Արցախից փրկված կենդանիները նոր տերեր են գտնում ԱՄՆ–ում (ֆոտո)
2020թ․–ի աշնանն Արցախում տեղի ունեցած լայնածավալ պատերազմի ընթացքում անուղղակիորեն թիրախ են դարձել և տուժել են թե՛ անտառները, թե՛ կենդանական աշխարհի ներկայացուցիչները։ Դեռևս անհայտ է, թե օրեր շարունակ ադրբեջանական կողմի կողմից ֆոսֆորային զենքի կիրառմամբ հրդեհվող անտառների հետևանքներն ինչպիսին են լինելու։ Բնականաբար, մեծ վնասներ է կրել ոչ միայն անտառային ծածկույթը, այլև՝ կենդանական աշխարհը։
Մյուս կողմից՝ բնակելի տարածքների անդադար հրթիռակոծումը․ տուժել և զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, որոշները շուտափույթ լքել են սեփական տները՝ այնտեղ թողնելով ոչ միայն նյութական ունեցվածք, այլև շնչավոր էակների՝ տնային կենդանիների։ Հայաստանում գործող «Դինգո թիմ» ՀԿ, «Hrant's Ark Foundation» և մի խումբ կամավորների ջանքերով Արցախի Քարվաճառի շրջանում և Դադիվանքի հարակից տարածքներում լքված կենդանիները հնարավորինս տեղափոխվել են Երևան, որպեսզի չմնան առանց սննդի և խնամքի, ինչպես նաև զերծ մնան ադրբեջանական ագրեսիայի հնարավոր դրսևորումներից։
Ինչպես EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում հայտնել է «Hrant's Ark Foundation» հիմնադիր Հրանտ Դավոյանը՝ կենդանիներին տեղափոխելու որոշում է կայացվել, երբ պարզ է դարձել, որ կենդանիները մնալու են առանց անհրաժեշտ սննդի, խնամքի և միգուցե նրանց կյանքին վտանգ սպառնա։ Բացի այդ՝ համացանցում է հայտնվել մի քանի տեսանյութ, որտեղ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում դաժան վերաբերմունք է ցուցաբերվել կենդանիների նկատմամբ՝ հիշատակելով նաև Հայաստանի և ՀՀ վարչապետի մասին։
Հատված կենդանիների նկատմամբ դրսևորված ադրբեջանական ագրեսիայի տեսանյութից։
Արդեն իսկ որդեգրված կենդանիները։
«Շատ մարդիկ անհանգստացած էին Արցախում լքված կենդանիների ճակատագրով և դիմում էին մեզ՝ նրանց օգնելու խնդրանքով։ Այդ իսկ պատճառով ես և «Դինգո թիմ» ՀԿ–ի համակարգող Գոհար Մանուշակյանը նախաձեռնեցինք միջոցառում, որի շրջանակներում բերեցինք հնարավորինս շատ կենդանի։ Ընդգծեմ, որ Երևանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ–ը պատրաստակամություն է հայտնել աջակցել մեր նախաձեռնությանը և ստերջացնել Արցախից բերված կենդանիներին, պահել նրանց մինչ որդեգումը։ Ասեմ նաև, որ կենդանիներն այժմ հուսալի ձեքերում են և նրանցից շատերը որդեգրվել են, իսկ որոշները կմեկնեն ԱՄՆ»,– մեզ հետ զրույցում մանրամասնեց կենդանասեր Հրանտ Դավոյանը։
Իսկ «Դինգո թիմ» ՀԿ–ն հայտնել է, որ եղել են անգամ դեպքեր, երբ կենդանին գտել է իր տիրոջը։ «Փաստորեն տերը ոչ թե լքել էր նրան, այլ գտնվել էր պոստերում։
Պոստերից իջնելիս շանը չի գտնում, հետո մեր տեսանյութի մեջ տեսնում է նրան ու անմիջապես կապվում մեզ հետ։ Նրան տերն արդեն վաղը կվերցնի»,– հայտնել է «Դինգո թիմ»–ը։
Տիրոջը գտած շունը։
Մեր դիտարկմանը, թե միգուցե կան մարդիկ, որոնք ավելի շատ ունեն այդ աջակցության կարիքը, Հրանտ Դավոյանն ընդգծեց՝ ՀՀ–ն ունի մի ամբողջ նախարարություն, բազմաթիվ ՀԿ–ներ և անհատներ, որոնք զբաղվում են մարդկանց աջակցելով, իսկ կենդանիների լեզուն մարդիկ չեն հասկանում և նրանք ունակություն չունեն խնդրելու օգնություն․ «Դա մեր առաքելությունն է օգնել կենդանիներին։ Թո՛ղ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով»,– ասաց նա։
Նշենք նաև, որ Արցախից փրկված կենդանիներն այժմ գտնվում են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ և «Դինգո թիմ» ՀԿ կացարաններում, իսկ ցանկության դեպքում հնարավոր է դառնալ նաև նրանց նոր տերը՝ տալով ջերմություն և հոգատարություն։