Հայաստանում նոր և յուրահատուկ թռչնատեսակ է գրանցվել (ֆոտո)

Կենդանաբաններ Վասիլ Անանյանի, Անդրանիկ Գյոնջյանի և Գոռ Քալոյանի ուսումնասիրությունները վկայում են Հայաստանի համար նոր թռչնատեսակի՝ Barn Owl /сипуха, Tyto alba/ գրանցման մասին։ Վերջերս կենդանաբանների կողմից հրապարակվել է գիտական հոդված, որում նկարագրվում է այս թռչնատեսակի Հայաստանում հայտնաբերման իրադարձությունների շարքը։ Ցավոք, բոլոր հայտնաբերված առանձնյակները սպանվել են որսորդների կամ այլոց կողմից, իսկ մեկը՝ հայտնվել է վանդակում։

Թռչնատեսակը դեռևս չունի հայերեն ընդունված անվանում, սակայն այժմ մասնագետների շրջանում քննարկվում է նրան անվանակոչելու խնդիրը։ Շրջանառվում է Սպիտակ բու անվանումը, որը միանշանակ ամենաբնորոշն ու գեղեցիկն է քննարկվող տարբերակներից։

Ինչպես նշվում է հոդվածում, թռչնատեսակը մինչ այժմ գրանցված է եղել ՀՀ հարևան բոլոր երկրներում՝ Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում և Իրանում։ ՀՀ-ում Barn Owl-ի հայտնաբերման մասին առաջին տեղեկությունները ստացվել են 2019թ․-ին, երբ Երևանյան Էկզոտարիումի հիմնադիր Կարեն Մարտիրոսյանի մոտ է հայտնվել մեկ՝ ամենայն հավանականությամբ բնությունից վերցված առանձնյակ, որն էլ այժմ գտնվում է վանդակում։ Թռչնատեսակն իբրև թե բռնվել է ինչ-որ մեկի գոմում։ Հետագայում այդ մարդու հետ կապ հաստատել չի հաջողվել, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, դեպքն արձանագրվել է Արմավիրի մարզում։ Զննության ընթացքում թռչունը դրսևորել է զգուշավոր վարք, խուսափել է մարդկանցից, ինչն արտաքին տեսքի և փետրածածկի ուսումնասիրման հետ միասին վկայել է այն մասին, որ թռչունը վերցված է վայրի բնությունից։ 

Իսկ թե ինչո՞ւ է այնքան կարևոր թռչունն այժմ պահվում էկզոտարիումի վանդակում, մնում է անհայտ /Econews.am խմբ․/։ 

Հոդվածում նշվում է, որ թերևս բարդ է եղել կողմնորոշվել թռչնատեսակի հստակ արձանագրումների հարցում, սակայն որոշ որսորդների և տաքսիդերմիստների կողմից ստացված տեղեկատվության և այցելությունների միջոցով, հնարավոր է եղել պարզել մի քանի դեպք։ 

2018թ․-ի հունվար ամսին անանուն որսորդը Գյումրու Գետք գյուղի տարածքում բադերի որսի ընթացքում տեսել է Barn Owl-ի առանձնայկի, որը գետնից 7-8 մետր բարձրությամբ թռչելիս է եղել և սպանել է նրան։ Որսորդը նաև նշել է, որ ո՛չ ինքը, ո՛չ իր ծանոթ որսորդները նախկինում նման թռչնատեսակի չեն հանդիպել։ 

2019թ․-ի մայիս ամսին Արմավիրի մարզի բնակիչներից մեկը՝ երեկոյան ժամին այգին ոռոգելիս կրակել է տարածքով անցնող Barn Owl-ի առանձնյակի վրա։ Նա տարել է թռչնին տաքսիդերմիստի մոտ խրտվիլակ պատրաստելու նպատակով, սակայն այդպես էլ չի վերադարձել դրա հետևից։ 

2020թ․-ի դեկտեմբերին Գ․ Աղաջանյան անունով որսորդն Արարատի մարզի Դաշտավան գյուղի տարածքում տեսել է մի խումբ մոխրագույն ագռավների, որոնք հարձակվել են ինչ-որ այլ թռչնի վրա։ Մոտենալով վերջինս տեսել է թուլացած, սակայն ոչ սովորական տեսքով բվի։ Որոշ ժամանակ, Barn Owl-ը գտնվել է որսորդի բակային վանդակում, սակայն մահացել է, ինչից հետո փոխանցվել է հոդվածի հեղինակներին։ Հայտնաբերվածն էգ առանձնյակ է եղել, որի մարմինը պահվում է հեղինակներից մեկի մոտ։ 

Հոդվածի հեղինակները նշում են, որ ուսումնասիրման հնարավորությունները եղել են սահմանափակ։ Հոդվածում հեղինակները մանրամասնորեն նկարագրում են թռչնի հայտնաբերման վայրերը, դրան բնորոշ բիոտոպերը, բարձրությունները և այլն։ 

Նշվում է, որ ՀՀ-ում Արարատի և Արմավիրի մարզերի պայմանները բարենպաստ են  թռչնատեսակի համար, իսկ Շիրակի մարզում, որտեղ ևս արձանագրվել է Barn Owl-ի առանձյակ, ավելի ցրտաշունչ ձմեռներ են լինում, սակայն հոդվածի հեղինակները կարծում են, որ դա հնարավոր է լինի կլիմայի փոփխության հետևանք։ 

Հոդվածի վերջում, հեղինակները նշում են, որ թերևս Barn Owl-ը դեռևս անհայտ կարգավիճակ ունի ՀՀ-ում, այնուամենայնիվ այն ունի պահպանության կարիք, իսկ տարածքներում, որտեղ գրանցվել է թռչնատեսակն անհրաժեշտ է իրականացնել իրազեկման միջոցառումներ։ 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք հղումով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում