Ջուր Արփա գետից՝ Ամուլսարի շահագործման համար․ «Լիդիան»–ը դիմել է նախարարությանը
Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Լիդիան» ՓԲԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Արփա գետից 41.3 լ/վ ջրաքանակով արդյունաբերական նպատակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
«Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից–18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2021 թվականի մարտի 10-ին ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ»,– ասված է նախարարության հայտարարությամբ: