Որսացել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բերքաշատ գյուղի մի բնակիչ հունվար ամսին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հարակից դաշտերում որսացել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ:
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 10-ին 24-ամյա երիտասարդը ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն։
Հիշեցնենք, որ սպիտակագլուխ անգղը սակավաթիվ, վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Հայաստանում հանդիպում է համարյա ամբողջ տարածքով, բացի հանրապետության հյուսիս–արևմուտքից: Բնադրում է առավելապես, բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծ.մ. 800–2000 մ բարձրություններում: