«Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ»․ ՇՄՆ-ը՝ սովահար աղվեսի մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն անդրադարձել է Արտաշատ քաղաքում պահվող աղվեսի մասին ահազանգին՝ գրելով․ «Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգել է Արտաշատ քաղաքի այգում աղվեսի՝ անազատության մեջ, անբարենպաստ պահման պայմանների վերաբերյալ։
Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ և հորդորում՝ զերծ մնալ որևէ կենդանատեսակի հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորելու մերժելի գործելաոճից։
Ոլորտը կարգավորող «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքն այս պահին լրամշակման փուլում է։ Մասնավորապես, նախատեսվում է սահմանել անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման, նրանց պահելու թույլտվություն տալու, սկսած երկրորդ կենսունակ սերնդից կենդանու օգտագործման կարգերը։
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:
ՀՀ բոլոր քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին»։
Հիշեցնենք, որ օրերս EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը Հայաստանում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող հերթական ահազանգն է ստացել։ Խմբագրություն դիմած քաղաքացին օգնություն է խնդրել Արտաշատ քաղաքի այգում անազատ պայմաններում պահվող աղվեսի փրկության գործում։ Ինչպես քաղաքացին նշել է կենդանին գտնվում է շատ վատ վիճակում և սոված է։ Վերջինս ընդգծել է նաև, որ աղվեսը չի քայլում և հավանաբար ոտքը ցավում է։ Կենդանու վանդակը գտնվում է Արտաշատի կենտրոնական այգում։