Անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք ստանալու համար

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել՝ անտառապահին կաշառք տալու, կաշառք ստանալու և ապօրինի ծառահատման դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կազմված արձանագրության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կատարված հաշվարկի հիման վրա ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ապօրինի ծառահատման ժամանակահատվածը, պատճառված վնասի նախնական չափը, ծառահատում կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Դիլիջան քաղաքի բնակիչ:

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամաս-մասնաճյուղի թիվ 10-րդ պահաբաժնի անտառապահը, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, ունենալով հիշյալ պահաբաժնի բուսական և կենդանական աշխարհի պահպանությունն ապահովելու, իրեն ամրակցված պահաբաժնի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմը խախտող ցանկացած գործողություն կանխելու պարտականություններ, Դիլիջան քաղաքի բնակչի կողմից ապօրինի կերպով ծառեր հատելու և այդ ծառերից ստացված յուրաքանչյուր մեկ խմ վառելափայտի դիմաց 5000 ՀՀ դրամ գումար վերցնելու հարցի շուրջ վերջինիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերել:

Արդյունքում, չկատարելով իր վրա դրված պարտավորությունները և ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելով, թույլատրել է 2020թ. նոյեմբերի վերջերին հիշյալ պահաբաժնից ապօրինի հատել 8 հատ բոխի, 3 հատ լորենի, 2 հատ հաճարենի, 1 հատ հացենի և 1 հատ թեղի տեսակի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով, նախնական տվյալներով, 1.925.000 ՀՀ դրամի վնաս:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, առերես հարցաքննություն:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան` անտառապահի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է, իսկ Դիլիջան քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում