հաշվի առնվեն բոլոր այս գործոնները, կատարվեն համապատասխան հաշվարկներն ու ներկայացվեն հավաստի, գիտականորեն հիմնավորված մոդելներ։
3․ Քանի որ ջրառի դեպքում լինելու զգալի ազդեցություն գետային էկոհամակարգերի, լանդշաֆտի, այլ ջրօգտագործողների ու հարակից բնակավայրերի վրա՝ պետք է իրազեկում և քննարկումներ անցկացվեն ազդակիր բոլոր համայնքներում։ Իրավունքի տեսանկյունից անընդունելի է, որ ՋԹ-ի քննարկումներն անց են կացվում Երևանում՝ այն էլ այնպիսի ընթացակարգերով, որոնք գրեթե անհնար են դարձնում տեղի բնակիչների մասնակցությունը։ Ըստ էության այսպիսի իրազեկումներն ու քննարկումները դառնում են անիմաստ, քանի որ գլխավոր շահառուները չունեն որոշումների կայացմանը պատշաճ մասնակցելու հնարավորություններ։ Ինչպես նշել ենք 2-րդ կետում՝ տվյալ դեպքի համար անհրաժեշտ ենք համարում ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության իրականացում։
4․ Ջրառի կետերում պետք է լինեն բնապահպանական թողքի քանակի վերահսկման առցանց համակարգեր, որոնք թույլ կտան պետական լիազոր մարմիններին և շահագրգիռ քաղաքացիներին հետևել այդ թողքի պահպանման պահանջների կատարմանը։ Առանց դրանց տեղադրման պահանջի առկայության որևէ ՓՀԷԿ-ի որևէ գետից ՋԹ տրամադրելն համարում ենք անթույլատրելի։ Անթույլատրելի ենք համարում նաև նոր ՓՀԷԿ-երի որևէ ծրագրի իրականացում՝ քանի դեռ դրանց հզորության վերին սահման է համարվում 30մՎտ-ը նախկին 10մՎտ-ի փոխարեն, որը սահմանվել է 2011թ-ին՝ կառավարության կոռուպցիոն որոշմամբ։ Այս փաստն ըստ էության ապացուցվել է նաև «ՁորաՀԷԿ»-ի մասնավորացման գործընթացի վերաբերյալ հարուցված քրեական գործի ընթացքում։ Մեջբերում ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունից․ «Քրեական գործով պարզվել է նաև, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարումից հետո, ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կողմից ՀՀ կառավարության 08.09.2011թ. նիստում, առանց պատշաճ հիմնավորման, որպես լրացուցիչ հարց ներկայացվել է «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին փոքր ՀԷԿ-երի համար սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 Մվտ հզորությունը: Ներկայացված նախագիծը քննարկվել և ընդունվել է ՀՀ կառավարության 08.09.2011թ. թիվ N 1300-Ա որոշումը»: Ամբողջական հաղորդագրությունը սա է՝ https://www.ccc.am/hy/1428493746/3/6276
5․ Ձորագետի ավազանում կան նաև այլ ջրօգտագործողներ, որոնք տարբեր նպատակներով ջրառ են կատարում։ Արդյոք հաշվարկվե՞լ է, թե ի՞նչ ազդեցություն կունենա նման քանակության ջրառը մյուս ջրօգտագործողների վրա և արդյոք չի՞ խախտվի նրանց իրավունքները և ջրօգտագործման թույլտվությունների մեջ նշված պայմանները։ Ձորագետի վրա արդեն իսկ կա 4 գործող ՓՀԷԿ, իսկ 5-րդն էլ կառուցման փուլում է։ Գնահատվե՞լ է արդյոք բոլոր այդ ջրօգտագործողների գործունեության կուտակային ազդեցությունը գետի ավազանի, ջրերի որակի կենսաբազմազանության և ջրային էկոհամակարգերի վրա։ Հաշվարկված է արդյո՞ք, թե Ձորագետ գետի քանի տոկոսը կհայտնվի խողովակների մեջ այս բոլոր ծրագրերի իրականություն դառնալուց հետո։
6․ Պարզ չէ, թե արդյոք հայտում հաշվի՞ առնվել են կլիմայական փոփոխությունների հետևանքով ջրային հոսքերի նվազման միտումները ջրառի քանակների ու բնապահպանական թողքերի հաշվարկման ժամանակ և դրանց ազդեցությունը գետային էկոհամակարգերի վրա։
2017թ-ից սկսած արդեն երրորդ անգամ շրջանառության մեջ է դրվել «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Այդ ցանկում նշված է նաև Ձորագետ գետը։
Եզրակացություն․ հաշվի առնելով վերոնշյալ փաստարկների ամբողջությունը, բազմաթիվ բաց կամ անպատասխան մնացած հարցերը և տարբեր միջոցառումներ կատարելու առաջարկները՝ կարծում ենք, որ ջրօգտագործման թույլտվության հայտը պետք է մերժվի, քանի որ այս պայմաններում հնարավոր չէ ճիշտ գնահատել և հաշվարկել էկոլոգիական ու այլ ազդեցությունների աստիճանը, ինչպես նաև պատշաճ վերահսկել ջրօգտագործման բացասական հետևանքները»։