Սևանում ապամոնտաժվում են ապօրինի շենք-շինությունները

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Սևան» ազգային պարկում վերսկսվել են ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ Իրականացվում են Սևանի հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ հատվածների ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ։

Ապամոնտաժվել է պարսպապատ քարե կիսակառույց շինություն, որի սեփականատիրոջ հետ առկա էր լուծված պայմանագիր։ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ վերջին հանդիպման ժամանակ նախարար Պետրոսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Սևանա լճի ափամերձ տարածքներն ապօրինի շենք-շինություններից ու կառույցներից ազատելու Շրջակա միջավայրի նախարարության վճռականությունը։

«Ազգային հարստության այսպիսի վատնումն անթույլատրելի է։ Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:

Խնդրի լուծման համար անհրաժեշտ քաղաքական կամքը կա․ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը ենթադրում է Սևանի ավազանի և հարակից բնակավայրերի զարգացման նոր մոտեցումներ ու հայեցակարգեր, և մենք պետք է մեր ողջ ներուժով լծվենք այդ տեսլականի կյանքի կոչմանը»,- նշել է նախարարը։

Ապամոնտաժման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում