Ահազանգ․ կենդանիներին կապել և տանջալից «վարժանքի» է ենթարկել (տեսանյութ)
Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:
Հայաստանում շարունակվում է կենդանիների նկատմամբ անմարդկային դաժան վերաբերմունք դրսևորվել։ Այս անգամ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք են ահազանգել քաղաքացիներ՝ հայտնելով վայրի կենդանու նկատմամբ դրսևորված դաժան վերաբերմունքի մասին։
Սպարտակ Ենգիբարյան անունով օգտատերը, որը հավանաբար Իջևան քաղաքի բնակիչ է, բաց համացանցային հարթակ է բեռնել տեսանյութ, որտեղ ընտանի կենդանին՝ շունը, կծում, վնասվածքներ և տանջանքներ է պատճառում վայրի կենդանուն՝ շնագայլին։ Վերջինս նկարահանում է այս առանձնակի դաժանություն ցուցադրող կադրերը և բեռնում համացանց 2020թ․–ի դեկտեմբերի 29-ին։ Ընդգծենք, որ կենդանին նախապես բռնվել է, թոկով կապվել և թողնվել որսորդական ցեղատեսակի շան առջև։ Հավանաբար կենդանիներին նաև սադրել են միմյանց դեմ։
Մեկ այլ տեսանյութում, որը համացանց է բեռնվել 2020թ․–ի հունիս ամսին, նույն Սպարտակ Ենգիբարյան անունով օգտատերը համացանց է բեռնել տեսանյութ, որտեղ որսորդական ցեղատեսակի շունը ծանր վնասվածքներ է պատճառում կրկին վայրի կենդանատեսակի՝ կզաքիսի առանձնյակի։ Կենդանին ոտքից կապված է թոկով և հնարավորություն չունի փախչելու ու թաքնվելու, իսկ շունը բզկտում է կենդանուն։
Բաց համացանցային տվյալների ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ օգտատերը նաև շնամարտերի մասնակից կամ կազմակերպիչ է։
Այս եղանակով որսորդությամբ զբաղվող քաղաքացիները «վարժեցնում են» իրենց շներին, սակայն «վարժեցման» այս եղանակն անընդունելի է, քանի որ տանջանք է պատճառում մեկ այլ կենդանու։ Բացի այդ՝ շունը կարող է հեշտությամբ որևէ հիվանդությամբ վարակվել վայրի կենդանուց, հատկապես՝ շնագայլից կատաղություն սուր վարակիչ հիվանդությամբ։ Այսինքն, «վարժեցման» այս եղանակը ոչ միայն հանգեցնում է վայրի կենդանու տանջալից մահվան, այլև՝ վտանգի տակ է դնում շան առողջությունը։ «Վարժեցման» այս եղանակը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, պարունակում է վտանգավոր տարրեր գործընթացի բոլոր մասնակիցների համար, ինչպես նաև՝ հակամարդկային, դաժանության դրսևորումներ պարունակող երևույթ է։
Ընդգծենք, որ բացի վերոնշյալ հանգամանքները, քաղաքացու գործողությունները պարունակում են նաև ապօրինի որսի տարրեր, քանի որ կզաքիսը չի հանդիսանում որսատեսակ և վերջինիս նկատմամբ որսը թույլատրված չէ Շրջակա միջավայրի նախարարի հրամանով։ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ որսի կենդանիների, որսորդական տնտեսության և որսի մասին օրենսդրության խախտումն առաջ է բերում պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Այս դեպքում, խոսքը գնում է ոչ միայն վայրի կենդանիներին տանջանքի ենթարկելու, այլև շանը վնասելու, կենդանու մեջ ագրեսիա սերմանելու մասին, ինչը հետագայում կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվության: Հոդված 258.2–ը սահմանում է․ «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
Հավելենք նաև, որ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքը նույնպես անդրադառնում է նաև կենդանիների տանջալից վարժեցմանը։ Հոդված 35-ի 2-րդ մասով սահմանվում է․ «2. Արգելվում է` ․․․ 4) կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը.
5) կենդանիների այնպիսի վարժեցում, որը կարող է տանջանք կամ չարչարանք առաջացնել․․․»։
Ընդգծենք, որ սույն դեպքում դրսևորվել է առանձնակի դաժանություն, ինչը ենթադրում է, որ քաղաքացին կարող է ունենալ տարբեր հոգեբանական խնդիրներ և վտանգավոր լինել նաև մարդկային հասարակության համար։ Պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ հոգեբանական խնդիրներ կարող է ունենալ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորող մարդը, հոգեբան Իրինա Ծատուրյանն ասաց, որ այն մարդիկ, ովքեր առհասարակ տանջում են կենդանիներին, նորմալ չեն: «Դա խոսում է նրա հոգեվիճակի ծայրաստիճան բացասական լինելու մասին: Այդ դաժանությունը կենդանու նկատմամբ խոսում է նաև այն մասին, որ կոնկրետ այդ մարդու նկատմամբ մանուկ հասակում դաժանություն է կիրառվել: Կենդանիներին այդպիսի մարդիկ են տանջում: Այդ մարդը հոգեպես առողջ չի կարող համարվել և կարող է հասարակության համար շատ վտանգավոր լինել: Կենդանու նկատմամբ վերաբերմունքից պարզ երևում է՝ մարդն իրենից ինչ է ներկայացնում: Մեկը մյուսի հետ կապված է: Եթե նա իրենից փոքրին, անպաշտպանին այդպիսի վնաս է պատճառում, ուրեմն այդ մարդը նորմալ չէ: Դա ակնհայտ է»,- մանրամասնել է նա։
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև՝ Գյումրի քաղաքապետարանի ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: