Թե ինչու պետք է մերժվի «Լիդիանի» ջրօգտագործման հայտը

Ինչպես տեղյակ եք հանքահենները դիմել են ՇՄ նախարարություն Արփա գետից՝ Կեչուտի ջրամբարից ներքև ընկած հատվածից, ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ Ներկայացնում ենք ՀԲՃ-ի առարկությունները, որոնք ուղարկվել են նախարարին, և որոնց հիմքով մենք գտնում ենք, որ այս հայտը պետք է մերժվի։

1. Հավաստի չէ և ըստ էության կատարված չէ կառավարության 2003թ-ի 218-Ն որոշման մեջ նշված հետևյալ պահանջը․ «Ջրառի ռեժիմն ըստ ամիսների՝ պայմանավորված ջրային ռեսուրսի էկոլոգիական թողքի և այդ հատվածում այլ ջրօգտագործողների ջրապահանջի ապահովմամբ»։ Ներկայացված ջրառի կետից վերև՝ Արփա գետի վրա, կառուցված է Կեչուտի ջրամբարը, որը կարգավորիչ դեր է կատարում ու ամբողջովին փոխում է գետի հոսքի և ջրի ծախսի բնական ընթացքը։ 1994թ-ից ավելի թարմ ոչ մի տվյալ չկա ջրամբարից ըստ ամիսների բաց թողնվող ջրաքանակների մասին, իսկ 1989թ-ից չկան նաև ջրասակավ ամիսների տվյալները։ Առանց դրանց անհնար է ճիշտ ջրաբանական հաշվարկ կատարելն ու հավաստի տվյալներ ստանալը, քանի որ գետի հունի մեջ ջրի քանակը կարգավորվում է մարդու միջամտությամբ, այլ ոչ թե բնական վիճակով։ Նույնիսկ մինչև 1994թ-ի եղած տվյալները ցույց են տալիս, որ ջրասակավ ամիսներին Արփա գետում շատ քիչ քանակության ջուր է մնում Կեչուտի ջրամբարից հետո, իսկ հաշվի առնելով վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած կլիմայական լուրջ փոփոխություններն ու մակերևույթային ջրային հոսքերի նվազումը Հայաստանում՝ այն էլ ավելի է պակասել։ Բնապահպանության նախարարի 2019թ-ի հունիսի 17-ի 181-Ա հրամանով մերժվել է Կեչուտի ջրամբարից ներքև ընկած հատվածում Արփա գետից տվյալ ընկերության ներկայացրած ջրօգտագործման նախորդ հայտը, քանի որ այդ հատվածում առկա է միայն Արփա գետի էկոլոգիական թողքը։ Տվյալ հայտով կրկին անվերադարձ ջրառի հայտ է ներկայացվել մի կետից, որտեղ առկա է միայն Արփա գետի էկոլոգիական թողքը, և, բնականաբար, հայտը պետք է մերժվի նույն իրավական հիմնավորումներով՝ ինչն արվել է նախորդ դեպքում։

Բացի այդ, ներկայացված ջրառի կետից վերև և ներքև կան այլ ջրօգտագործողներ ևս (կենցաղային, ՓՀԷԿ-եր, ոռոգում, ձկնաբուծություն և այլն), որոնց մասին նույնպես նախագծում ոչ մի տվյալ ներկայացված չէ։ Հնարավոր է, որ այս ջրառն ազդեցություն ունենա այլ ջրօգտագործողների վրա, որի հետևանքով նաև փոխվի Արփա գետի վրա ընդհանուր կուտակային ազդեցությունը՝ ինչն ընդհանրապես գնահատված և հաշվարկված չէ։ Այս ամենի բացակայության պայմաններում հայտը չի կարող բավարարվել, քանի որ ելակետային տվյալները բավարար չեն ճիշտ եզրահանգումների գալու և հիմնավորված որոշում ընդունելու համար։

2. Համաձայն «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021թթ․ կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» 2016թ-ի մարտի 31-ի 338-Ն որոշման մեջ ներկայացված աղյուսակ 2-ի՝ Արփա գետի ավազանում գետային հոսքը 2014թ-ին եղել է 679,8 մլն մ3, իսկ 2021թ-ի համար գնահատված է 648,7 մլն մ3 և 2040թ-ի համար 564,2 մլն մ3։ Այսինքն, կանխատեսվող կլիմայի փոփոխության պայմաններում Արփայի ավազանում 2021 թվականին գետային հոսքը կնվազի մոտ 4,6%-ով կամ 31,1 մլն մ3-ով, իսկ մինչև 2040 թվականը՝ 17%-ով կամ 115,6 մլն մ3-ով։ Նախագծում չկա ոչ մի ակնարկ այս մասին և հստակ է, որ Արփա գետից 41,3 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը կազմելիս ջրառաջարկի կանխատեսվող փոփոխությունների այս ցուցանիշները հաշվի չեն առնվել և չեն հաշվարկվել։

3. Համաձայն վերոնշյալ որոշման մեջ ներկայացված աղյուսակ 3-ի՝ 2019-2021թթ․ Արփա գետի ավազանում արդյունաբերական ոլորտում ջրօգտագործումը կազմելու է տարեկան ընդամենը 0,08-0,09 մլն մ3, իսկ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած հայտի համաձայն՝ տարեկան ջրապահանջարկը կազմելու է 1,284 մլն մ3։ Հետևաբար, հայտը պետք է մերժել, քանի որ այն հակասում է ՀՀ կառավարության «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021թթ. կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» 2016թ-ի մարտի 31-ի 338-Ն որոշմանը։

4. Ճիշտ է, ընկերությունը պնդում է, որ կատարելու է միայն ջրառ, իսկ այնուհետև ջուրն օգտագործվելու է շրջանառու համակարգով, ի վերջո գոլորշիանալու է և այլ բնական ջրուղիներ ոչ մի արտահոսք չի լինելու, սակայն մենք հիմքեր ունենք չվստահելու այս տեղեկություններին՝ հիմնվելով առնվազն հետևյալ երկու փաստերի վրա․
(ա) 2018թ. նոյեմբերի 2-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված հարցման պատասխանում նշվում է, որ տեսչությունը պարզել է և ընկերությունն էլ ընդունել է, որ 2018թ-ի հունիսի 11-ին «Լիդիան Արմենիա» ընկերության լեռնահատկացման տարածքից տեղումների ժամանակ առաջացած ջրերում լուրջ որակական փոփոխություններ են առաջացել, որոնք լցվելով Արփա գետ՝ աղտոտել են նրա ջրերը, ինչի արդյունքում նաև ձկներ են սատկել այդ տարածքում գործող ձկնաբուծարանում (այս մասին կարդացեք և նայեք տեսանյութերն այս հղումով:

Մեր նամակին կից ներկայացնում ենք նաև տեսչական մարնի պատասխանն ու Լիդիանի պարզաբանումն այս հարցի հետ կապված, նաև մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպիսի «գերժամանակակից» համակարգի միջոցով է այդ ընկերությունը փորձել լուծել այդ խնդիրը (դա կարող եք նայել այս հղումով ներկայացված տեսանյութի մեջ՝։ Այս փաստերը ներկայացնում ենք ոչ թե նրա համար, որ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն ձեր կողմից, այլ որպեսզի պարզ դառնա, թե ինչ են գրում նախագծերում և ինչ է տեղի ունենում իրականում։ Այսինքն, իր գործունեության արդյունքում ջրերի որևէ արտահոսքը բացառված լինելու մասին պնդող ընկերությունը դեռևս շինարարության փուլում երկու անգամ աղտոտել է Արփա գետը՝ լուրջ էկոլոգիական բացասական հետևանքներով։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ Ամուլսարում լայնածաված շահագործման գործընթացի մեկնարկից հետո։

(բ) ELARD-TRC փորձագետների ուսումնասիրության մեջ նշվում է, որ Լիդիանի ՇՄԱԳ-ում գերագնահատված են ջրի գոլորշիացման ծավալները, ինչը հաստատվում է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ Կառավարությանն ուղղված 2019թ-ի սեպտեմբերի 5-ի փաստաթղթում: Բացի այդ ELARD-TRC-ի փորձագետների եզրակացությունները հաստատում են, որ ՇՄԱԳ-ում նշված ելակետային տվյալները մեծ մասամբ թերի ու անվստահելի են, ջրային հաշվեկշռի հաշվարկները ոչ վստահելի, ուսումնասիրվել են միայն բացահանքերի տարածքի ջրային համակարգերը, իսկ կույտային տարալվացման հարթակում (ԿՏՀ) և դրան հարակից տարածքներում ոչ մի ուսումնասիրություն չի արվել, ԿՏՀ-ում 10 տարի օգտագործվող և շրջանառվող ջրերի ճակատագիրը նկարագրված չէ, հայտնի չէ, պարզ չէ թե դրանից հետո ինչ եղանակով են մաքրվելու ԿՏՀ-ում կուտակված 100 միլիոն տոննայից ավել կույտերը, որոնց մեջ մնալու են խիստ վտանգավոր քիմիական նյութեր (նատրիումի ցիանիդ, աղաթթու և այլն), վտանգավոր ու ծանր մետաղներ, ինչպես նաև քիմիական ռեակցիաների արդյունքում առաջացող այլ խիստ վտանգավոր քիմիական միացություններ (օրինակ տիոցիանատ)։ Նախագծում գրված է, որ նախատեսվում է դրանք մաքրել ու բաց թողնել Արփա գետ կամ նրա վտակներից մեկը, բայց նկարագրված չէ ոչ մաքրման եղանակը, ոչ կայանի նախագիծն ու տեսակը, ոչ այդ նպատակով պահանջվող ջրաքանակների ծավալներն ու բաց թողնվող ջրերի որակական կազմը։ Նշենք նաև, որ հենց ԿՏՀ-ի կենտրոնական մասով անցնում Արփա գետի ձախակողմնյա վտակներից մեկը, որը նկարագրված չէ, նրա ջրային հաշվեկշիռը չկա ու գնահատված չէ ընկերության գործունեության հնարավոր ազդեցությունն այդ ջրահոսքի, և, հետևաբար, նաև Արփա գետի վրա։ Այս բոլոր փաստերը ապացուցում են, որ Արփա գետ լինելու են արտանետումներ, որի բացառումն իրականությանը չի համապատասխանում, և, բնականաբար, առանց այդ ազդեցության իրական գնահատման նպատակահարմար չէ այդ ընկերությանը ջրօգտագործման նոր թույլտվություններ տալը:

5. Եվ վերջինն ու ամենակարևորը․ 2019թ-ի դեկտեմբերի 5-ին Ջերմուկ համայնքի առկա չափահաս բնակչության ճնշող մեծամասնությունը, ներառյալ՝ Ջերմուկ քաղաքի, Կեչուտ, Գնդեվազ, Հեր-Հեր, Կարմրաշեն գյուղերի բնակիչներն, իրացրել են ուղիղ ժողովրդավարության իրենց իրավունքն ու շուրջ 3000 ստորագրությամբ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել Ջերմուկ համայնքի ավագանուն ու ղեկավարին, որտեղ ներկայացրել են իրենց տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսլականը և պահանջել, որպեսզի տարածաշրջանում արգելվի մետաղական հանքարդյունաբերությունն ու զարկ տրվի կանաչ էկոտնտեսության զարգացմանը։ Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանին էլ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում է ընդունել, որով հավանություն է տվել համայնքի բնակիչների կողմից համայնքի ավագանուն ներկայացրած կոլեկտիվ հանրագրում նշված «Ջերմուկ համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» առաջարկությանը: Այսինքն ազդակիր համայնքի մեծամասնությունն ու նրանց կողմից ընտրված ավագանին դեմ են իրենց վարչական տարածքում որևէ մետաղական հանքահանության ծրագրի։ Նախարարությունը պետք է մերժի այս ջրօգտագործման հայտը նաև այս պատճառով, քանի որ դրա հետևանքներն անմիջապես կրող ՀՀ քաղաքացիները չեն ցանկանում իրենց առողջության, կյանքի, սոցիալ-տնտեսական ու բնական միջավայրի որակի հնարավոր բացասական փոփոխություններ՝ մետաղական հանքերի շահագործման հետևանքով։ Սա նրանց հիմնարար իրավունքն է, որը նրանք ներկայացրել և իրացրել են բոլոր հնարավոր եղանակներով և դա անտեսող ցանկացած որոշում կամ թույլտվության տրամադրում չի կարող օրինաչափ լինել և կբերի նոր առճակատումների և դիմադրության համայնքի և ՀՀ քաղաքացիների կողմից։

«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական քաղաքացիական նախաձեռնություն

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում