«Գերի ընկած» արջի քոթոթը՝ Գողթանիկ գյուղում (ֆոտո)
Օրերս Վայոց ձորի Գողթանիկ գյուղի տարածքում արտակարգ դեպք է գրանցվել։ Գյուղի բնակիչներն ահազանգել են այգիներից մեկի մոտակայքում «գերի ընկած» արջի քոթոթի մասին։ Ըստ ահազանգի՝ կենդանին խճճվել է այգիներից մեկի ցանցավանդակի մեջ և չի կարողանում դուրս գալ, նրան անհրաժեշտ է օգնություն։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աշխատակիցները, EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի լրագրողի հետ միասին մեկնել են Գողթանիկ՝ աջակցություն ցուցաբերելու քոթոթին։
FPWC Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի մասնագետները տեղում զննել են տարածքը, քնեցրել կենդանուն հատուկ հեռահար թմրեցնող սարքի միջոցով և ազատել նրան կապանքներից։ Արջը՝ փորձելով ազատվել ցանցավանդակներից վնասել է կաթնատամերից մեկը։ Այնուհետև, կենդանուն ապահով և անվտանգ եղանակով վայրի բնություն վերադարձնելու նպատակով, քոթոթին ազատություն են տվել գյուղից քիչ հեռու գտնվող տարածքում։
Տեղում փրկության գործընթացին մասնակցել են նաև ԲԸՏՄ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման և ՀՀ ոստիկանության աշխատակիցները։
Տեղում աշխատող մասնագետները նշեցին՝ քանի որ կենդանին դեռ փոքր է, ապա շրջում է մոր հետ։ Այս պարագայում, որպեսզի կենդանին հեշտությամբ գտնի մորը, նրան բաց են թողել գյուղի հարակից տարածքում, այլ ոչ՝ հեռու։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում հանդիպում է գորշ արջ տեսակը (Ursus arctos)։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Ներկայումս տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv): ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400–500 մինչև 3000 մ բարձրություններում: Բազմանում են մայիսին: Հղիությունը տևում է մոտ 7 ամիս: Ձագերը (առավել հաճախ` 2, հազվադեպ` 1 կամ 3-4) ծնվում են բնում դեկտեմբերի վերջից մինչև մարտ: