Ահազանգ․ Եղեգիսի կիրճում արջերի ակտիվ որս է ընթանում (ֆոտո)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:

2020թ․-ի աշնանն Արցախում տեղի ունեցած լայնածավալ պատերազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից հետո կտրուկ աճել են ՀՀ-ում տեղի ունեցող իրավախախտումները, հատկապես՝ բնապահպանության ոլորտում։ Տեղի ունեցած ապօրինի անտառհատումներից զատ արձանագրվել են նաև որսագողության դեպքեր։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն օրերս ստացել է ահազանգ Եղեգիսի կիրճում տեղի ունեցած արջի ապօրինի որսի մասին։ «Արեվի» հյուրատան տնօրեն Գևորգ Գասպարյանը մեզ հետ զրույցում նշել է, որ դեկտեմբեր ամսին արդեն մի քանի անգամ սպանված կենդանիների մնացորդներ են հայտնաբերել։ 

«Հատկապես պատերազմի ընթացքում զգացել ենք, որ որսը Եղեգիսի կիրճում շատացել է։ Պարբերաբար մեր շները բերում են այծի գլուխներ, արջերի գլուխներ, արդեն 2-րդն են բերել։ Վերջին դեպքը (լուսանկար), որի ժամանակ մենք այնտեղ ենք եղել, ես անձամբ տեսել եմ, որ սարի վրայից 3 արջեր են իջնում դեպի ներքև՝ գետը, հետո անհետացան։ Անցավ որոշակի ժամանակ ու արջի շատ ուժեղ գոռոց լսեցինք, այնպես, որ ամբողջ ձորում լսվում էր այդ գոռոցը։ Հասկացանք, որ թակարդն է ընկել կամ այդպիսի մի բան, բայց կրակոցի ձայն չենք լսել։ Բոլոր աշխատողներով վազեցինք ձորը, փնտրեցինք, զանգահարեցի նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC), իրենց աշխատակիցներն էլ եկան, բայց ոչ մի բան չգտանք։ Անցավ մեկ օր և շունն արջի գլուխը բերեց»,- մանրամասնեց Գևորգ Գասպարյանը։ 

Դեպքը տեղի ունենալու տեղանքը։

Վերջինս նշեց նաև, որ նախորդ դեպքի մանրամասներին տեղյակ չէ, բայց ևս մեկ արջի գանգ շունը բերել էր դրանից առաջ։

«Նշված դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի1-2-ը։ Երեք մեծ արջեր էին, այդ ձայնը մեծ հասուն արջի ձայն էր։ Իրենք միշտ իջնում են դեպի Եղեգիս գետը։ Մենք հյուրանոցից հետևում ենք արջերին։ Պարբերաբար լսել ենք կրակոցների ձայներ ու էլի տարբեր տեղերում տեսել ենք այծի գլուխներ և այլն»,- ասաց նա։

Մեր ճշգրտմանը, թե դիմել է արդյո՞ք որևէ իրավապահ մարմնի, Գևորգ Գասպարյանը մանրամասնեց, որ մշտական կապի մեջ է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության հետ։

«Այդ ժամանակ էլ զանգահարեցի, եկան, փնտրեցին, բայց ոչ մի բան չգտան։ Դե միանշանակ Երևանից չեն գալիս թակարդ դնում այնտեղ, գնում, պարզ է, որ այդ տեղանքին շատ լավ ծանոթ մարդիկ են, գիտեն որտեղ դնեն, գիտեն արահետները ու այդ ամբողջը շատ լավ կազմակերպված իրականացվում է։ Ենթադրում եմ՝ վաճառում են։

Գիտեք, արջերը միշտ մտնում են այգիներ, դա չի կարելի հերքել, այսպես, թե այնպես այդ կենդանիները մտնում են, այո՛, ճյուղ էլ են կոտրում, ամեն ինչ էլ անում են, բայց դա թույլ չի տալիս, որ կարմիրգրքյան կենդանիներին որսան ու վաճառեն»,- ասաց նա։ 

Վայոց ձորի մարզում մարդ-արջ կոնֆլիկտն ուժգնանում է։ Շատացել են դեպքերը, երբ կենդանիները մոտենում են բնակավայրերին՝ հավանաբար սննդի փնտրտուքով, երբեմն նաև վնաս են պատճառում։ ՀՀ-ում գործող մի շարք բնապահպանկան կազմակերպություններ անհանգստացած են նշված խնդրով և ըստ հնարավորության վնաս կրած գյուղացիներին տրամադրում են նաև վնասի փոխհատուցում, սակայն Վայոց ձորի մարզը միշտ էլ աչքի է ընկել հարուստ կենդանական աշխարհով, ինչն էլ գրավել է նաև որսագողերին։ Եթե արջերը վնաս են պատճառում, ապա ինչպե՞ս «արդարացնել» բեզոարյան այծերի սպանությունը։ Յուրաքանչյուր պարագայում, թե՛ գորշ արջերը, թե՛ բեզոարյան այծերը հանդիսանում են կարմիրգրքյան կենդանատեսակներ և նրանց որսն արգելված է։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցել է նաև Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հետ, որը նշեց, որ ծանոթ է դեպքին և մեղավորին անպայման պարզելու են։ Պարոն Ստեփանյանը միաժամանակ դժգոհություն հայտնեց արջերից՝ նշելով․ «Արջերը շատ–շատ են, կերել են էդ արջերը մեզ, մենակ 7 մլն 200 հազար դրամի վնաս Եղեգիս համայնքի բնակիչներին է պատճառվել․ անասունները ջարդել, մենք էլ մեռանք բնապահպաններին ասելով՝ զբաղվե՛ք, զբաղվե՛ք, դավադիտ են անում, մարդիկ էլ կխփեն, բա ի՞նչ կանեն, ով բռնվավ՝ բռնվավ, ով չէ՝ չէ»։

Վերջինս հայտնեց, որ թեև իրենց փոխհատուցում տալիս են, բայց գումարը քիչ է։ Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք այժմ էլ արջերն անհանգստություն պատճառում, վերջինս պատասխանեց․ «Դե հիմա արդեն չէ, բայց հեսա գարունը բացվեց՝ սետկա, ծառ, ոչխար, գառ, կով, ձի, ինչ ընկավ ձեռքը մշրում ա։ Պտղատու այգիների հերը վապշե անիծել ա»։

Իսկ բեզոարյան այծերի մասին Արթուր Ստեփանյանը տեղյակ չէ․ «ես տեղյակ չեմ, ինձ բան չեն ասել»,- եզրափակեց նա։ 

Փաստացի, համայնքի ղեկավարը չհերքեց, որ տարածքում տեղի է ունենում կարմիրգրքյան կենդանատեսակի ապօրինի որս, ավելին՝ դրա հավանականությունը շատ մեծ է, քանի որ արջերն իրենց «դավադիտ» են արել։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցեց նաև Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի հետ, որը Վայոց ձորի մարզում արջերի կողմից վնասների փոխհատուցում տրամադրող կառույցներից մեկն է։ Պարոն Մանվելյանի խոսքով՝ Եղեգիս համայնքի ղեկավարը վնասի ուռչացված թվեր է ներկայացնում և խնդիրը համատարած է։ «Հենց Եղեգիսի համայնքապետի հետ է եղել խոսակցությունը։ Այնտեղ արջերի պատճառած 7 մլն դրամի վնաս էր ցույց տվել․ գրել են 20 մետր երկաթյա ցանց որպես վնաս․․․ ի՞նչ, արջը եկավ ցանցը հավաքեց տարա՞վ, կամ մնացածը․․․ ամեն ինչին չի կարելի հավատալ, ուռճացնում են հատուկ։ Ես Վայոց ձորի մարզպետի մոտ էլ ասացի՝ ցանկացած մասնագետի կանչեք, չի հավատա, որ արջը կգնա 20 հատ ոչխար կուտի։ Ես ինքս էլ մասնագետ եմ։ Այդ 7 մլն-ից իրականը 2.5-3 մլն է․․․ էլ չեմ ասում, որ եթե ծառի ճյուղն է արջը ջարդել, ինչո՞ւ եք ամբողջ ծառի գին հաշվում, ամբողջ ծառը քոքահա՞ն է արել արջ։ Գրել են՝ 30 կգ խաղող, 20 կգ խնձոր․․․ դե դա էլ թող տանի արջը, բա ապրում ենք իր ապրելավայրում, այդքա՞նն էլ չտանի։ Ուռճացնում են հատուկ։ Ասում են արջը 20 հատ ոչխարի, 15 հատ ուլի վնաս է պատճառել, բայց արջն այդպիսի բան չի անի, դա հնարավոր է գայլը անի, ինչո՞ւ են գցում արջի վրա։ Ես մարզպետի մոտ էլ նշեցի, որ հնարավոր բան չէ։ Այո՛, եթե փեթակ է, հասկացանք»,- մանրամասնեց նա։ 

Կարեն Մանվելյանն ընդգծեց, որ ինչպես խոստացել են, հատուցում են WWF ծրագրերի շրջանակներում, որքան հնարավոր է՝ օգնում են։ Խոսելով խնդրի լուծման տարբերակաների մասին, վերջինս ընդգծեց, որ պետք է գնալ մեղմացմանը։ «Դե էլեկտրական հովիվներ որքան կարող ենք մենք էլ ենք տեղադրում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն էլ է տեղադրում, ամբողջ Հայաստանը չենք կարող փակել։ Հետագայում, միգուցե, ինչ-որ ապահովագրական համակարգ ներդրվի ու ապահովագրվի փեթակները և այլն, մնացած մասով էլ ծրագրերով օգնենք։ Դա է օգնությունը, աշխարհով մեկ դա է հայտնի՝ վնասի հատուցում մասամբ, քանի որ այդ ամենը միայն արջի մեղքով չի լինում, նույն գյուղացու մեղքով էլ է․ եթե լավ չեն պահում, հսկում իրենց հոտը կամ այգիները, մի մասը կազմակերպություններն են փոխհատուցում, մյուսն էլ գյուղացին, իսկ երկրորդ ուղղությունն էլ մեղմացումն է՝ տարբեր միջոցառումներ ձեռնարկել, որ մարդ-բնություն կոնֆլիկտը մեղմվի»,– ասաց նա։ 

Խոսելով որսագողության դեպքերի աճի մասին վերջինս հնարավոր համարեց դեպքերի նման ընթացքը․ «Կարող է լինել, չեմ բացառում, քանի որ այդ տարածքներում հիմա կամավորներ են, նրանց ձեռքերում էլ, որ զենք լինի, կարող է և կրակեն։ Նույն խնդիրը կա նաև Սյունիքում՝ «Արևիկ», «Շիկահող» ազգային պարկերում»։

Ուշագրավ է, որ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ գործող «Բեզոար» հիմնադրամը, որի անմիջական պահպանության ներքո է գտնվում Եղեգիսի կիրճի հատվածը, անտեղյակ է վերոնշյալ դեպքերից։ Մուրադ Հարությունյանը, որը և՛ «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի, և՛ Եղեգնաձորի որսորդական միության, և «Բեզոար» հիմնադրամի տնօրենն է, պնդում է․ «Եղեգիսի կիրճերում, մեր անտառներում տենց բան չկա, եթե համայնքի տարածքներում լինի, չգիտեմ․․․ մեր հսկողության տակ է այդ գետը, մեր անտառի միջով է գնում։ Ես տեղյակ չեմ, ես միշտ այնտեղ եմ, ունեմ անտառապահ, անտառապետ, բայց չգիտենք։ Ես գիշերներն էլ եմ ման գալիս, բայց դեպք չենք հայտնաբերել»։ 

Վերջինս պնդում է, որ որսի արգասիքի «առուծախ» մշտապես առկա է․ «Խփում, ծախում են, դա կա, մենք միշտ ասել ենք, եթե այդ առուծախը ռեստորաններից վերանա, հնարավոր է դեմն առնել։ Մարդիկ գալիս, մնում են, խփում, տանում ծախում են։ Ես տեսչության պետին ասել եմ, պարոն միլիցիոներներին ասել եմ, բայց ի՞նչ կապ ունի։ Շեշմով էլ էծ են խփում։ Մենակ այծը չի՝ խոզն էլ ա, այծն էլ ա, արջն էլ ա, ամեն ինչի միս տալիս են ռեստորաններում։ Քեզ ո՞վ ա ասելու, որ կա, իրանք իրանց կլիենտներն ունեն, նրանք լավ էլ ճանաչում են, թե ով պետք ա գա»։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում