Նիկոլ Փաշինյանը խոսել է Ամուլսարի խնդրի մասին
«Կարևոր է արձանագրել, որ այստեղ էլ պետք է կայացնենք որոշումներ և ներդրումային որոշակի ծրագրերն առավել կառավարելի ու ընդունելի դարձնելու Հայաստանի և Հայաստանի հանրության համար: Մենք այստեղ էլ պետք է փորձենք կայացնել որոշումներ, այնպիսի որոշումներ, և հույս ունեմ՝ կհաջողվի այդ որոշումները կայացնել, այդ թվում՝ Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակում: Ամեն դեպքում, պետք է այս թեման պետք է քննարկվի և հաշվի առնելով, ինչպես նախկինում ասել ենք, Հայաստանի հավասարակշռված շահերը, պետք է փորձենք գտնել լուծումներ»,– ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տնտեսական արձագանքման ծրագրին և գործողությունների նախնական պլանին:
Վերջինս նշել է նաև, որ ինչքան էլ ուզենք, թե չուզենք, հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում։
Ընդգծենք, որ տարիներ շարունակ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման խնդիրն այդպես էլ մնում է չլուծված։ Այս տարիների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնը ստանձնելու ընթացքում, ՀՀ կառավարության ղեկավարին թե տեղի, թե օտարերկրյա մասնագետների կողմից ներկայացվել են բազմաթիվ հիմնավորումներ հանքավայրի շահագործման դեպքում ՀՀ–ին սպառնացող վտանգների մասին։