Աղվեսի որս՝ Վահագնի թաղամասում․ ահազանգում են կենդանասերները (ֆոտո)
Երևանի Վահագնի թաղամասի ետնամասում անհայտ անձանց կողմից տեղադրվում են ինքնաշեն թակարդներ, որտեղ պարբերաբար հայտնվում են կենդանիներ, մասնավորապես՝ աղվեսներ։ Կենդանասեր Հրանտ Դավոյանը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում հայտնել է, որ արդեն մի քանի անգամ ինքն ու ընկերներն ազատել են թակարդում հայտնված աղվեսների, սակայն խնդիրը մնում է չլուծված։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հորդորով վերջինս դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և տեսուչների հետ նշված տարածք այցելության ընթացքում առգրավվել է ինքնաշեն թակարդ։
ԲԸՏՄ հաղորդագրությամբ ասվում է․ «Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կատարվել է տեղանքի ուսումնասիրություն, որի ընթացքում Երևան քաղաքի, Նազարբեկյան 41 հասցեի դիմացի քարքարոտ դաշտավայրում հայտնաբերվել և վնասազերծվել է թվով մեկ ինքնաշեն գործող թակարդ։
Գործի նյութերն ուղարկվել են Ոստիկանության Մաշտոցի բաժին՝ որսի կանոնները (որսն արգելված վայրում, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով) խախտած անձի ինքնությունը պարզելու և համապատասխան ընթացք տալու համար»։
Հրանտ Դավոյանը հայտնեց նաև, որ տարածքում երբեմն շրջում են կասկածելի վարքով դեռահասներ և հնարավոր է նրանք լինեն թակարդների հեղինակը։
Ընդգծենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»։
Հավելենք նաև, որ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների խախտմամբ որսի իրականացումը հանդիսանում է ապօրինի որս։