Հազվագյուտ թռչնատեսակներ՝ Շիրակավանի ջրամբարում․ կիրականացվի պահպանություն (ֆոտո)
Շիրակավան գյուղում գտնվող փոքր ջրամբարի տարածքը, որն այնքան էլ հեռու չէ Ախուրյանի ջրամբարից, դարձել է տարատեսակ թռչունների հավաքատեղի։ Այս մասին հայտնել է Վահան Թումասյանը՝ հայտնելով նաև, որ տարախքում երբեմն նաև կրակոցներ են լսվում և անհրաժեշտություն կա այդ տարածքում պահպանության միջոցառումների։ Պարոն Թումասյանը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում հայտնեց, որ այս տարի թռչունների առատությունը տարածքում աննախադեպ է եղել։
Հրապարակված լուսանկարներում տեսանելի են հազվագյուտ թռչնատեսակներ, ինչպիսին են՝ հայկական որորը, վարդագույն հավալուսնը, ինչպես նաև՝ սպիտակ արագիլը։
Վահան Թումասյանի ահազանգին արձագանքել է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Նախարարությունը հայտնել է․ «Ահազանգի հետքերով նշված տարածք են այցելել շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, հանդիպել Շիրակավանի վարչական ղեկավարի հետ և տեղում ծանոթացել իրավիճակին։
Շիրակավանի համայնքապետարանի հետ վերահսկողության սահմանման պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ տարածքում զբոսաշրջային այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու, աղտոտման և աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու և ապօրինությունները բացառելու նպատակով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև սույն թվականի ապրիլի 3-ին լճակի հարակից տարածքում անցկացնել շաբաթօրյակ և տարածքի մաքրման աշխատանքներ։Շաբաթօրյակին կմասնակցեն «Արփի լիճ» ազգային պարկի աշխատակիցները, ուսանողներ, Շիրակավանի բնակիչներ և համայնքապետարանի ներկայացուցիչներ։«Արփի լիճ» ազգային պարկի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքների ժամանակ կօգտագործվի նաև գյուղական համայնքին պատկանող տեխնիկան։
Այսուհետ «Արփի լիճ» ազգային պարկի ներկայացուցիչները պարբերական այցեր կիրականացնեն նշված տարածք»։
Ընդգծենք, որ վարդագույն հավալուսնն /Pelecanus onocrotalus/ ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում, հազվագյուտ տեսակ է՝ գտնվում է անհետացման վտանգի տակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii): Որպես ապրելավայրեր են նշվում Սևան և Արփի լճերի բաց, խորը ջրային, բուսականությունից զուրկ տարածքները: Ամռանը կերակրման նպատակով այցելում են Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներ:
Կարմիրգրքյան թռչնատեսակ է նաև հայկական որորը /Larus armenicus Buturlin/։ Բնութագրվում է սահմանափակ արեալով և հեշտ խոցելի բնադրավայրային բիոտոպերով: Ապրելավայրերը՝ մինչև Սևանա լճի մակարդակի իջնելը բնադրել է ջրաեզրին մոտ: Լճի մակարդակի իջեցումից հետո բնադրում են գ. Նորաշենի մոտակայքում առաջացած երկու կղզյակներում: Թվաքանակը խիստ անկայուն է և որոշվում է բնադրման և կերային առկա պայմաններով: Միջինացված տվյալների համաձայն` գարնանն այս տեղ հանդիպում է 800, ամռանը` 700, աշնանը` 1000, ձմռանը` 500 առանձնյակ: Սևանա լճի սառեցման դեպքում որորների հիմնական մասը չվում է գ. Արաքսի հովիտ: