Շրջակա միջավայրի նախարարը դիմել է միջազգային հանրությանը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելու շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիային, որը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ:

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի զինված ուժերը գործել են հերթական ռազմական հանցագործությունն Արցախի բնակչության նկատմամբ՝ կիրառելով հրկիզվող զինատեսակ՝ պարունակող ամենայն հավանականությամբ սպիտակ ֆոսֆոր։ 

Լայնամասշտաբ օդային կրակահերթը՝ հրկիզվող ռազմական ուժի կիրառմամբ, տեղի է ունեցել բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքների վրա: Այն կարող է նաև անդառնալի վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ լայնածավալ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և կենսաբանական բազմազանության կայուն աղտոտում: Կարևոր է նշել, որ այս տարածքները բնակավայր են հազվագյուտ և անհետացող տեսակների համար, որոնք ներառված են Արցախի բույսերի և կենդանիների Կարմիր ցուցակում, ինչպես նաև Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ, IUCN) Կարմիր ցուցակում ընդգրկված տեսակների համար, ինչպիսիք են պարսկական (կովկասյան) ընձառյուծները, սև և սպիտակագլուխ անգղերը, գորշ արջերը և ուրիշներ:

Այդ կանխատեսված հարձակումները ուղղված են ոչ միայն Արցախի անտառային տարածքներում ապաստան փնտրող քաղաքացիական բնակչությանը և զինված ուժերին վնաս հասցնելուն, այլև թիրախավորել են այդ տարածքի էկոհամակարգը՝ զանգվածային անտառային հրդեհներ հրահրելու և կործանարար ավերումներ, շրջակա միջավայրի աղտոտում առաջացնելու նպատակով:

Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել ռազմական հանցագործության մեղավորներին, ենթարկել նրանց պատասխանատվության և կանխել հնարավոր հետագա նմանօրինակ լայնամասշտաբ հարձակումները: Այդ պարտավորությունն այսօր առավել արդիական է, քանի դեռ օրեցօր ադրբեջանական ռեժիմն ընդարձակում է հարձակումների ծավալները և ի լրումն Արցախի դեմ կիրառվող զինտեխնիկայի՝ ավելացնում նոր, ավելի վտանգավոր զինատեսակներ՝ դրանով իսկ մեծացնելով հումանիտար և բնապահպանական աղետի անդառնալիությունը, վտանգավորության աստիճանը և ծավալները:

ՇՄ նախարարությունը կոչ է անում վճռական գործողությունների՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և Բաքվին ստիպելու՝ դադարեցնել ագրեսիան և ռազմական հանցագործությունները, ինչպես նաև՝ ստանձնել պատասխանատվություն՝ պահպանելու արժեքավոր էկոհամակարգերը՝ կանխելու հնարավոր էկոցիդը (պատերազմների ժամանակ հաճախ հակառակորդը էկոհամակարգն է թիրախ դարձնում և ոչնչացնում կանխամտածված կերպով) Արցախի Հանրապետության տարածքում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում