«Անխնա մի՛ տարածեք պերկեսին որտեղ որ պատահի»․ հորդոր ձկնորսներին

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանն ահազանգում է․ «Վերջին օրերին ֆեյսբուքյան էջերը ողողվել էին գետային պերկեսի - Perca fluviatilis - Речной окунь (обыкновенный окунь) սառույցի տակից մանրաձկների որսի պատկերներով ու տեսարաններով: Բացի այդ, շատ սիրող ձկնորսներ պերկեսին արդեն տարածել ու շարունակում են Հայաստանի այլ ջրամբարներում ու այդ գործընթացը մեծ ոգևորությամբ շարունակվում է:

Հարկ է նշել, որ գետային պերկեսը Հայաստանի համար բնիկ ձկնատեսակ չէ ու այստեղ է հայտնվել ամենայն հավանականությամբ սիրող ձկնորսների ջանքերով, որոնք այլ երկրներից ներմուծել են այս տեսակին: Պերկեսը գիշատիչ ձկնատեսակ է, որի կերակրացանկում գերակշռում են մանր ձկնատեսակները և խոշոր ձկների մանրաձկները: Բացի այդ ունի մեծ պտղավետություն և վաղ սեռահասունություն: Այս առումով պերկեսը իրենով սնվող գիշատիչների՝ լոքոյի, սուդակի բացակայության կամ սակավաթիվ լինելու պայմաններում, կարող է շատ արագ բազմանալ ու պոտենցիալ վտանգ ներկայացնել Հայաստանի տեղաբնակ շատ ձկնատեսակների համար: Նման դեպքեր նկատվել են բազմաթիվ այլ երկրներում ու մայրցամաքներում՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավային Աֆրիկայում, Չինաստանում և այլուր, որտեղ պերկեսի գիշատչության պատճառով շատ տեղաբնակ ձկնատեսակներ ոչնչացել են կամ հայտնվել են ոչնչացման վտանգի տակ»:

Վերջին հորդորում է նաև․ «Լավ հասկանալով այն հաճույքը, ինչը զգում է սիրող ձկնորսը ձուկ որսալու ընթացքում, միաժամանակ խնդրում եմ անխնա մի տարածեք պերկեսին որտեղ որ պատահի: Եթե շատ եք ցանկանում այդ ձկնատեսակի որս կատարել, ապա գոնե տարածեք միայն մի քանի փակ, գետերի հետ կապ չունեցող փոքր լճակներում ու ջրամբարներում, որտեղ տեղաբնակ ձկներ չեն հանդիպում: Ու եթե իսկապես ցանկանում եք հարստացնել մեր հայրենի բնությունը ու միաժամանակ զբաղվել ձեզ համար հաճելի գործով, տարբեր ջրամբարներում փորձեք տարածել Հայաստանի համար բնորոշ տեսակներին՝ հաշամին, կարմրախայտին, ծածանին: Հատուկ պետք է ասեմ, որ լեռնային լճակներում փորձեք տարածել Սևանի իշխանին: Այս ձկնատեսակը փաստորեն անհետացել է բնության մեջ ու նրա գլխաքանակը պահպանվել է միայն անազատ պայմաններում, որտեղից էլ պարբերաբար բացթողումներ են կատարվում Սևանա լիճ: Ու այս ձկնատեսակը, որը Սևանա լճի էնդեմիկ տեսակ է, իր գոյությամբ պարտական կլինի ձեզ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում